Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽ. ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈՔՐԻԿ ԱՆԴՐԱԴԱՐՁ



ԱՐՑԱԽ. ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈՔՐԻԿ ԱՆԴՐԱԴԱՐՁԱրցախի պատմությունն սկիզբ է առնում անհիշելի ժամանակներից։ Հայկական ավանդապատումներում Արցախ անվան ծագումը բացատրվում է երկու ձևով. առաջինը՝ ԱՐ (ամյանի), ՑԱԽ (այգի, անտառ), երկրորդը պարզապես ՍԱՐ, ՑԱԽ բառերի ամփոփ (ինչպես սովորաբար կատարվում է աշխարհագրական անունների դեպքում) տարբերակն է։ Իսկ ինչ վերաբերում է ՂԱՐԱԲԱՂ անվանը, ապա այն համեմատաբար նոր է, վկայված պարսկական և վրացական աղբյուրներում (XIV-XV դդ.)։ Կազմված է պարսկական աշխարհագրական անվանացանկի հիման վրա։ Ի տարբերություն հարթավայրային մասի, որը կոչվում էր Պաղ-ի Սաֆիա (Սպիտակ այգի), լեռնային անտառապատ հատվածն անվանվում էր Պավ-ի Սիադ, որը թրքալեզու իմաստավորմամբ նշանակում է ՂԱՐԱԲԱՂ (Սև այգի)։ Սակայն հին պարսկերենում նշանակում է մեծ այգի՝ այգեստան:

Վանի կամ Արարատյան թագավորության սեպագրերում ԱՐՑԱԽ անունն ունի Ուրդեխինի կամ Ուրդեխե ձևերը, որոնք հայերեն Արցախ անվան անդրադարձն են։ Այս անուններով կոչված տարածքը մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբներից մտնում էր Արարատյան (Վանի) թագավորության սահմանների մեջ։ Այդ են վկայում ոչ միայն հին հույն հեղինակներ Ստրաբոնը, Պլուտարքոսը, Դիոն Կասսիոսը, Գայոս Պլինիոս Ավագը, Կլավդիոս Պտղոմեոսը, այլև վերջին հարյուրամյակում հայտնաբերված նյութական մշակույթի բազմաթիվ հնագույն հուշարձանները։

Արցախն ընդարձակ և հզոր մի նախարարություն էր, որի կենտրոնը (որոշ ժամանակ) եղել է Ծոդք (Ծաւդեք, Սոդք) գյուղաքաղաքը։ Սրա անունով էլ երկրամասը կոչվել է «Ծավդեացվոց իշխանություն»։ Հայկական հնագույն աղբյուրներում Արցախը հիշվում է նաև «Փոքր Սյունիք» կամ «Սյունյաց Երկրորդն» անուններով։

Ստրաբոնն իր «Աշխարհագրություն» հանրահայտ աշխատությունում տեղեկություններ է հաղորդում Մեծ Հայքի կազմի մեջ մտնող Արցախի («Օրխիստենե») մասին և միաժամանակ վկայում, որ այն բարեբեր երկիր է և պատերազմների ժամանակ հանում է մեծաքանակ հեծելազոր։ Հին հայկական աղբյուրները փաստում են, որ մ.թ.ա. IV դ. Արցախը, ինչպես նաև Ուտիքը, շարունակում են մնալ հայ Երվանդունիների թագավորության կազմում։ Այս ամենի մասին իմանում ենք պետական փաստաթղթից՝ «Գահնամակից» և նախարարների ռազմական ուժը ցույց տվող «Զորանամակից»։

ԱՐՑԱԽ. ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈՔՐԻԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՄովսես Խորենացու վկայությամբ՝ հայոց Վաղարշակ թագավորի Արցախի (Արանշահիկ) առաջին նախարար նշանակված Արան Սիսակյանը սերում էր Հայկ Նահապետի տոհմից։ Այստեղից էլ Արան, Արանշահիկ և Մեծարանք անունների ծագումնաբանությունը։

Արցախը Հայկական միասնական պետության կազմի մեջ մնաց մինչև V դարի սկիզբը, այսինքն՝ մինչև Արշակունյաց թագավորության վերացումը։

IV դարի արշալույսին Արցախում տարածվում է քրիստոնեությունը։ Իսկ V դարի սկզբին Արցախը, Հայաստանի մյուս նահանգների հետ միասին, լծվում է դարակազմիկ վերելքին, որ կապված էր ազգային՝ հայկական գրերի ստեղծման ու տարածման հետ։ Մեսրոպ Մաշտոցը դեռևս նույն դարի սկզբներին հայկական առաջին դպրոցներն է բացել Արցախում։

Վարդանանց սրբազան պատերազմում (451 թ.) իր ամենագործուն մասնակցությունն ունեցավ նաև Արցախը, հատկապես նրա փառաբանված այրուձին՝ Առանշահիկ Բակ իշխանի գլխավորությամբ։ V դարի մեծանուն պատմիչ Եղիշեն իր աշխատության մեջ հիշատակում է, որ Վարդանանց գոյապայքարից հետո հայ ժողովրդի մի զգալի մասը ապաստան գտավ Արցախի՝ «անմատչելի ամրոցներում, թանձրախիտ անտառներում» և այդտեղից էլ շարունակեց պարտիզանական պայքարն օտար բռնակալության դեմ։

Արցախի հայկական լինելը վկայված է դեռևս Ներոնի ժամանակներում՝ պատի վրա փորագրված աշխարհի մարմարե քարտեզում, որը պահվում է Հռոմում, հռչակավոր Կոլիզեյից ոչ այնքան հեռու։ Իսկ ինչպես վկայում է հայտնի մարդաբան Վ.Բունակը՝ Արցախի հայերը ոչ միայն պատկանում են արմենոիդ մարդաբանական ընտանիքին, այլև այդ տիպի ամենացայտուն ներկայացուցիչներն են։

Արցախի և նրա շրջակայքի հնագույն բնակատեղիների և դամբարանների պեղումները գիտնականներին բերել են այն եզրակացության, որ այդ հնավայրերը նման են հայկական բարձրավանդակի համաժամանակյա հուշարձաններին, և ըստ էության դրանք մեկ միասնական մշակույթի տեղական տարբերակն են, անտիկ շրջանի հայկական հուշարձաններ են։

ԱՐՑԱԽ. ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈՔՐԻԿ ԱՆԴՐԱԴԱՐՁԱրցախն ի սկզբանե եղել է հայ ժողովրդի բնօրրաններից մեկը, ունեցել է բացառապես հայկական՝ Հայկ Նահապետի սերունդներից սկզբնավորված նախարարական-իշխանական տուն, որն էլ իր հերթին միշտ մտել է հայոց միասնական թագավորության կազմի մեջ։

Ռուս նշանավոր պատմաբան Ս. Սոլովյովը իր «Ռուսաստանի պատմությունը հնագույն ժամանակներից ի վեր» աշխատության մեջ նկարագրելով ռուսների արշավանքը Անդրկովկասում 943-944 թթ., հայտնում է, որ նրանք (ռուսները) «բարձրացան Քուռ գետի հոսանքն ի վեր և հանկարծ հայտնվեցին Պարտավ-Բարդայի՝ Առանի կամ ներկայիս Ղարաբաղի մայրաքաղաքի դեմ հանդիման։ Բարդան, մերձկովկասյան հնագույն քաղաքներից մեկը, հայերին էր պատկանում դեռևս 5-րդ դարում»։ (Տե՛ս՝ նշվ. աշխ. Մոսկվա, 1959, հ.1, էջ 151)։

Արցախի հարյուրից ավելի բերդ-ամրոցներն իրենց տեղական առանձնահատկություններով հանդերձ՝ հար և նման են Հայաստանի մյուս նահանգներում պահպանված բերդերին և համարվում են հայկական ամրոցաշինության դասական սկզբունքներով կառուցված ինժեներական խոշոր պաշտպանական համակառույցներ։ Կարելի է ամենայն մեծարանքով ասել, որ Հայաստանի ոչ մի նահանգում եկեղեցական որմնանկարչությունն այնքան լայն կիրառում չգտավ և նկատելի հետք չթողեց, որքան Արցախում։ Դրա փայլուն վկայություններն են Դադիվանքի, Կիրանց տաճարի, Առաքելոց վանքի և այլ հուշարձանների որմնանկարները։ Հայկական արվեստի մի ինքնուրույն բնագավառ են կազմում Արցախ աշխարհի հազարավոր խաչքարերը, տապանաքարերը, բարձրաքանդակները, մանրանկարները, գրչագրերը, հուշակոթողները և վիմագիր արձանագրությունները։ Ամենուրեք սփռված տապանաքարերի և խաչքարերի մի մասի վրա պատկերված է միջնադարյան հայ գեղջուկն իր հագուստով, հոգևորականն իր սքեմով, երաժիշտն իր երաժշտական գործիքով և հատկապես զինվորն իր ռազմական հանդերձանքով։ Սակայն արժեքավոր կոթողներն ուշագրավ են ոչ միայն իրենց ճանաչողական նշանակությամբ, այլև պատկերացում են տալիս հայ քարագործ վարպետների գեղագիտական ճաշակի ու նախասիրությունների մասին։

ԱՐՑԱԽ. ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈՔՐԻԿ ԱՆԴՐԱԴԱՐՁԶարդաքանդակի մի կատարյալ պատկերասրահ է Գանձասարի վանքը, որը Աղթամարի նշանավոր Սուրբ Խաչ վանքի հետ միասին կազմում է հայ ճարտարապետության բացառիկ «քանդակային» հուշարձանների թագն ու պսակը։ Հայոց պատմության մեջ բազմաթիվ տեղեկություններ կան, որ Դադիվանքի կաթողիկեի հիմնադիր Արզա-Խաթունը տիրապետում էր հյուսվածքեղենի, մանավանդ մեծածավալ վարագույրների արարման նուրբ ու դժվարին արվեստին։ Հայտնի է, որ նա վարագույրներ է հյուսել Դադիվանքի, Գոշավանքի, Հաղպատի, Մակարավանքի և այլ նշանավոր վանքերի խորանների համար։ Նշված հուշարձանների էթնո-մշակութային պատկանելությունը, այսինքն՝ հայկական լինելը, անհերքելի է, վկայված օտարազգի և հայ պատմիչների հավաստի տեղեկություններով, ինչպես նաև հայերեն հազարավոր վիմագիր արձանագրություններով։ Դա ապացուցվել է նաև զարդարվեստի բազմատարբերակ առանձնահատկություններով։ Արցախում գտնված զարդարվեստի բոլոր նմուշները նույնպես անխտիր որոշակի ընդհանրություններ ունեն Կենտրոնական Հայաստանի զարդարվեստի հետ, դեռ ավելին՝ դրանք նույն արմատներն ունեն և կազմում են հայ քարարվեստի ընդհանուր նվաճումների բաղկացուցիչ և անբաժան մասը։

IX դարի վերջին արաբական լուծը թոթափած Արցախը Հայաստանում հաստատված Բագրատունյաց թագավորության կազմում հայոց արևելից կողմանց նահանգներից մեկն էր։ Արաբներն արդեն դադարել էին երկրամասի համար սպառնալիք լինելուց, սելջուկ-թուրքերը դեռևս չէին երևացել, իսկ պարսիկները բզկտված էին։ Աշխուժանում էր գրական կյանքը, մատենագրությունը, մանրանկարչությունը, դեկորատիվ-կիրառական արվեստը։ Այս շրջանում են հանդես եկել այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են՝ Մովսես Դրասխանակերտցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Օրբելյանը, Մխիթար Այրիվանեցին և այլք, որոնք միասին ներկայացնում են հայ մատենագրության արևելյան թևը։

Բյուզանդական արքունիքի արարողությունների մասին գրքում (գիրք II, գլ. 48) կան փաստեր, որ բյուզանդական կայսեր Կոստանդին Ծիրանածինը 10-րդ դարում նամակագրական կապի մեջ է եղել Հայաստանի Խաչեն-Արցախ նահանգի իշխանության հետ։

XII-XIII դարերում ձևավորվեց հայկական ճարտարապետության արցախյան դպրոցը, որի գլուխգործոցները հիմնականում կենտրոնացած են վանքային համալիրներում։ Դրանցից Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (1216-1238), Դադիվանքի կաթողիկեն (1214), Գտչավանքի գլխավոր եկեղեցին (1241-1248), Բռի Եղցի համալիրի որմնափակ խաչքարերը (1230-1270), Խադավանքի կաթողիկեն (1204) և այլք համարվում են հայ ճարտարարվեստի փայլուն ստեղծագործություններ։ Միանշանակ է, որ վանքային համալիրները եղել են ոչ միայն խոշոր կրոնական օջախներ, այլև քաղաքական, մշակութային, ազգապահպան ազդեցիկ կենտրոններ։ Ոչ մի երկրում եկեղեցին այնպես կապված չի եղել ժողովրդի հետ, ինչպես Հայաստանում։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (1451) 28.09.2022 - 04.10.2022, Հոգևոր-մշակութային


30/09/2022