Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՆՈՐԱՄՈՒԾԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ



Ա. Կ. ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի գիտահրատարակչական կենտրոնի պետի-գլխավոր խմբագրի տեղակալ

գնդապետ

 

Սկիզբը՝ նախորդ համարում

 

ԱԶԳԻ ՄՈԲԻԼԻԶԱՑՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՈՐՊԵՍ «ԱԶԳ-ԲԱՆԱԿԻ» ԿԱՅԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ

 

«ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ» ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՆՈՐԱՄՈՒԾԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՀՀ պաշտպանության նախարարի ներկայացրած «ազգ-բանակի» հայկական տեսլականից ակնհայտ է դառնում, որ այդպիսի պաշտպանական համակարգի ստեղծումը պահանջում է ոչ միայն պետական կառավարման բոլոր ոլորտներում սկզբունքների և գործելաոճի արմատական վերանայում, ոչ միայն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում վիթխարի կազմակերպական աշխատանք, այլև, որ թերևս ամենակարևորն ու ամենադժվարն է, սոցիալական հարաբերությունների բնույթի արմատական փոփոխություն` նպատակաուղղված այդ հարաբերությունների կառուցմանը արդարության, փոխօգնության, սիրո, անձնազոհության, անշահախնդրության, միասնականության, այսինքն, ի վերջո` զարգացած ժողովրդավարության հիմքի վրա: Սա մի հասարակական իդեալ է, որին կերազեր հասնել ցանկացած ժողովուրդ, սակայն որի իրագործումը շատ դժվար է, մասնավորապես՝ այն պատճառով, որ մեր հասարակության մեջ դրան խանգարում են մի շարք գործոններ.

-Հայաստանից շարունակվող արտագաղթը և դրանով պայմանավորված` մարդկային ռեսուրսի կտրուկ նվազումը,

-հասարակության սոցիալական բևեռացումը,

-անհատապաշտական, օգտապաշտական արժեհամակարգի տարածումը, ինչն սպառնում է ցանկացած կառույցի, առաջին հերթին` զինվորական կոլեկտիվների արդյունավետ գործառմանը,

-հոգևոր արժեքների, Հայ Առաքելական Եկեղեցու դերի կարևորության մերժումը, ինչը նպաստում է նյութապաշտության տարածմանը, բարքերի այլասերմանը, ինչպես նաև անարդյունավետ է դարձնում Եկեղեցու` հասարակության համախմբմանն ուղղված ջանքերը,

-սպառողական վարքը, ինչն առաջին հերթին ազդում է զինծառայության նկատմամբ զորակոչիկների և զինծառայողների վերաբերմունքի վրա` նպատակ դարձնելով զինծառայությունից նյութական օգուտի քաղումը:

Այդուհանդերձ, «ազգ-բանակ» իդեալին ձգտումը ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ, ինչպես վերը նշվեց, արդի մարտահրավերներով ու սպառնալիքներով պայմանավորված հրամայական: Ուստի փորձենք քննարկել դրա իրագործման ուղիները:

Գոյություն ունեն այսպես կոչված սոցիալական տեխնոլոգիաներ, որոնց գործարկմամբ աշխարհի զարգացած տերությունները ամրապնդում են իրենց ժողովուրդների միասնականությունը, ինչպես նաև թուլացնում հակառակորդ ժողովուրդներին: Այսպես. 1970-ական թթ. ԱՄՆ-ում որոշ ռասայական և էթնիկ խմբերի միջև առաջացել էին սոցիալական հակամարտություններ, որոնք չեզոքացնելու կամ մեղմելու նպատակով հաջողությամբ կիրառվեցին մի շարք սոցիալական տեխնոլոգիաներ: Այդ տեխնոլոգիաները, որոնց հիմքում դրված էին կառավարման, քաղաքականության և բիզնեսի ոլորտներում կատարված հայտնագործություններն ու ստեղծված տեսությունները, մեր կարծիքով կարող են կիրառվել նաև «ազգ-բանակ» համակարգի ձևավորման համար: Խոսքը, մասնավորապես, հետևյալի մասին է.

-մարկետինգային տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են ընձեռում կառավարելու մարդկանց վարքը ապրանքների (ծառայությունների) ընտրության, գնման և սպառման ժամանակ,

-անձնակազմի կառավարման տեխնոլոգիաներ, որոնցով կարելի է վերահսկել վարքը աշխատանքային հարաբերությունների ոլորտում,

-հասարակայնության հետ կապերի կամ PR տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ կարելի է ստեղծել առանձին ընկերությունների և քաղաքական հաստատությունների դրական կերպարը,

-հաղորդակցային տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են ընձեռում կառավարելու մարդկանց վարքը` զանգվածային հաղորդակցության միջոցներով տարածելով նշանների և կերպարների որոշակի խմբեր:

Ըստ էության՝ «ազգ-բանակի» ստեղծումը «կազմակերպված կոլեկտիվ ջանք է` ուղղված սոցիալական փոփոխությունների իրագործմանը»: Ըստ էության՝ սա հենց սոցիալական կամ հասարակական շարժման սահմանումն է, ուստի, կարելի է ասել, որ «ազգ-բանակ» համակարգը կարող է ստեղծվել որպես սոցիալական շարժման արդյունք: Սոցիոլոգիայում «սոցիալական շարժում» ասելով հասկանում են, որպես կանոն, իշխանությանն ընդդիմադիր շարժումները: Հայկական «ազգ-բանակի» ստեղծումը, հակառակը, պետք է լինի իշխանության նախաձեռնած սոցիալական շարժման արգասիք: Նման շարժման խնդիրը «առկա ռեսուրսների օգտագործումն ու մոբիլիզացումն է»: Մեր դեպքում նպատակահարմար է մոբիլիզացնել չորս տեսակի ռեսուրս.

1) մշակութային (հասկացութային գործիքներ, մասնագիտական գիտելիք),

2) հասարակական-կազմակերպական (երեք հիմնական տեսակի` ենթակառուցվածք, սոցիալական ցանցեր (մարդկանց միջև հարաբերությունների համակարգ), կազմակերպություններ),

3) մարդկային,

4) նյութական (ֆինանսական և ֆիզիկական կապիտալ, գրասենյակային տարածքներ և կահավորանք և այլն):

«Ազգ-բանակի» դեպքում մշակութային ռեսուրս են, օրինակ, «երկրապահ» արժեքային համակարգը, ռազմահայրենասիրական դաստիարակության համակարգն իր հասկացություններով, սկզբունքներով ու մեթոդներով հանդերձ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտելիքը, որն այն ունեցող քաղաքացուն հնարավորություն կտա մասնակցելու ռազմական գործողությունների տեղեկատվական ապահովմանը և այլն: Հասարակական-կազմակերպական ռեսուրս են, օրինակ, ռազմահայրենասիրական նպատակներ հետապնդող հասարակական կազմակերպությունները, համացանցում բանակին աջակցության նպատակի շուրջ միավորված օգտատերերի հանրույթները և այլն: Մարդկային ռեսուրս են, օրինակ, ռազմաճակատ կամավոր մեկնել կամ սոցիալապես անապահով զինծառայողների ընտանիքներին օգնել ցանկացողները: Նյութական ռեսուրս են հայրենիքի պաշտպանության նպատակի համար հանգանակված դրամական միջոցները, սնունդը, հագուստը և այլն:

Զանգվածային մոբիլիզացման տեսության համաձայն` առանցքային պրոբլեմը անհատներին շարժման մեջ ներգրավման, այսինքն` նրանց մեջ շարժմանը մասնակցելու շարժառիթների ձևավորման պրոբլեմն է: Կա վարկած, որ որևէ կազմակերպության կոլեկտիվի մոբիլիզացմանը նպաստում է դրա անդամների միջև փոխադարձ համակրանքի այն զգացումը, որն առաջանում է «մոբիլիզացման մթնոլորտում», ընդսմին դրա ձևավորմանը նպաստում է կազմակերպության ղեկավարության և աշխատողների միջև «սոցիալական փոխանակման»* դրական հարաբերությունների զարգացումը:

Մոբիլիզացման մթնոլորտի հիմնական բաղադրիչներն են`

-ղեկավարի, ապա` գործընկերների նկատմամբ վստահությունը,

-կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին կազմակերպության բարոյական և նյութական աջակցությունը,

-ղեկավարների որոշումներում և միջանձնային հարաբերություններում արդարության սկզբունքի պահպանումը,

-ղեկավարների և գործընկերների կողմից անհատական ջանքերի գնահատվածությունը,

-իր աշխատանքի կարևորության` յուրաքանչյուրի գիտակցումը,

-յուրաքանչյուրի ներգրավվածությունը կազմակերպության համար կարևոր խնդիրների լուծման գործում:

Սոցիալական շարժումների համար ևս անհրաժեշտ է մոբիլիզացման մթնոլորտի ստեղծում: Թեպետ վերջինիս մեխանիզմները լիովին ուսումնասիրված չեն, սակայն, կարելի է ենթադրել, որ դրանք նման են կոլեկտիվներում մոբիլիզացման մթնոլորտի ստեղծման մեխանիզմներին: Հետաքրքրական են հատկապես այն հետազոտությունները, որոնցում փորձ է արվում պարզելու համացանցի (սոցիալական ցանցերի) ունեցած դերը:

Շարունակելի

 

* Փոխհարաբերություններում բարիքի (սեր, գովասանք, դրամ և այլն) փոխանակում:

Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Ռազմական


09/03/2017