Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ԴՈՒ ՈՒԺԵՂ ԵՍ, ՄԵԶ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻ



ԵՐԲ ԴՈՒ ՈՒԺԵՂ ԵՍ, ՄԵԶ ՀԱՂԹԵԼ ՉԻ ԼԻՆԻԲարե՛ւ, զինվոր տղա՛ս: Արդեն երկար ժամանակ է, որ ես մտովի զրուցում եմ քեզ հետ, որովհետեւ դու միայն սահման չես պահում, քո առաքելությունը միայն առաջնագիծը անառիկ պահելը չէ, դու շատ ավելին ես տալիս քո երկրին ու քո ժողովրդին քո տրամադրությամբ, քո գաղափարներով, քո ամրությամբ, քո հայրենասիրությամբ ու ապագայի հանդեպ քո հավատով: Եթե դու ժպտում ես, ժպտում է ամբողջ երկիրը: Եթե դու լավատես ես, բոլորս ենք լցվում լավատեսությամբ: Երբ դու ուժեղ ես, մեզ հաղթել չի լինի:

Ես գիտեմ, որ հեշտ չէ քեզ համար, տղա՛ս: Ես գիտեմ, որ հայրենի մի թիզ հողի կորուստն անգամ քեզ համար պատվի, արժանապատվության կորուստ է: Բայց դու իմացի՛ր, որ հայրենիքը սոսկ կիլոմետրերով հաշվվող տարածք չէ: Հայրենիքը քո բազմադարյան հերոսական պատմությունն է, քո 5 հազար տարվա փառահեղ մշակույթը, քո ազգի մեծերը, ամբողջ աշխարհում հայտնի ու հարգված հայկականության ձեռագիրը… Այն ամենը, որ ոչ ոք չի կարող խլել քեզնից: Այն ամենը, որ ոչ մի գնով չես կարող ձեռք բերել, որքան էլ նավթ ու զենք ունենաս:

Մի՛ վախեցիր անհաջողություններից: Հեգնանքով լսի՛ր օտարի յուրաքանչյուր բարբաջանք ու սպառնալիք. դու արմատ ունես այս հողի մեջ: Իսկ դա ավելի հուսալի ու կարեւոր է, քան վաղանցուկ ռազմական հաջողությունները: Քո փառահեղ անցյալով զինված՝ դու կարող ես հաղթահարել ցանկացած դժվարություն, կանգնել ամեն ուժի դեմ ու հաղթել:

Ես շատ եմ եղել տարբեր զորամասերում: Հայ զինվորը փառահեղ է, պինդ է ու կտրուկ, արի է ու հայրենասեր: Ո՞վ կարող է չհամաձայնել, որ հայ ազգի արգանդը զորականներ է ծնում ու պիտի ծնի: Սա այն ամուր հենքն է, որը երբեք չի փլուզվի, եւ որի վրա կարող է հուսալիորեն հենվել մեր բանակն ու կառուցել մեր վաղվա հաղթանակները:

Մենք դժվար ճանապարհ ունենք անցնելու: Հայրենասիրությունը ավուր սխրանք է, հայրենասիրությունը վերաբերմունք է սեփական քաղաքի, փողոցի, տան, շրջապատի մարդկանց, իրադարձությունների հանդեպ: Հայրենասիրությունը պատասխանատվություն է հայրենիքի ճակատագրի համար: Հայրենասիրությունն աշխատանք, գործ, նվիրում է: Ու որքան էլ դժվար լինի՝ մենք միասին գնալու ենք մեր համազգային երազանքների հետեւից:

Տղա՛ս, ես ուզում եմ, որ դու իմանաս՝ մենք մի վայրկյան անգամ չենք կասկածել քո հայրենասիրությանը, քո քաջությանը, հայրենիքի համար ամենաթանկը տալու քո պատրաստակամությանը: Դու միշտ եղել ես մեր ամենամեծ ուժն ու մեր ամենաթանկ հարստությունը:

Ուզում եմ նամակս ավարտել մեծն Վիլյամ Սարոյանի խոսքերով եւ ուզում եմ, որ այդ խոսքերը դաջես սրտիդ մեջ, ծածանես իբրեւ դրոշ ու դարձնես քո գաղափարախոսությունը: «Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, կոդակ ու հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են:

Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացե՛ք` դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը` պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ պիտի չհա­նի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով»:

 

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #16 (1481) 26.04.2023 - 02.05.2023, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային


02/05/2023