Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՌՈՒՆՑՔՈՎ ՍՐԲՎԱԾ ԱՐՑՈՒՆՔ



Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի,

– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ –

Եղեգնյա գրչով վրեժ երգեցի.

Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։

Դ. ՎԱՐՈՒԺԱՆ

Երբեք չեմ մոռանա այդ պահը։ Ուշ գիշերին, երբ վերջապես Բոստոնի հայաբնակ՝ Ուոթրթաուն արվարձանը հասա, ու հյուրընկալներս հարցրին, թե հաջորդ առավոտ, նախ եւ առաջ, ո՞ւր կուզեի գնալ, ո՞ւմ հետ հանդիպել, ես, քանի որ գիտեի՝ մոտակայքում է ապրում, առարկություն չընդունող վճռականությամբ ասացի.

– Շահան Նաթալիի մոտ։

Հյուրընկալներս տխուր տարուբերեցին գլուխները.

– Վերջերս մահացավ, 99-ը տարի ապրեց, 100-ին չսպասեց։

Հաջորդ առավոտ վաղ ես Մաունթ Օբըրնի գերեզմանատանն էի։ Անշուք, գրեթե աննկատ տապանաքար էր, շիրիմը անգամ ծաղկեմարգերով եզերված, սահմանազատված չէր։ Մինչդեռ այդ օտար, սիզախոտերով պատած հողի տակ էր հանգչում այն հայը, որը Մեծ Եղեռնից հետո բռունցքո՛վ կարողացավ սրբել իր ժողովրդի արցունքները։ Վրեժի բռունցքով…

Շահան Նաթալին այլ կերպ ի վիճակի չէր ապրել, առավել եւս՝ ինքն իր հետ հաշտվել, համակերպվել։ Նա երեխա էր եղել, եւ ինչպես աշխարհի բոլոր երեխաներն ունեցել էր մանկական ամենաանմոռաց տպավորությունը, որից չէր կարողացել ձերբազատվել ամբողջ կյանքում…

1895թ.-ին էր, համիդյան առաջին ջարդերի օրերին։ Ծննդավայրի՝ Խարբերդի Հուսեյնիկ գյուղի ազգային վարժարանից նոր էր տուն վերադարձել, հայրը, մոտեցող հրոսակախմբերին նկատելով, իրեն, չորս քույրերին ուղղակի փողոց հրեց.

– Փախե՛ք, ցրվե՛ք, որտեղ որ կարող եք, թաքնվե՛ք։

Չհասկացավ, թե շուրջն ի՞նչ է տեղի ունենում, ո՞ր ուղղությամբ, ինչո՞ւ է վազում։ Երեք օր հետո, երբ տուն մտավ, հոր արնաշաղախ դիակն ընկած էր շեմին։ Մոր հետ դժվարությամբ այգի իջեցրին, ձեռքերով ընկուզենու տակը փորեցին, հողին հանձնեցին։ Ու այսքանից հետո իրեն համոզում էին, որ կատարվածը սոսկ թյուրիմացություն էր, ցավալի դիպված, աշխարհում միշտ էլ ի վերջո հաղթանակել ու հաղթանակում է ճշմարտությունը, վեհանձնությունը, գեղեցկությունը։ Նույնիսկ բարերարներ գտնվեցին, որոնք իրեն Պոլիս՝ Սուրբ Հակոբ որբանոցը փոխադրեցին, հետո համբավավոր Պերպերյան վարժարանի ուսման ծախսերը հոգացին։ Ավարտելուն պես Հակոբ Տեր-Հակոբյանը (Շահան Նաթալին մարտական ծածկանունն էր), Միացյալ Նահանգներ ուղեւորվեց, ընդունվեց Բոստոնի համալսարան, իմաստասիրության ասպարեզում՝ հատկապես Պլատոնի, գրականության ասպարեզում՝ Շեքսպիրի երկերը ուսումնասիրության նյութ դարձրեց։ Ճիշտ այդքան տարի էլ պետք եղավ, որպեսզի թուրքերի հայատյացությունը նորից պոռթկա, ընդ որում՝ այնպիսի մոլեգնությամբ, որ որոշեն մեկընդմիշտ մի ամբողջ ազգ բնաջնջել։ Բազմախոստում գրականագետը, թատերագետը չկարողացավ հեռուներում մնալ, վերադարձավ, որ օրհասի պահին իր ժողովրդի հետ լինի։ Ու այն, ինչ տեսավ, չէր արտահայտում ո՛չ նախճիր, ո՛չ եղեռն, ո՛չ էլ մինչեւ իսկ ցեղասպանություն բառը։ Նման ոճրագործությունը բնորոշելու համար մարդկությունը դեռեւս ճշգրիտ ձեւակերպում չէր հորինել։

Պատահականությո՞ւնն էր պատճառը, թե՞ նախախնամությունը, մղձավանջային ամենածանր օրերին մի թուրք պատահեց։ Հայտնի չէր, իր հայ լինելը գլխի ընկել էր, թե՞ չէ, բայց խրատ տալ սիրում էր։

– Քո կարծիքով՝ սպանո՞ղն է մեղավոր, թե՞ սպանվողը,- հարցրեց նա ու հնարավոր ամեն պատասխան կանխելու համար խիստ վրա տվեց,- իհարկե՛, սպանվողը։

– Ինչո՞ւ,- սահմռկեց Նաթալին։

– Թող խելք ունենար, ուժ ունենար, չսպանվեր, իսկ եթե այդ ամենով հանդերձ է սպանվել, ավելի վատ իր համար։ Դատարանում նա չի կարող մեղադրական փաստարկներ վկայակոչել, իսկ սպանողը, քանի որ ողջ է, մի ճար կգտնի, գլուխը կազատի։

Հավանաբար նույն տեսակետով էր առաջնորդվել Թուրքիայի ռազմական ատյանը, որը մահվան, տարբեր տարիների բանտարգելության էր դատապարտել Հայոց ցեղասպանության 200 հանցագործի։ Ու հետո Մալթա էր աքսորել, որ անգլիացիների մեղսակցությամբ մեկ-մեկ, աննկատ ազատ արձակի։ Շահան Նաթալին հայթայթեց հանցագործների ցանկն ու այդ օրից ամենաանհայտ, ամենահաս հայը դարձավ։ Մարտախումբը, որ նա ստեղծեց Սողոմոն Թեհլերյանի, Արշավիր Շիրակյանի, Միսաք Թոռլաքյանի, Արամ Երկանյանի նման վրիժառուներից, սոսկ մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների պատգամ-պատվիրանը չէր իրագործելու, ի կատար էր ածելու հանցագործ երկրի՝ Թուրքիայի գերագույն ատյանի դատավճիռը, այսինքն՝ վերականգնելու էր արդարությունը։ «Այժմ թուրքից բացի, թուրքից վտանգավոր թշնամի հայը չունի,- անընդհատ կրկնում էր նա,- մեր վրեժը, հավատացե՛ք, աստվածատուր է, աստվածահաճո»։

200 հոգանոց նշանավոր «սեւ ցանկում» թիվ 1-ը Թալեաթն էր։ Նաթալին ձեռքը մտերմորեն Սողոմոնի ուսին դրեց.

– Գանգը կպայթեցնես ու չես փորձի փախչել։ Ոտքդ սատակի վրա կդնես, տեղդ հանգիստ կկանգնես, մինչեւ գան, քեզ ձերբակալեն։ Չդիմադրես, իսկույն կհանձնվես։

Հայոց Նեմեսիսը քաղաքական դատավարության էր ձգտում, ձգտում էր համաշխարհային հանրությանը առաջին անգամ բացեիբաց ներկայացնել դարասկզբի քստմնելի, աննախադեպ ոճրագործությունը։ Ու նա հասավ նպատակին։

1921 թվականի մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբերգ փողոցում որոտաց Սողոմոն Թեհլերյանի ատրճանակը։ Որպես արձագանք որոտացին Արամ Երկանյանինը՝ Թիֆլիսում ու Բեռլինում, Արշավիր Շիրակյանինը՝ Հռոմում ու Բեռլինում, Միսաք Թոռլաքյանինը՝ Պոլսում, Պողոս Տեր-Պողոսյանինն ու Արտաշես Գեւորգյանինը՝ Թիֆլիսում։ Հայ վրիժառուների գնդակներից դիտապաստ ընկան Թուրքիայի վարչապետ, մեծ վեզիր Սայիտ Հալիմը, ներքին գործերի նախարար Թալեաթը, իթթիհատի կենտրոնական վարչության անդամ, հայասպանության ծրագրի գլխավոր գաղափարախոս Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի հայերի դահիճ Ազիմին, ռազմական նախարար Ջեմալը, Բաքվի եւ Շուշիի հայերի ջարդարար Խան-Խոյսկին, մուսավաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ջիվանշիրը, ինչպես նաեւ այն մի քանի հայերը, ովքեր կոտորածների տարիներին լրտեսությամբ ու դավաճանությամբ էին զբաղվել, մատնել էին իրենց ազգակիցներին։

Հայոց ցեղասպանության գլխավոր ոճրագործներն ստացան իրենց արժանի՝ չմոռանա՛նք, Թուրքիայի դատարանով նախատեսված պատիժը։ Շահան Նաթալին հավատում էր ու համոզված էր, որ մնացածի հաշվեհարդարը անհամեմատ հեշտ է լինելու։ «Հայը հիմա,- գաղափարի ու զենքի ընկերներին անընդհատ ներշնչում էր նա,- իր հանդգնությամբ աշխարհի ամենաառաջին ժողովուրդը պիտի դառնա։ Ով այլեւս կորցնելու ոչինչ չի ունենում, երկնչելու պատճառ՝ առավել եւս չի ունենում»։

Ցավոք, այն անտեսանելի չարիքը, որն անխուսափելիորեն ուղեկցում է հայ ժողովրդին, ասպարեզ գալիս հատկապես հաղթանակների, հաջողությունների ընթացքում, անսպասելիորեն իրեն զգացնել տվեց։ Ի հայտ եկավ երկպառակությունը։ Այժմ, ութսուն տարի անց, անիմաստ, ավելին՝ ամոթալի է անդրադառնալ «Ազատամարտականների», «Մարտկոցականների» ներքին պայքարին, նույն կուսակցության արեւմտահայ ու արեւելահայ թեւերի պառակտումներին։ Փաստն այն է, որ Նաթալին պատռեց 200 թուրք ոճրագործների ցուցակը, որոնցից ընդամենը մի քանիսի անուն-ազգանուններն էր հասցրել ջնջել ու հուսախաբված, հուսաբեկված, Միացյալ Նահանգներ մեկնեց, հաստատվեց Ուոթրթաունի արվարձանային թաղամասում։ Նա հետագա նման ճակատագրական սխալները կանխելու համար շտապում էր արձակ ու չափածո ստեղծագործություններով, խոհագրություններով, պատմական ուսումնասիրություններով գրավոր կտակը թողնել գալիք սերունդներին եւ ոչ մի պաշտոնական այցելություն չէր ընդունում։ Միշտ մռայլ էր ու անհաղորդ։ Ասում են` նրա դեմքին ժպիտ է երեւացել միայն այն ժամանակ, երբ լսել է Գուրգեն Յանիկյանի բռնարարքի լուրը։

– Ուրեմն,- ըստ երեւույթին մտածել է նա,- հայոց Նեմեսիսը զենքը վայր չի դրել։ Հայ ժողովուրդը արդարության մարտիկներ ծնել ու միշտ ծնելու է։

♦♦♦

Երբ հաջորդ անգամ Մաունթ Օբըրնի գերեզմանատունը, Դրոյի՝ նույնքան անշուք շիրմին այցելության գնացի, ինձ ցույց տվեցին եռագույնով փաթաթված այն մի բուռ հողը, որ զորավարն էր Հայաստանից հեռանալիս հետը վերցրել։ Ոչ ոքի ոչինչ չասացի ու աննկատ կռանալով, ես էլ մի բուռ հող Շահան Նաթալիի շիրմաթմբից վերցրի։ Ո՜վ գիտե, բախտ կունենա՞մ երբեւէ Խարբերդի Հուսեյնիկ գյուղը կհասցնե՞մ։

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Խորագիր՝ #29 (1047) 31.07.2014 – 6.08.2014, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


30/07/2014