Հայերեն | На русском | In English
Սյունիքի մարզային գրադարանում ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթին ներկա էին նաև զինծառայողները: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների հիշատակը: Ելույթ ունեցողները շնորհավորեցին Հայոց բանակի տարեդարձը՝ նշելով, որ բանակը երկրի ամենակարևոր ու ամենակայացած կառույցն է, մեր անվտանգության ու համազգային նպատակների երաշխավորը: Զինվորներին խաղաղ ու բարի ծառայություն մաղթելուց հետո հնչեցին նաև հայրենասիրական կատարումներ:
Տոնական միջոցառումների ընթացքում զորամասը հյուրընկալեց ուսանողների: Ջերմ մթնոլորտում բոլորը կարևորեցին բանակի թափանցիկությունը, բանակ-հասարակություն կապերի սերտացումը և քաղաքացիական վերահսկողության ինստիտուտների առավել հետևողական ու նպատակային գործունեությունը:
Հունվարի 29-ին էլ զորամասի անձնակազմը Կապանի Առաքելական Սուրբ եկեղեցում մասնակցեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ մատուցված պատարագին: Այնուհետև եկեղեցու հոգևոր սպասավորը զրուցեց ժամկետային զինծառայողների հետ եկեղեցու, հավատքի և հայրենասիրության մասին՝ նշելով, որ հայրենիքի պաշտպանությունը ամենավեհ և սուրբ առաքելությունն է յուրաքանչյուր հայ մարդու համար, ինչն օրհնում է Աստված և խրախուսում պետությունը:
Կարինե Ստեփանյան
զորամասի թղթակցական կետ