Հայերեն | На русском | In English
ԿԱՅԾԱԿ ՎԱՂԱՐՇԱԿԻ «ԴԺՈԽՔ» ԶԻՆԱՏԱՐ ՀԵԾԵԼԱԽՈՒՄԲԸ
Հայդուկները, տարվելով հարձակումով, չեն նկատում, որ այդ ընթացքում հակառակորդի մի քանի հարյուր զինվորներ հասցնում են բարձրանալ ու գրավել բերդի վերևի իրենց դիրքերը: Հայդուկները հայտնվում են շրջափակման մեջ: Խմբապետ Վաղարշակը ձիու վրա նստած շրջում է դիրքերը և ոգեշնչելով զինվորներին՝ հորդորում նրանց կռվել մինչև վերջ, սակայն ուժերը չափազանց անհավասար էին: Թուրք զինվորների` թիկունքից տեղացող կրակից հայդուկներից մի քանիսը զոհվում են, իսկ մյուսները խմբապետ Վաղարշակի հրահանգով իջնում են ներքևի դիրքերը: Նահանջելու ընթացքում երկու ոտքից ծանր վիրավորվում և զոհվում է «Դժոխք» ձիավոր մարտական խմբի հրամանատար Կայծակ Վաղարշակը: Ներքևի դիրքերում գտնվող 16 հայդուկները նույնպես հայտնվում են շրջափակման մեջ, բայց կարողանում են կռվելով մեծ դժվարությամբ դուրս գալ շրջապատումից ու հեռանալ: Այդ անսովոր մարտի ականատեսներն էին ռուս զինվորները, որոնք հանգիստ դիտում էին, թե ինչպես հազարավոր թուրք զինվորներ անընդմեջ գրոհներով փորձում էին պաշարման մեջ վերցնել և ոչնչացնել ընդամենը երեք տասնյակ հայ մարտիկների:
Կռվի մասնակից Վարդանը (վավերագրության հեղինակն է-Հ. Գ.) հրաշքով կարողանում է փրկվել: Այն պահին, երբ քրդերը նրան առաջարկել են հանձնվել, նա դիմել է խորամանկության և կարողացել խաբել նրանց: Նա ցույց է տվել, թե իբր հանձնվում է, բայց, ռումբերն ու դինամիտը աննկատ թաղելով, թուրքերի ու քրդերի ճանապարհին վառում է քուղը: Ռումբերի պայթյունից տասնյակ թուրքեր ու քրդեր սպանվում ու վիրավորվում են, իսկ Վարդանը թփերի ու քարերի արանքներով երկու օր սողոսկելով և անասելի դժվարություններ հաղթահարելով՝ հասնում է ռուսական սահման: Այդ օրերին «Դրօշակ»-ին հասցեագրված հեռագրերից մեկը, հաղորդելով Բասենում ձիավոր մարտախմբի կռվի մասին, նշում է. «Կռիւը շարունակւեց մի օր: Հաւաքւեցին 4000 -ից աւելի զօրքեր եւ քրդեր, որոնք մի քանի անգամ փորձեցին գրոհ տալ ու դիրքերը վերցնել, բայց մեծամեծ կորուստներ տալով տեղացող ռումբերից եւ մոսինի գնդակներից յետ նահանջեցին: Կռիւը յուսահատական դարձաւ իրիկնապահին.. .»:
Հայդուկներից մի քանիսը մարտախմբի անդամ Գևորգի, որին շիկահեր և ռուսի նման լինելու համար անվանել են Ռուս Գևորգ, առաջնորդությամբ դուրս են գալիս շրջափակումից և հասնում ռուսական սահման, որտեղ կանգնած էին ռուս սահմանապահները: Գևորգը համոզված, որ ռուսները իրենց չեն վնասի, առաջ է անցնում և մոտենում զինվորներին, բայց «…խեղճը դաժանօրեն սխալած էր. ռուս զինուորներու համազարկերը կը դիմաւորեն զինքն ու իր խումբը. եւ երկու կրակի մէջ իյնալով Գէւորգն ու իր ընկերները բոլորն ալ գնդակահար կ’ըլլան»: Ցարական պաշտոնյաներին ևս մի հարմար պատրվակ էր պետք, որպեսզի ավելի ամրապնդեին սահմանն ու առավել խիստ հսկողություն սահմանեին հայ հեղափոխական գործիչների ու մարտական ուժերի նկատմամբ: Նրանք օգտագործում են «Դժոխք» մարտախմբի ընդհարման փաստը և հեռագրում Կարսի նահանգապետին, որն էլ իր հերթին՝ վարչապետին հաղորդելով, որ կռվի մասնակից հայդուկները Անդրանիկի խմբից են, որոնք Մուշից գալով ուզում էին անցնել Ռուսաստան-Կովկաս:
ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԶԻՆԱՏԱՐ ՀԵԾԵԼԱԽՈՒՄԲԸ
Սասունի ապստամբության նախօրեին և ապա նաև նրա ծավալման ընթացքում հայ ազատագրական պայքարի գրեթե ողջ ընտրանին ներկայացնող գործիչների միջեւ տիրող որոշակի հակասությունների ու տարաձայնությունների պատճառով դեռևս լուծված չէր մարտական ուժերի առաջնորդի ընտրության հարցը: Ո՞վ պետք է միավորեր և առաջնորդեր Սասունում կենտրոնացած մարտական ուժերը, որոնց շարքերում էին բազմաթիվ անվանի, կրակի բովում թրծված գործիչներ (Հրայր Դժոխք, Անդրանիկ, Գևորգ Չավուշ, Սեբաստացի Մուրադ, այլք): Այսուհանդերձ, իշխում էր այն տեսակետը, որ ապստամբությունը պիտի գլխավորեր Նիկոլ Դումանը:
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր