Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՏԱՆԿԱՅԻՆ ԲԻԱԹԼՈՆ-2022»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ



«ՏԱՆԿԱՅԻՆ ԲԻԱԹԼՈՆ-2022»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋԶրույց ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ, գնդապետ ՍԱՍՈՒՆ ԲԱԴԱՍՅԱՆԻ հետ:

 

-Պարո՛ն գնդապետ, Ռուսաստանում՝ մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում, շուտով կմեկնարկեն ավանդական «Տանկային բիաթլոն-2022» մրցումները, որոնց մասնակցելու, իրենց ուժերն են չափելու նաև մեր տանկիստները: Մրցումներին ընդառաջ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել  ու իրականացվում մեր թիմի պատրաստության համար:

-Նախ նշեմ, որ «Տանկային բիաթլոն» մրցաձևի հիմնադիրները ռուս գործընկերների հետ նաև մեր՝ հայկական զինված ուժերն են հանդիսանում: Այսպիսի ավանդույթ կա. տվյալ տարվա մրցույթն ավարտվելուց անմիջապես հետո ծրագրվում և սկսվում են հաջորդ տարվա մրցումներին նախապատրաստական աշխատանքները: ՀՀ «Տանկային բիաթլոնի» թիմի ձևավորման համար կատարել ենք ընտրություն, որից անմիջապես հետո իրագործվել է համապատասխան անձնակազմերի պատրաստության ծրագիրը՝ ըստ օրերի, շաբաթների, ամիսների: Եվ, իհարկե, ըստ այն վարժությունների, որոնք մեր անձնակազմը պետք է կատարի մրցումների ժամանակ: Ընդհանուր վարժության մեջ նախատեսված է նաև մի շարք արհեստական և բնական արգելագոտիների հաղթահարում:

-Ի՞նչ անձնակազմ է ներգրավված մրցույթին մասնակցել պատրաստվող թիմում:

«ՏԱՆԿԱՅԻՆ ԲԻԱԹԼՈՆ-2022»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ-Ի տարբերություն մյուս երկրների անձնակազմերի, որոնցում հիմնականում արհեստավարժ սպայական և ենթասպայական կազմն է ներգրավված, մեր անձնակազմում ներգրավված են հիմնականում ժամկետային զինծառայողներ: Այս աշխատանքների ընթացքում մենք վերլուծում ենք գործնական պարապմունքների, հրաձգության վարման արդյունքները, համեմատականներ ենք անցկացնում յուրաքանչյուր նախորդ շաբաթվա արդյունքների հետ: Նկատելի է, որ ամեն շաբաթ արդյունքներում դրական տեղաշարժ է արձանագրվում: Համեմատական վերլուծություն ենք կատարել նաև նախկինում այս մրցումներին մեր մասնակցության փորձի հետ և նույնպես նկատել ենք դրական տեղաշարժ: Իհարկե, որոշակի հոգեբանական խոչընդոտներ լինում են, երբ մրցումներում ներգրավված են ժամկետային զինծառայողները: Մեծ պատասխանատվություն է, երբ օտար երկրում նրանք ներկայացնում են իրենց հանրապետության զինված ուժերը: Ճնշումը մեծ է, և երբեմն ավելորդ լարվածությունը խանգարում է հմտությունն ամբողջապես ցուցադրելուն: Բայց, միևնույն ժամանակ, երբ նրանք գիտակցում են, թե ինչպիսի պատիվ ու բախտ է վիճակված իրենց, կարողանում են հրաշալի արդյունքներ գրանցել: Օրինակ՝ 2016 թ. մեր շարքային կազմն այնպիսի կրակային խոցում է իրականացրել, որի ցուցանիշը մինչև օրս դեռ մնում է չգերազանցված:

Բոլորիս հայտնի է, որ 44-օրյա պատերազմի արդյունքները չեն արտացոլում մեր և հակառակորդ կողմի զորքերի պատրաստության իրական մակարդակը: Գիտենք, թե ինչպիսի մեծ օժանդակություն են նրանք ստացել, մասնավորապես, Թուրքիայի կողմից: Ուստի, յուրաքանչյուր միջազգային մրցույթում մենք պարտավոր ենք ցույց տալ մեր մարտունակությունը, ապացուցել, որ շարունակում ենք զարգանալ, հմտանալ, հավատում ենք մեր ուժերին և շարունակելու ենք ըստ արժանվույն պաշտպանել մեր Հայրենիքը:

-Ինչպիսի՞ն է այս օրերին անձնակազմի տրամադրվածությունը:

-Շատ խանդավառված են, փորձում են անել առավելագույնը:  Անձնակազմում ունենք տղաներ, որոնք 44-օրյա պատերազմում զոհվածների բարեկամներ են, հարազատներ: Հատկապես նրանց ոգևորությունը շատ մեծ է: Սա էլ իրենց բաժին կռիվն է, իրենց «մարտական գործողությունը» խաղաղ պայմաններում, և նրանք մեր դրոշը պետք է պատվով պահեն: Բոլորը շատ մարտական են տրամադրված: Ասում են՝ պետք է ցույց տանք, թե ինչի է ընդունակ հայ զինվորը:

-Այս տարի կա՞ արդյոք որևէ նորամուծություն, փոփոխություն «Տանկային բիաթլոնի» անցկացման կարգում:

«ՏԱՆԿԱՅԻՆ ԲԻԱԹԼՈՆ-2022»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ-Վերջին երեք տարիներին «Տանկային բիաթլոնի» մրցակարգի մեջ փոփոխություններ չեն եղել: Մինչև 2019 թ. կրակային վարժությունները քիչ էին: Այն ժամանակ հնարավոր էր, որ անձնակազմերը ոչ մի թիրախ չխոցեին, բայց, արագ հաղթահարելով տուգանային շրջանը, առաջինը հասնեին ավարտական գծին և հաղթեին: 2019 թ. եղավ փոփոխություն. երեք կրակային վարժություն ավելացավ, չէ՞ որ տանկը միայն վարելու համար չէ, այն պիտի դիպուկ խոցում կարողանա իրականացնել: Առանց դրա մրցույթի մասնակիցներն այլևս չեն կարող ավարտել ընդհանուր վարժությունը, որքան էլ արագ վարեն: Ավելացվել է խոցումը չիրականացնելու դեպքում տուգանային շրջանների քանակը, ինչը անհնար է դարձնում դրանց արագ հաղթահարումն ու հաղթանակի հասնելը:

-Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարևոր գործոններից է կախված այս մրցումներում մասնակիցների հաջողությունը: Ինչպիսի՞ պահանջներ են դրված կոնկրետ այս մրցույթի մասնակիցների առջև, ի՞նչ յուրահատուկ որակներ են պահանջվում նրանցից:

-Բացի բուն մասնագիտական պատրաստությունից, շատ կարևոր գործոն է, իհարկե, ֆիզիկական պատրաստությունը՝ ուժը, դիմացկունությունը, ճարպկությունը: Սրանք բոլորը որակներ են, որոնք որոշիչ կարող են լինել մրցույթի մեկնարկից անմիջապես հետո և ազդել վերջնական արդյունքների վրա: Օրինակ՝ մինչև տանկին հասնելը անձնակազմը մոտ 100 մետր էստաֆետի է մասնակցում. այստեղ մեծ արագություն է պետք զարգացնել և ճարպկություն ցուցաբերել, քանի որ ամեն վայրկյանը հենց այս  մեկնարկային փուլում շատ կարևոր ու որոշիչ է մրցույթի  հետագա ընթացքի, վերջնական արդյունքի համար: Ուստի, ֆիզիկական պատրաստության որակներին հատուկ ուշադրությամբ ենք մոտենում: Անձնակազմի տղաները մինչև երկու ժամ տանկում են լինում, վարժություններ կատարում, արգելքներ հաղթահարում, դրանով իսկ զարգացնում իրենց դիմացկունությունն ու կամային որակները:

Պետք է նշել, որ որոշ չափով նաև հաջողակության գործոն էլ կա այս մրցումներում. մենք, ինչպես հայտնի է, մեր սեփական տեխնիկայով չենք մասնակցում մրցույթին, ուստի, նրանից, թե ինչ տեխնիկա մեզ բաժին կընկնի վիճակահանությամբ, նույնպես շատ բան է կախված: Տանկերը, որ իրենց մակնիշով նույնն են, տարբերվում են տեխնիկական հնարավորություններով: Այդուհանդերձ, այն, ինչ կախված է մարդկային գործոնից, մենք անում ենք լիարժեք: Ամեն օր ճիշտ ժամը 7:30-ին պարապմունքները սկսվում և շարունակվում են մինչև 18:00-ն: Սակայն չենք բավարարվում նաև սրանով. հաճախ դիմում ենք վերադասին խնդրանքով, որ լրացուցիչ ժամեր հատկացնեն զինվորներին՝ ուսումնական ամբողջ նյութին հնարավորինս մանրազնին ծանոթացնելու համար: Շատ արհեստավարժ ու փորձառու մարզիչներ ունենք: Նրանցից ուզում եմ հատկապես նշել փոխգնդապետներ Գագիկ Գևորգյանին և Արմեն Ֆեռոյանին, որոնք բարձրակարգ տանկիստներ են և մեծ ներդրում ունեն այս գործում: Տարիներ շարունակ նրանք մեծ նվիրումով, բարեխիղճ ու քրտնաջան աշխատանքով պատրաստում են մեր տանկերի անձնակազմերին:

Անձնակազմի տղաներն էլ ձգտում են ու տրամադրված են շատ բարձր ցուցանիշներ արձանագրելու: Գլխավոր բարդությունը, որ նրանք պետք է հաղթահարեն, մրցակցային միջավայրն է, որում պիտի ցույց տան իրենց կամային բարձր որակները, համառությունը, պահեն հաղթական ոգին ու անեն առավելագույնը՝ հաղթանակի հասնելու համար:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (1442) 27.07.2022 - 02.08.2022, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/07/2022