Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԳԵՐԱԿԱ ԱՐԺԵՔ Է



ՀԱՅՐԵՆԻՔԸ ԳԵՐԱԿԱ ԱՐԺԵՔ ԷՓոխգնդապետ ԶՈՀՐԱՊ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Քո տան պատկերով

Մեր գյուղը Լճաշենն է: Մի կողմից Սևանն է օղակում շենը, մյուս կողմից՝ լեռները: Փակում եմ աչքերս ու տեսնում Սևանի անծայրածիր-կապույտ ազատությունն ու ծաղկած-գույնզգույն լեռների հպարտությունը: Հպարտություն ու ազատություն. այս երկու բառերն այնքան բնորոշ են լճաշենցիներին: Գյուղը հին է: Երկրաբանները երբեք ձեռնունայն չեն հեռանում այստեղից, երբ փորփրում են անցյալը: Պատմության թանգարանի ոսկե գորտն ու սայլը մեր գյուղում են գտել, ավելի ճիշտ՝ պապիս տան բակում: Այստեղ պատմությունը շնչում է կողքիդ, ու քո անցյալը ներկա է մշտապես:

…Մենք մեր լեռների պես պարզ, անկեղծ, անխարդախ, ամուր կանգնած ենք մեր հողին: Բարձրախոս ենք, ոչինչ չենք ասում շշուկով, ոչինչ չենք թաքցնում, չենք քողարկում… Լեռը քողարկել կլինի՞: Բայց նաև Սևանի պես ներքին հանդարտություն ու իմաստնություն ունենք:

…Ամեն լճաշենցու համար իր տունը գյուղի համայնապատկերի անբաժան մասնիկն է: Հիշում եմ՝ ինչպես էինք կառուցում մեր տունը: Վարձու աշխատող չկար: Ու սա խորհուրդ ուներ: Դու քարը դնում էիր քարին, մեկ էլ տեսնում էիր՝ եկան-հավաքվեցին հարևան, բարեկամ, ազգական, համագյուղացի… Եկան, որ քեզ հետ կառուցեն քո տունը: Որ իրենց սրտի ջերմությունն ու սերը ափերով փոխանցեն քարին: Ես փոքր երեխա՝ խաղալիք դույլով ջուր էի կրում ու խառնում շաղախին: Իմ տան քարերի մեջ իմ մանկությունն է ամփոփված: Ոտքի տակ էի ընկնում, խանգարում էի, բայց ոչ ոք չէր արգելում, որ մեծերի հետ կառուցեմ իմ տունը: Աշխարհի ամենաշքեղ դղյակը չի կարող փոխարինել այդ տանը, որովհետև այն իմ փոքրիկ Հայրենիքն է:

 

Մեծերը

Հիշում եմ՝ մայրս չէր խոսում պապիս ներկայությամբ. ամաչում էր: Ու ամենակարևոր դասը, որ մենք պիտի սերտեինք մանկության տարիներին, մեծերի հանդեպ հարգանքն էր: Մեծերի խոսքը չէր քննարկվում, մեծերը միշտ ճիշտ էին:

Հայրս տրակտորիստ էր: Իմ ուշքը գնում էր տրակտորի համար, բայց հայրս չէր թողնում՝ մոտենամ մեքենային, ասում էր՝ կսիրես ու էլ պոկ չես գա, իսկ ես չեմ ուզում, որ տրակտորիստ դառնաս:

Սիրելուց զատ՝ ես հարգում էի հորս: Նա խոսքի տեր մարդ էր. խոսքը բերանից դուրս եկավ՝ ինչ գնով էլ լինի, պիտի կատարեր: Եթե հարցը վերաբերում էր իր բարոյական ըմբռնումներին, չէր զիջում, չէր հարմարվում, խստապահանջ էր ու հետևողական:

Իմ դասերին մայրս էր հետևում: Ես դպրոցն ու հետագա բոլոր կրթօջախները ավարտեցի գերազանցությամբ ու դրա համար մորս եմ պարտական: Նա իմ հոգում ամրագրեց առավելագույնին ձգտելու մղումը:

Երբ ես դպրոցական էի, հայրս հիվանդացավ: Այդ ժամանակ ծնվեց բժիշկ դառնալու որոշումս: Որքան էլ հայրս խանդավառված պատմում էր իր ծառայության, բանակային կյանքի մասին, որքան էլ հետաքրքրությամբ էի լսում նրան, իմ որոշումը չէր փոխվում: Բայց ժամկետային զինծառայության ժամանակ հասկացա, որ բանակն իր վարքուբարքով, իր կարգապահությամբ, հայրենիքը պաշտպանելու իր ամենակարևոր ու ամենապատվաբեր առաքելությամբ շատ հարազատ է իմ հոգուն ու իմ բնավորությանը: Զինծառայությունս ավարտելուց հետո գնացի ուղիղ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

 

Ընտրի՛ր հայրենիքդ

Ես ռազմական համալսարանն ավարտել եմ կարմիր դիպլոմով: Որպես սպա՝ ծառայությունս սկսել եմ դասակի հրամանատարից: Երկար տարիներ ծառայել եմ զորքերում որպես զորամասի հրամանատարի տեղակալ:

Բանակի ամբողջ գործունեությունը, ընդհանրական բնութագրմամբ, մեկ նպատակ ունի՝ դաստիարակել մարտի պատրաստ սպա և զինվոր: Սա ստեղծագործ աշխատանք է: Ճիշտ է՝ կան ընդհանուր մեթոդներ, բայց նույնիսկ այդ ընդհանուրը կիրառելիս դու չես կարող խուսափել անհատական ներդրումից ու որոշումներից: Այդ պատճառով էլ անվերջ սովորում ես ու սովորեցնում:

Հայրենիքի զգացողություն ու հայրենասիրություն կա յուրաքանչյուր մարդու մեջ: Բայց բանակում առաջին անգամ երիտասարդ տղամարդը պարտավորվում է այդ սերը փաստել գործով: Առաջին անգամ ակամա մտածում է հայրենիքի կարևորության մասին, որովհետև շատ մեծ բան է դնում կշեռքի մյուս նժարին՝ իր կյանքը: Մեր խնդիրն է օգնել զինվորին, երբ նա փորձում է գնահատել հայրենիքը, այս անգամ ոչ թե զգայական, այլ գիտակցված սիրով: Ես այդ ժամանակ հիշում եմ իմ տունը, իմ Լճաշեն գյուղը, գյուղի ափերը ողողող անծայրածիր լիճն ու հազարամյա լեռները: Եվ հասկանում եմ, որ պատրաստ եմ մի չէ, հազար կյանք տալ՝ այդ ամենը պաշտպանելու համար: Ու այս նույն զգացողությունները փոխանցում եմ զինվորին:

Շատ կարևոր են զինվոր-սպա փոխհարաբերությունները: Ավագի ու կրտսերի, դաստիարակողի ու հնազանդվողի, երբեմն նաև՝ կարգազանցի ու պատժողի հարաբերությունները:

Ինչ անել, որ այս «հակասության» մեջ սերն ու հարգանքը չկորչեն: Ես այդ ժամանակ հիշում եմ հորս: Նա խիստ էր ու անզիջում, բայց արդար էր իմ հանդեպ ու սիրով լի: Ես գիտեի, որ նա վտանգի պահին մինչև վերջ կկանգնի թիկունքիս, իր վրա կընդունի ինձ համար նախատեսված հարվածը: Ու ես սիրում ու հարգում էի հորս նույնիսկ այն ժամանակ, երբ պատժում էր ինձ: Ահա, փոխհարաբերությունների հենց այս մոդելն է պետք ներդնել բանակում, որ զինվորն ու սպան պատրաստ լինեն միասին գնալու մարտի հանուն հայրենիքի:

Հաջորդը զինակից ընկերոջ գաղափարն է: Զորքը զինակից ընկերների խումբ է: Ծառայած տղաները ասում են, որ բանակային ընկերությունն ամենաամուրն է: Որովհետև բանակային ընկերն այն մարդն է, որի հետ պիտի գնաս մարտի: Այսինքն՝ պիտի պատրաստ լինես կյանքդ վտանգել նրա համար ու պիտի վստահ լինես, որ ինքն էլ քեզ է պաշտպանելու նույն նվիրվածությամբ:

…Բոլորն էլ հաստատ տեսել են, թե ինչպես է ռինգում ընկնելուց հետո ուշքի գալուն պես բռնցքամարտիկը ոտքի կանգնում ու սկսում հարվածել: Մեր զորքը առաջնորդվում է հենց այս սկզբունքով: Մեր զորամասը, բացի 44-օրյա կռվից, տեսել է սեպտեմբերի 13 ու ապրիլի 11: Հակառակորդի վերջին սադրանքի ժամանակ հենց այդպես էլ արեցինք: Լրագրողները հարցնում են՝ մե՞նք շատ զոհեր ունեցանք, թե՞ հակառակորդը: Չգիտեմ, չեմ մտածում էդ մասին: Ես ուզում եմ իմ հրամանատարին ասել՝ առաջադրանքը կատարված է: Ուզում եմ, որ մեր զինվորն էլ նույն կերպ մտածի:

Մենք՝ հայերս, Հայրենիքը ուրիշ չափումներով ենք արժևորում. պատերազմի պատրաստվելիս ամեն ինչ անում ենք, որ զինվորը կարողանա պահպանել իր կյանքն ու կատարել մարտական առաջադրանքը, իսկ պատերազմի դաշտում ասում ենք՝ կյանքի ու հայրենիքի միջև ընտրություն անելիս ընտրի՛ր Հայրենիքդ: Բայց սա իրավունք ունի ասելու այն սպան, ով առաջինը ինքն է կյանքը ստորադասել Հայրենիքին:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #16 (1481) 26.04.2023 - 02.05.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/05/2023