Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆ ԿԱՄ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ



ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆ ԿԱՄ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը նշում է օգոստոսի 15-ին մոտակա կիրակի օրը: Վերափոխումը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, այդ իսկ պատճառով տոնվում է մեծ շուքով:

Տոնն իր մեջ ունի նաև մեծ խորհուրդ. այն ընկալելու համար անհրաժեշտ է ունկն դնել սրբազան ավանդությանը, որը եղեգնյա փողի քաղցրահունչ ելևէջների նմանողությամբ մեզ է հասնում պատմության ակունքներից:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից տասներկու տարի անց, երբ սուրբ Կույսն արդեն պետք է թողներ այս մարմնավոր կյանքը, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը: Հրեշտակապետը Աստվածամորը կանչեց Ձիթենյաց լեռը, ուր և վերջինիս աղոթքի ժամանակ առաջին անգամ ավետեց Միածին Որդու բարեհաճությունը Ամենասրբուհի Մոր դեպի անքննելի փառքը փոխադրվելու մասին:

Տասնչորս օր անց կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և վերստին Տիրուհուն ավետեց Աստծու մոտ փոխվելու մասին, ինչից ցնծաց Մարիամը, և ուրախությամբ լցվեց նրա հոգին: Տասներկու օր անց երրորդ անգամ եկավ Գաբրիելը և դարձյալ խոնարհվելով տիրամայր Կույսի առջև՝ փոխանցեց ավետիսը վերջին անգամ:

Աստվածամայրը հոգու ցնծությամբ և սրտի բերկրանքով սպասում էր Միածին Որդու հետ հանդիպմանը, և դառնալով իր տուն՝ կանչեց բոլոր յուրայիններին, ազգակիցներին և այն սուրբ կույսերին, որոնք իր հետ ժուժկալությամբ և սակավապետությամբ ճգնում էին, ու նրանց հանձնարարեց, որպեսզի վառեն բոլոր ջահերը և իր հետ լինեն երեք օր, և այդ օրերին մշտապես աղոթում և շատ բաներ էր պատմում Աստծու մեծամեծ գործերի մասին:

Երբ օրերը իրենց լրմանը հասան, Աստվածամայրը նոր զգեստներ հագնելով՝ ընկղմվեց իր սուրբ անկողնու մեջ, և օրվա երրորդ ժամին Միածին Որդին՝ Բանն Աստված, երկնային զորքերի հետ անասելի փառքով երևաց Ամենասրբուհուն:

Ապա ամենամաքուր Կույսը ավանդեց իր հոգին իր Միածին Որդու և Արարչի՝ մեր Աստծու ձեռքը: Սրբուհու հոգին ելավ ու խառնվեց երկնային զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չապականվեց ինչպես դիակը, այլ եղավ այն, ինչ նախախնամված էր:

Ամենասրբուհու մարմինը դրվեց կնքված գերեզմանում երեք օր, Միածին Որդու նմանողությամբ: Երեք օր հետո մեր Տերը, լուսափայլ ամպով ու հրեշտակների հետ միասին, մոտեցավ սուրբ Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց խախտելու կնիքը, վերցրեց աստվածընկալ մարմինն ու վերացավ երկինք: Տերը, մարմինը տանելով, միավորեց հոգու հետ ու հանգչեցրեց երանության փառքում:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է ոչ թե Աստվածամոր ննջումը, այլ փառավոր ու անքննելի վերափոխում Միածին Որդու մոտ:

Վերափոխման տոնին եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ, իսկ պատարագի վերջում կատարվում է խաղողի օրհնության կարգ և օրհնված ողկույզները բաժանվում ժողովրդին: Հենց այստեղից էլ առաջացել է «Խաղողօրհնեք» անվանումը:

Բայց ինչո՞ւ օրհնության համար ընտրվեց հենց խաղողը:

Ադամի և Եվայի մեղանչման պատճառով Աստծու կողմից անիծվեց նաև երկիրը, որով և բնությունը .«Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես»(Ծննդ. Գ 17): Իսկ Որդի Աստծու մարդեղացմամբ վերստին օրհնվեց մարդկային բնությունը և երկրիս արարածները: Տերն առավել օրհնեց և բոլոր ծառերից վեր բարձրացրեց խաղողի ողկույզը: Նա ինքն իրեն անվանեց «Ճշմարիտ Որթատունկ», իսկ խաղողից ստացվող գինին դարձրեց Մարդկանց փրկության համար թափվող Իր կենսատու արյան նյութը. «Սա՜ է Նոր ուխտի Իմ Արյունը»:

Նյութն ավարտելով՝ ընթերցողին ենք ներկայացնում Աստվածածնին ուղղված հայ եկեղեցու լավագույն շարականներից մեկը:

Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար:

Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:

Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք` (հիշեցնելով) նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ների բազմամեղիս, և ջնջի իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմի դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես վարդապետ Գառնեցի (1180 – 1245)

 

Պատրաստեց՝ ԴԱՎԻԹ սրկ. ԱԶԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #22 (1444) 10.08.2022 - 16.08.2022, Հոգևոր-մշակութային


11/08/2022