Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՈՒՐԱՆԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ



«Ֆորդու» միջուկային կենտրոնի արտադրական հզորությունները գտնվում են Կում քաղաքից 156 կիլոմետր հարավ գտնվող լեռնային կառուցված ստորգետնյա բունկերներում, որոնք անհասանելի են համարվում ամերիկյան ու իսրայելական հրթիռների համար: Այդ կապակցությամբ ՄԱԳԱՏԵ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Նաթանց քաղաքում և «Ֆորդու» կենտրոնում ուրանի հարստացման բոլոր աշխատանքներն իրականացվում են ՄԱԳԱՏԵ-ի փորձագետների հսկողության ներքո, իսկ բազմաթիվ միջազգային փորձագետներ պնդում են, որ Իրանը հերթական անգամ անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջը:

Միաժամանակ Իրանի բարձրագույն ղեկավար Այաթոլլա Ալի Հոմենեին նախօրեին երկրի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Իրանի ժողովուրդն ու իշխանությունները չեն վախենում երկրի նկատմամբ Արևմուտքի սահմանած նոր պատժամիջոցներից, և Թեհրանը շարունակելու է կյանքի կոչել իր միջուկային ծրագիրը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան իր հերթին հայտարարել է, որ Իրանը ներկա փուլում չի իրականացնում միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ, այլ ընդամենը փորձում է ստեղծել դրա համար անհրաժեշտ որոշ հնարավորություններ: Պենտագոնի ղեկավարը նշել է, որ Թեհրանի կողմից սեփական միջուկային ռումբի ստեղծման աշխատանքներն այն «կարմիր գիծն» են, որն անցնելու փորձին Միացյալ Նահանգները կհակազդի հնարավոր բոլոր միջոցներով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


10/01/2012