Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋԱՎԱԽՔԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ



Սկիզբը՝ նախորդ համարում

Փառքի երեք շքանշանների ասպետ Քերոբ Պետրոսի Սերոբյանը ծնվել է 1923թ. Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում: 1942թ. 19-ամյա Քերոբը, հրաժեշտ տալով հայրենի բարձրաբերձ լեռներին, ծնողներին ու զմրուխտյա դաշտերին, մեկնեց բանակ: Ծառայեց հայկական Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիայի 280-րդ սակրավորների գումարտակում: Ղրիմի ազատագրման համար մղվող մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է Փառքի երրորդ աստիճանի շքանշանով: Մասնակցելով բազում մարտերի և ցուցաբերելով անձնական արիություն` Քերոբը պարգևատրվել է նաև Փառքի առաջին աստիճանի շքանշանով:

Մոտենում էր հաղթանակի օրը: Սերոբյանի ծառայած գունդը մարտնչում էր Բեռլինի մատույցներում: Դիվիզիայի հրամանատար գեներալ Նվեր Սաֆարյանի հրամանով սակրավորների գումարտակը եֆրեյտոր Սերոբյանի ղեկավարությամբ պետք է մաքրեր հետևակայինների հարձակման ուղին: Մայիսի մեկի գիշերը նրա խումբը դուրս եկավ մարտական առաջադրանքը կատարելու: Լուսադեմին լսվեց ուժեղ պայթյուն. առաջադրանքը կատարված էր… Նաև Քերոբի կյանքի գնով: Նա չճաշակեց հաղթանակի բերկրանքը: Քերոբ Սերոբյանի անմահ անունը ոսկե տառերով գրված է Մեծ Հայրենականի պատմության մատյանում, հերոսական դյուցազնագրքի փառքի շքանշանների ասպետների շարքում:

Գեներալ-լեյտենանտ Ստեփան Եղիայի Գինոսյանը ծնվել է 1901թ. Ախալքալաքի շրջանի Սաթխա գյուղում: Պատերազմի տարբեր ռազմաճակատներում մարտական ու արյունահեղ ճամփաներով է անցել խիզախ գեներալը: Գինոսյանը սովորել է Կրեմլի ռազմական դպրոցում, Մ. Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայում: Դիվիզիայի առաջին մասի պետից հասել է մինչև օկրուգի օպերատիվ բաժնի պետի տեղակալի և բանակի շտաբի պետի պաշտոններին: Գինոսյանը կոփվել է մարտադաշտում, դարձել ռազմական արվեստի գիտակ: Շուտով նրան շնորհվել է գնդապետի կոչում, իսկ ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով: Հայրենական պատերազմի առաջին օրվանից մինչև հաղթանակ` Գինոսյանը եղել է ռազմական գործողությունների առաջավոր գծում: Մոսկվայի պաշտպանության օրերին գնդապետ Գինոսյանը բանակի օպերատիվ մասի պետն էր, ապա` շտաբի պետը, պարգևատրվել է երկրորդ Կարմիր դրոշի շքանշանով և արժանացել գեներալ-մայորի կոչման: 1944թ. սկզբին Գինոսյանը տեղափոխվել է Մոգիլևի ուղղությամբ գործող ռազմաճակատ և նշանակվել բանակի շտաբի պետ: Այդ պաշտոնին նա մնացել է մինչև Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան: Գեներալ Գինոսյանը Հայրենական պատերազմի ժամանակ Մոսկվայի մատույցներից հասել է մինչև Էլբա գետը` Վիտենբերգ քաղաքը: Փառահեղ մարտական ուղու ավարտին գեներալի կուրծքը զարդարված էր 11 մարտական շքանշաններով և տասնյակից ավելի մեդալներով: Գինոսյանի հուշարձանը կանգնեցված է հայրենի Սաթխա գյուղում:

Հրետանու գեներալ-մայոր Հովհաննես Սեդրակի Օվանօղլյանը ծնվել է 1901թ. Ախալքալաքում: Որպես մարտկոցի հրամանատար ծառայել է Կրոնշտադի Կրասնայա Գուբ ամրոցում: 1931թ. ավարտել է Ձերժինսկու անվան հրետանային զինվորական ակադեմիան և նշանակվել է հայկական դիվիզիայի հրետանային գնդի շտաբի պետ: 1932թ. նշանակվել է Բաքվի հակաօդային պաշտպանության առանձին զենիթահրետանային գնդի հրամանատար, 1935թ. նշանակվել է ՀՕՊ 3-րդ բրիգադի շտաբի պետ, 1936թ.` բանակի հրետանային վարչության երկրորդ բաժնի պետի տեղակալ, 1939թ.` զենիթային հրետանու հրաձգային-տեխնիկական կոմիտեի պետ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Օվանօղլյանը կատարել է գերագույն գլխավոր հրամանատարության հատուկ առաջադրանքները` զենիթային միջոցների մարտական կիրառման նոր մեթոդների յուրացման ասպարեզում: Խոշոր աշխատանքներ է կատարել 1942թ. Հարավարևմտյան ռազմաճակատի 38-րդ բանակի զորամասերում` հակաօդային պաշտպանության Վորոնեժ-Բորիսոգլեբսկի շրջանում, ինչպես նաև` Մուրմանսկի, Գորկու, Սարատովի, Վոլգոգրադի զենիթային հրետանու զորամասերում: 1953թ. նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Հրետանու գեներալ-մայոր Հովհաննես Օվանօղլյանը վախճանվել է 1958թ., Լենինգրադում:

Գնդապետ Սարգիս Գրիգորի Ծածուրյանը ծնվել է 1903թ., Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում: Ռազմական գործի ծարավ երիտասարդին բախտ է վիճակվել սովորելու Լենինգրադի զինվորական հաղորդակցության դպրոցում: Մեծ Հայրենականի առաջին օրվանից ռազմաճակատ է մեկնել, մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Ստալինգրադի, Ուկրաինայի, Անդրկովկասյան ռազմաճակատների մարտերին` վարելով երկաթուղային հաղորդակցության ճանապարհների պաշտպանության ղեկավարի դժվարին պարտականությունները: Գնդապետ Ծածուրյանի ծառայությունը ռումբերի ու կրակների միջով է անցել` Ստալինգրադից մինչև Բեռլին, գնդակներն ու արկի բեկորները դաղել ու ծակոտել են նրա մարմինը, մի քանի անգամ ծանր վիրավորվել է, սակայն կրկին կանգնել է մարտական դիրքերում, պատվով կատարել գերագույն հրամանատարության հրամանները, բարձր պահել հրամանատարի պատիվը: Այդ են վկայում գվարդիայի գնդապետ Սարգիս Ծածուրյանի կուրծքը զարդարող Լենինի, Հայրենական պատերազմի 2-րդ և 3-րդ աստիճանի, Կարմիր դրոշի շքանշանները, տասնյակից ավելի մեդալները:

Վարշամ Լևոնի Չախալյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Մոդեգամ գյուղում: Մեծ Հայրենականի օրերին Վարշամ Չախալյանի զինվորական ծառայությունը սկսվեց Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի հրաձգային գնդում՝ որպես կապավոր: 1942թ. Հյուսիսային Կովկասում մղվող մարտերի ժամանակ ստացավ իր առաջին մարտական մկրտությունը: Նրա զորամասը Թամանյան թերակղզում էր, Գրիվինսկայա ավանի մոտ… Ջերմ հայրենասիրության և մարտական առաջադրանքները ժամանակին և ճշգրիտ կատարելու համար նա պարգևատրվել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանով: Ակտիվորեն մասնակցելով Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Պրուսիայի ազատագրության համար մղվող արյունահեղ մարտերին` Չախալյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 3-րդ և 2-րդ աստիճանի շքանշաններով, մասնակցել Բեռլինի գրավմանը: Չախալյանը զորացրվել է 1946թ.` կուրծքը զարդարած չորս շքանշաններով և տասնյակից ավելի մեդալներով: Մահացել է խաղաղ հարկի տակ:

Գնդապետ Արտաշես Սահակի Աբրահամյանը ծնվել է 1905թ. Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում: 1926թ.-ից սկսվել է նրա զինվորական ծառայությունը: Աբրահամյանը սովորել է Կիևի հրետանային ռազմական ուսումնարանում, ապա ընդունվել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիան և 1940թ. բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո Լվովի զինվորական օկրուգում նշանակվել է գնդի շտաբի պետ: Մեծ հայրենականին մասնակցել է առաջին օրվանից` մարտերով հասնելով մինչև Ստալինգրադ: Ստալինգրադյան ճակատամարտի հաղթական ավարտից հետո նրա գունդը մարտնչել է Օրյոլի ուղղությամբ, որտեղ էլ վիրավորվել է: Գնդի շտաբի պետ Մ. Մելյանը հիացմունքով է գնահատել նրա ռազմական ունակությունները: Ապաքինվելուց հետո գնդի շարքերում կրկին առաջինն է կռվի նետվել Մերձբալթյան ռազմաճակատում, որտեղ և նշանակվել է 357-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար: Աբրահամյանի դիվիզիան արյունահեղ ու դաժան մարտերով հասել է մինչև Բեռլին: Արտաշես Աբրահամյանի մարտական ծառայությունները պատերազմի ժամանակ բարձր են գնահատվել, նա պարգևատրվել է Կարմիր դրոշի երկու, Կարմիր աստղի երկու, Հայրենական պատերազմի երկու շքանշաններով և տասնյակից ավելի մարտական մեդալներով:

Պատերազմի տարիներին ռազմաճակատներում կռված և հաղթանակներ նվաճած մարտիկների շարքում իրենց ուրույն տեղն ունեն քաջ ու անվեհեր պարտիզանները, որոնք, գիշեր-ցերեկ գործելով թշնամու թիկունքում, ահ ու սարսափ էին տարածում՝ ոչնչացնելով ու հրդեհելով զինամթերքով ու պարենով բեռնավորված հազարավոր էշելոններ, կամուրջներ, զինապահեստներ, ավտոշարասյուններ և կենդանի ուժ: Պարտիզանների շարքերում էին նաև Ջավախքի քաջորդիները, որոնք որպես «անհետ կորածներ» մարտնչում էին թշնամու թիկունքում՝ հանուն իրենց մայրերի, քույրերի և կանանց:

Հայրենական Մեծ պատերազմի առաջին իսկ օրերից միայն Ախալքալաքի շրջանի գյուղերից ու քաղաքներից ռազմաճակատ են մեկնել 10082 ահել ու ջահել, որոնցից զոհվել են 4174-ը:

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական
թանգարանի ավագ գիտաշխատող
ավագ լեյտենանտ

Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Պատմության էջերից


16/05/2013