Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋԱՎԱԽՔԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ



«Յուրաքանչյուր ժողովուրդ այնքան է ուժեղ,
որքան ջերմ է նրա պաշտամունքը դեպի իր մեծ մեռելները»
Գ. Նժդեհ

Հայրենական մեծ պատերազմը դաժան ու անմարդկային փորձություն էր Խորհրդային Միության բոլոր ազգերի ու ազգությունների համար (համայն մարդկության համար), որի բախտորոշ ու բեկումնային բոլոր շրջափուլերին սկզբից մինչեւ վերջ իր անուրանալի, վճռական մասնակցությունն է բերել հայ ժողովուրդը՝ Մեծ Հաղթանակի գործին նվիրաբերելով իր ընտիր, հերոս զավակներին Հայաստանի, հեռու եւ մոտիկ սփյուռքի քաղաքներից ու շրջաններից: Ջավախքի ժողովուրդը պատերազմի առաջին իսկ օրից ապրում էր «Դեպի ռազմաճակատ, դեպի դիրքերն ու խրամատները» նշանաբանի թելադրանքով։ Հազարավոր կամավորներ համալրում էին բազմազգ հայրենասերների շարքերը, որոնք երբեք երդմնազանց չեղան` իրենց կյանքի գնով կռվելով ֆաշիստական զավթիչների դեմ:

Ջավախքի որդիները երբեք չսարսափեցին մահից և քաջաբար մարտնչեցին Մոսկվայի, Լենինգրադի ազատագրման մարտերում: Մոսկվայի պաշտպանության և նրա ազատագրման համար անձամբ իր գիտատեխնիկական մեծ ներդրումն ունեցավ պատերազմի տարիներին բազմաթիվ զինատեսակների հեղինակ ու փորձարկող, գեներալ-մայոր Հովհաննես Օվանօղլյանը, որ գերազանցորեն էր կատարում գլխավոր հրամանատարության առաջադրանքները: Մոսկվայի պաշտպանության մարտերում զոհվեցին` Շաքրո Իսրայելի Ավագյանը, Թադևոս Սերգոյի Այվազյանը, Վարազդատ Երիցյանը, Կոլյա Գրիգորյանը, Գրիգոր Քուրդօղլյանը և շատ ուրիշներ:

Հերոս քաղաք Լենինգրադի պաշտպանության մարտերում իրենց սխրանքներով աչքի ընկած Բալթյան ծովայինների շարքերում էին փոխգնդապետ Արշալույս Մամուլյանը, Ցոլակ Պետրոսյանը, Ենոք Մուրադյանը, Ոսկան Աբաջյանը, Վաչագան Նազարեթյանը, Մնացական Սաքոյանը, Գրիգոր Դիադյանը … Քաղաքի միակ «Կյանքի ճանապարհի» շրջանում իրենց ջահել կյանքը զոհաբերեցին ախալքալաքցի շատ քաջորդիներ. մի քանիսին բախտ վիճակվեց լինելու քաղաքի ազատագրման մասնակիցը:

1941թ. ծանր օրերին կազմավորվեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան, որը համալրվեց նաև Ախալքալաքի շրջանի հայ ռազմիկներով: 89-րդ դիվիզիայում առաջին մարտական մկրտությունն իր աննկարագրելի խիզախությամբ ստացավ խանդեցի Վարդ Պողոսյանը, որ «Մաքսիմ» գնդացրով կրակի տակ էր վերցրել հակառակորդի երկու հենակետերը, որոնց արձակած գնդացրային անդադար կրակահերթը թույլ չէր տալիս մեր զինվորներին առաջ շարժվել: Հմուտ ու խիզախ գնդացրորդը կարողացավ շարքից դուրս բերել թշնամու կրակակետերը, ճանապարհ բացել գնդի զինվորների առաջխաղացման համար` ոչնչացնելով շուրջ երկու տասնյակից ավելի գերմանացիների: Վարդ Պողոսյանը և շատ ջավախքցիներ աչքի ընկան նաև Կերչի մարտերում: Վարդը իր ընկերների շրջանում հայտնի էր իր սրտաբացությամբ, հմտությամբ ու քաջությամբ: Նա 1943թ. օգոստոսից մինչև 1945թ. հունվարի 19-ը մարտերով Ղրիմից հասավ մինչև Լեհաստանի Տամաշով քաղաքի մատույցները, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն: 1944թ. մարտին Պողոսյանը պարգևատրվեց Փառքի երկրորդ աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով, իսկ դիվիզիա այցելած մարշալ Կ. Վորոշիլովն անձամբ նրան պարգևատրել է գրպանի ոսկե ժամացույցով:

Հարյուրավոր ախալքալաքցիներ զոհվեցին Օրջոնիկիձեի, Գրոզնու, Տուապսեի, Մոզդոկի, Նովոռոսիսկի, Կրասնոդարի շրջաններում և Կովկասի լեռնանցքներում, Թերեք գետի ափերին: Հայրենական պատերազմի ճակատամարտում ամեն օր ծնվում էին նորանոր խիզախներ, հերոսներ, որոնք հավատարիմ մնալով զինվորական երդմանը, արհամարհելով մահվան սարսափ ու անասելի զրկանք, նետվեցին մոլեգնող մարտերի հորձանուտը և քայլ առ քայլ ետ շպրտեցին ու ջախջախեցին զավթիչներին:

Ուստի միշտ էլ ուսանելի ու նվիրական է Մեծ հայրենականի արիասիրտ ջավախքցիների՝ հաճախ անժամանակ ընդհատված, հերոսական կյանքին ու գործին ծանոթանալը։ Նրանց կենսագրության արյունոտ էջերը թերթելը։

Կադրային սպա, Խորհրդային Միության հերոս Լևոն Խնկանոսի Դարբինյանը ծնվել է 1905թ. մայիսի 29-ին Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում, անտառապահի ընտանիքում: Երկու տարեկան հասակում զրկվելով հորից` ունեցել է դառը մանկություն և պատանեկություն: 1924թ. Լևոնն ընդունվել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան Ռազմական դպրոց: 1927թ. շարունակել է իր ուսումը Թիֆլիսում` Անդրկովկասյան հետևազորային դպրոցում: 1928թ. նշանակվել է դասակի հրամանատար: 1934թ. ավարտել է Մոսկվայի «Վիստրել» դասընթացները: Հայրենականի սկզբից մայոր Դարբինյանը մեկնել է Կենտրոնական ռազմաճակատ: Ղեկավարել է կործանիչ ջոկատ, այնուհետև` Հարավարևմտյան ռազմաճակատում 7-րդ լեռնահրաձգային դիվիզիայի 148-րդ գնդի մարտական գործողությունները: Հանդես բերելով կադրային սպային հատուկ համարձակություն, նախաձեռնություն և արագ կողմնորոշվելու ունակություն` Դարբինյանն իր մարտիկների ու սպաների համար դարձել էր սիրելի ընկեր և հեղինակավոր հրամանատար: Հոկտեմբերի 26-ին նա Նովովասինցովոյում վիրավորվում է գլխից, բայց չհեռանալով կրակագծից` ղեկավարում է մարտերը: Փոխգնդապետ Դարբինյանի համար ճակատագրական եղան 1942թ. մայիս-սեպտեմբեր ամիսներին Խարկովի, Ցիմլյանսկի, Կալմիցսկի տափաստանում մղված մարտերը:

Լինելով հնարամիտ ու համարձակ հրամանատար և պայքարելով ուկրաինական հողի ազատագրման համար` 1943թ. անցավ այն բոլոր վայրերով, որտեղից ծանր ու արյունահեղ մարտեր տալով, 1941-1942թթ. նահանջել էր: «Երդվում եմ` թշնամուն չհաղթած չվերադառնալ,- ասել է Դարբինյանը։ -Կա՛մ կմեռնեմ մարտերում արժանի մահով, կա՛մ կվերադառնամ հաղթանակով»: 1943թ. դեկտեմբերին Կորոստիշչևի գրոհի ժամանակ գնդապետ Դարբինյանը հինգերորդ անգամ ծանր վիրավորվեց և կնքեց իր մահկանացուն: 1944թ. հունվարի 10-ին նա հետմահու արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման, պարգևատրվեց Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Նա պարգևատրվել էր նաև Կարմիր դրոշի և Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով:

Խորհրդային Միության հերոս Վաչագան Հունանի Վանցյանը ծնվել է 1913թ. Ախալքալաքի շրջանի Զակ գյուղում: 1928թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1937-1939թթ. Վաչագանը աշխատել է Բաթումի արդյունաբերական ձեռնարկություններում, ապա նորից հայրենի կոլտնտեսությունում: Հայրենականի առաջին իսկ օրից Վաչագանը մեկնում է գործող բանակ և շուտով հայտնի է դառնում որպես հմուտ և խիզախ գնդացրորդ: Մինչև 1943թ. նա երեք անգամ վիրավորվում է, բայց չի թողնում ռազմադաշտը: 1944թ. ամռանը սերժանտ Վանցյանը հաստոցավոր գնդացրի հաշվարկի հրամանատար էր Վիտեբսկյան 179-րդ հրաձգային դիվիզիայի 259-րդ գնդում, որը գործում էր Մերձբալթյան առաջին ռազմաճակատում: Նույն թվականի հունիսին Վիտեբսկի շրջանում անցնում են հարձակման և, ճեղքելով թշնամու պաշտպանությունը, սկսում են առաջ շարժվել` ազատագրելով Բելոռուսիայի հյուսիսային շրջանները, ապա Լիտվան: Վիտեբսկի մարտերում Վանցյանի մարտիկները ցուցաբերեցին բացառիկ խիզախություն և արիություն՝ ետ մղելով թշնամու մեկը մյուսին հաջորդող հակագրոհները։

Վանցյանը հերոսաբար զոհվեց 1944թ. օգոստոսի 1-ին Վիտեբսկի շրջանի Շամիլինո երկաթուղային կայարանի մոտ: Բարձր գնահատելով անձնազոհ մարտիկի քաջությունը և խիզախությունը` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1945թ. մարտի 24-ի հրամանագրով նրան հետմահու շնորհեց Խորհրդային Միության հերոսի կոչում` հանձնելով Լենինի շքանշան և «Ոսկե աստղ» մեդալ: Վաչագան Վանցյանի բրոնզաձույլ կիսանդրին կանգնեցված է հայրենի Զակ գյուղում և շրջկենտրոնի կենտրոնական այգում:

Շարունակելի

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական
թանգարանի ավագ գիտաշխատող

Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Պատմության էջերից


13/05/2013