ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՐՋԱՊԱՏԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԵՐՁԵՑՆԵԼ ՀԱՊԿ-Ը ԵՎ ՆԱՏՕ-Ն
Արդի զարգացման ինստիտուտը (Институт современного развития – փորձագիտական կազմակերպություն, որի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը) առաջարկներ է պատրաստել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բարեփոխման վերաբերյալ: Առաջարկները նախատեսում են ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի մերձեցում:
Տվյալ թեմայով զեկույցը կներկայացվի առաջիկա օրերին Յարոսլավլում անցկացվելիք համաշխարհային քաղաքական ֆորումում, որտեղ ելույթ է ունենալու նաև Դմիտրի Մեդվեդևը:
Սկզբնապես ՀԱՊԿ-ը ստեղծվել է որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ, սակայն այժմ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների «վերագործարկման» ֆոնին երկու կառույցների գոնե մասնակի համատեղելիությունը կարևոր խնդիր է համարվում:
Բարեփոխումների շրջանակում փորձագետների կարծիքով անհրաժեշտ է փոփոխել նաև կազմակերպությունում որոշումների ընդունման կարգը: Եթե այժմ որոշում կայացնելու համար պետք է բոլոր անդամների համաձայնությունը, ապա նոր առաջարկն ընդունվելու դեպքում բավական կլինի ձայների մեծամասնությունը:
ՀԱՊԿ-ը ստեղծվել է 2000-ական թվականների սկզբին` 1992թ. կնքված Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա: Ներկայումս դրա կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական