Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ



ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ44-օրյա պատերազմն իր ուժգնությամբ և ֆիզիկական ու հոգեբանական լարման աստիճանով աննախադեպ էր: Թշնամին այս պատերազմում կիրառեց լայն ու բազմազան զինանոց, որը միտված էր հնարավորինս մեծ ու ցավալի վնաս հասցնելու մեր զորքին՝ արհամարհելով Ժնևյան կոնվենցիան, որով արգելված է սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ տեսակի զենքերի կիրառումը: Այն, ինչով անցել են մեր զինծառայողներն ու կամավորները այս պատերազմում, անհետևանք չէր կարող մնալ. մարտական գործողությունների մասնակիցներից յուրաքանչյուրը տարբեր աստիճանի ֆիզիկական վնասվածքներից զատ, նաև հոգեբանորեն է վնասվածքների ենթարկվել: Ֆիզիկական առողջությունը կորցրած տղաներից շատերը խոստովանում են՝ սեփական ֆիզիկական վնասվածքները, վերջույթների, առողջության կորուստն այդքան տանջալի չեն, որքան մտերիմ ընկերների և կյանքի գնով պահվող հայրենի հողի կորստի գիտակցությունը:

Պատերազմից հետո անընդհատ մտովի վերապրվող ծանր հիշողություններն ու դրանց հասցրած հոգեբանական վնասները որոշ դեպքերում հաղթահարվում են անձի ինքնակարգավորման բնատուր ձիրքով, սակայն ավելի հաճախ համապատասխան գիտելիքների, փորձի բացակայության պատճառով դրանք հնարավոր չի լինում ինքնուրույն հաղթահարել: Նման դեպքերում օգնության են հասնում մասնագետ հոգեբանները: Հիվանդանոցներում պատերազմից հետո բուժվող մարտիկները, ինչպես և նրանց ծնողները հընթացս նաև հոգեբանական օգնություն էին ստանում: Շատերը հիվանդանոցից դուրս էին գրվում՝ իրենց ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական խնդիրներն ընդհանուր առմամբ հաղթահարած: Սակայն ավելի սուր հոգեկան ցնցումներ տարած մարտիկների մի մասը, անգամ այսօր՝ պատերազմից երկու տարի անց, կարիք ունեն լուծելու որոշ  ներքին կոնֆլիկտներ, որոնք խոչընդոտ են ֆիզիկական լիակատար առողջացման և լիարժեք հասարակական կյանք վերադառնալու ճանապարհին:

Պատերազմից հետո հոգեբանական տարբեր ծառայություններ ի հայտ եկան, ստանձնեցին մարտի դաշտից վերադարձած զինծառայողների հոգեբանական վերականգնման գործառույթը: Այս կարգի  կառույցներից մեկն էլ Հայաստանի Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնն է, որի ստեղծման գաղափարը ծագել է անմիջապես պատերազմից հետո։ Եվ ստեղծման օրվանից Կենտրոնում անվճար հիմունքներով իրականացվում է հոգեբանական օժանդակության կարիք ունեցող շահառուների՝ պատերազմով անցած զինծառայողների և կամավորների բուժումը: Միաժամանակ, բարեգործական ֆինանսական աջակցության շնորհիվ, կենտրոնում շարունակվում են տարածքի ամենօրյա կառուցապատման աշխատանքները: Այն հարմարավետ մի օազիս-քաղաք է դառնալու այստեղ բուժում  և հոգեբանական օժանդակություն ստացող մարտիկների և իրենց զավակներին կորցրած ծնողների համար: Կենտրոնը հագեցած է տարբեր տեսակի ժամանակակից սարքավորումներով և համալրված է հոգեբան-մասնագետներով:

Հերոսների վերականգնողական կենտրոնի տարածքում ենք: Կենտրոնի հիմնադիրը՝ Սուրեն Արեենցը, ներկայացնում է ավարտված և ընթացիկ աշխատանքները:

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆՆերկայումս կենտրոնը երեք բնույթի աշխատանք է իրականցնում: Առաջին խնդիրը և նպատակը շահառուների բուժումն է: Զուգահեռաբար իրականացնում ենք մասնագետների վերապատրաստում: Սա ամենակարևոր խնդիրներից է: Մեր մասնագետների ձեռքը միշտ պետք է ժամանակակից աշխարհի զարկերակին լինի. պետք է անընդհատ առաջ քայլենք ու թարմացնենք անհրաժեշտ գիտելիքները, հմտությունները: Երրորդ խնդիրն այն է, որ սոցիալական ծրագրեր ենք գտնում, որոնց շրջանակում շարունակվում է մեր շահառուների հետագա սոցիալացումը, հասարակական կյանքին հարմարվելը:

Սուրենի հետ շրջում ենք կենտրոնի տարածքով. այն մանրամասն մտածված և մոդելավորված է շահառուներին հնարավորինս անկաշկանդ և հանգստավետ վիճակի մեջ դնելու և նրանց վերականգնման գործընթացին հնարավորինս դրական հուզական լիցքեր հաղորդելու համար: Օրինակ՝ արհեստական ջրվեժը, որը շուտով իրականություն կդառնա, հացատունը, որը գրեթե պատրաստ է: Այստեղ շահառուները՝ հիմնականում՝ որդեկորույս մայրերը, հացաթխման արարողության ընթացքում որոշակի հոգեբանական աշխատանքների զուգակցմամբ, հնարավորություն են ստանում ձերբազատվելու ծանր ապրումներից ու ճնշող հոգեվիճակից: Տարածքի ռելիեֆը, բոլոր բաղկացուցիչները, լուծումները հարմարեցված են շահառուների հոգեբանական կարիքներին:

Այստեղ խարույկ ենք վառելու,- ասում է Սուրենը։- Սա էլ մի անկյուն է, որտեղ մեր շահառուները ճեմելու են, հավաքվելու են խարույկի շուրջ, զրույցներ են վարելու: Մեր ամենակարևոր նպատակը «վերագործարկում» ծրագրերն են. այսինքն՝ բուժվողը չի անդրադառնում, որ այս կամ այն գործունեությանը զուգընթաց՝ նաև թերապիա է անցնում:

Այս հարթակը համերգների համար է. նախատեսել ենք նաև բարեգործական համերգներ անցկացնել, որոնց շնորհիվ ծրագիրը կկարողանա ապահովել իր շարունակականությունն ու զարգացումը: Տարածքի մի զգալի, գեղատեսիլ հատված հատկացվել է այգուն: Ձմռանը այն վերածվելու է ձմեռային այգու, որտեղ հերոսների ծնողները, որոնք դեպրեսիայի կամ մեկ այլ հուզական բարդ վիճակում են, կկարողանան կենդանիների հետ շփումների միջոցով, նրանց խնամելով՝ հանգստացնել նյարդային համակարգը, բերել այն վիճակին, որից հետո կկարողանանք անցում կատարել բուն թերապիայի գործընթացին: Մենք սկզբունքորեն դեմ ենք որևէ դեղորայքային միջոցի:

Հոգեթերապիայի, ֆիլմի դիտումների, հանդիպումների համար նախատեսված սրահում վանդակի մեջ Ալիսն է՝ հսկա արա տեսակի թութակը՝ ամերիկահայ բարեգործ Ալիս Տերյանի նվերը կենտրոնին, հոգեթերապիայի նախնական փուլի կարևոր դերակատարներից, որ ձմեռային այգու բնակիչ է դառնալու: Թութակն այժմ «նախապատրաստական» փուլ է անցնում. սովորում է շփվել մարդկանց հետ:

Նախընտրում ենք բնական և իրենց արդյունավետությունը համաշխարհային փորձով ապացուցած մեթոդները,- շարունակում է Սուրենը:

Վախերի կառավարման սենյակում ենք։ Պատուհանների բարձրությունից սկսած մինչև գունային երանգները՝ բոլորը հաշարկված և հարմարեցված են յուրատեսակ աշխատանքներին: Ներկայումս կենտրոնում երեք հավաստագրված ու վերապատրաստված հոգեբան է աշխատում:  Նրանցից մեկը՝ Մարիամ Գրիգորյանը, ներկայացրեց իրենց աշխատանքի հիմնական ուղղություններն ու բնույթը.

Սարքերը, որ տեսնում եք այս սենյակում, ի սկզբանե գործածվել են 3D ֆիլմեր դիտելու համար: Այնուհետև հոգեբանները դրանք սկսել են գործածել թերապևտիկ նպատակներով: Հայաստանում մեր կենտրոնն առաջինն է կիրառել այս սարքերը: Հիմնականում դրանց օգնությանն ենք դիմում վախերի, տագնապների, «խուճապային գրոհների»  դեպքում: Հոգեբանության մեջ կա էքսպոզիվ թերապիայի մի տեսակ, որը հնարավորություն է տալիս վիրտուալ կերպով մտնել վախ, անհանգստություն առաջացնող իրավիճակի մեջ, որ հատուկ մոդելավորվում է այդ նպատակով և աշխատել՝ հետզհետե թուլացնելով դրա բացասական ազդեցությունը: Սենսորային սարքերի միջոցով, որ հագցվում են այցելուի մատներին, հետևում ենք թե՛ դրական և թե՛ բացասական հույզերին՝ հասկանալու համար, թե որ իրավիճակն է առավել զգայուն  շահառուի մոտ:

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆՄեր այս ծրագրերն անընդհատ թարմացվում են ու հագեցվում նոր մոդելներով, որ պատվիրում ենք սպասարկող կենտրոնին: Մեր աշխատանքներով շատ դրական արդյունքներ ենք գրանցել: Մարդիկ, որ, օրինակ, քնի խանգարման լուրջ խնդիրներ ունեին, այժմ հանգիստ իրենց գիշերային քունն են վայելում: Զգալիորեն նվազում են «ֆլեշբեքերը»՝ պատկերային կամ ձայնային կրկնվող հիշողությունները: Պարբերաբար վիճակագրական վերլուծություններ ենք անում, որոնք վկայում են, որ արդյունքները շատ դրական են:

Որդեկորույս ծնողների դեպքում մեր հիմնական աշխատանքը ուղղվում է վշտի հաղթահարմանը, դրա հետ կապված հակազդումների աշխատանքին: Այստեղ շատ նուրբ ու դժվարին ճանապարհ ենք անցնում մարդուն դեպի իրականություն վերադարձնելու համար:

Դեռ Վիետնամական պատերազմից շատ լավ աշխատող հնարքներ են մշակվել, որոնք իրենց լիովին արդարացնում են նաև մեր 44-օրյա պատերազմի հետևանքների առումով: Հատկապես արդյունավետ են նեյրոլինգվիստիկ ծրագրավորման մեթոդները, վարքաբանական թերապիան, որոնք շատ արդյունավետ են մտքում ֆիքսված կրկնվող «ֆլեշբեքերից» ձերբազատվելու համար:

Պատերազմի մասնակիցներն ու նրանց ընտանիքի անդամները մեզ այցելում են շաբաթական մեկ կամ երկու անգամ: Նրանց հետ աշխատանքի մեթոդները, սենյակների ընտրությունը կատարվում է՝ ելնելով տվալ այցելուի կարիքներից: Հոգեբանության մեջ, իհարկե, երկու աթոռն էլ բավական է, որ նստես մարդու կողքին և նրան կարողանաս օգնել դուրս գալու դժվար հոգեվիճակից: Այս ամենը, որ մենք ստեղծում ենք կենտրոնում, նպաստող ու դրական տարրեր են, որոնք բուժման ընթացքն են արագացնում: Տղաներից ոմանք մեզ հետ հավասար սպասում են, թե երբ է, ասենք,  ջրվեժը պատրաստ լինելու: Իհարկե, դրական հույզերն իրենց դրական ազդեցությունն են ունենում թերապևտիկ գործընթացի վրա:

Սա մեր ստացիոնար շենքն է,- շարունակում է ներկայացնել Սուրենը,- այստեղ է մեր զոհված հերոս հրետանավոր Արեն Մեհրաբյանի անվան գրադարանը: Հիվանդասենյակ հիշեցնող որևէ բան չպետք է լինի այստեղ: Շահառուն, առավոտյան արթնանալով, պետք է իրեն զգա ինչպես տանը: Չեն լինելու սպիտակ խալաթներ և հիվանդանոցային մթնոլորտը  հիշեցնող որևէ բան: Բուժումից հետո էլ մեր շահառուները 24-ժամյա հասանելիություն պետք է ունենան՝ այստեղ գալու իրենց ընտանիքի հետ:

Այս նյութի շրջանակում մենք էթիկայի նկատառումներով չենք ներկայացնի վերականգնողական կենտրոնի շահառուներին, չենք ներկայացնի նաև նրանց պատմությունները, նրանց անցած մարտական ուղին, վիրավորման կամ հոգեբանական բուժման  ընթացքը, որոնց գաղտնիությունը լիարժեք պահպանվում է կենտրոնում, ինչպես ցանկացած հոգեթերապևտիկ գործընթացի շրջանակում:

Մենք այժմ իրավաբանի հետ ենք աշխատում,- ասում է կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը,- պետք է քրեորեն պատժելի լինի բուժվող անձի հանրայնացումը, անկախ նրանից՝ վերջինս համաձայն  է, թե ոչ:

Սա հոգեբանական վերականգնողական կենտրոն է, որտեղ ֆիզիկական վերականգնման աշխատանքներ չեն ենթադրվում: Թեև, ինչպես գիտենք, ցանկացած հոգեբանական վերականգնողական աշխատանք  բարենպաստ հիմքեր է ստեղծում նաև ֆիզիկական վերականգնման համար: Մեր այցելու շահառուները ազատ են տարբեր կենտրոններ այցելելու, նաև իրենց ֆիզիկական առողջության վերականգնման նպատակով այլ կենտոններ այցելելու, ինչը է՛լ ավելի արդյունավետ է դարձնում անձի ընդհանուր ապաքինման գործընթացը:

Սրահներից մեկում հանդիպում ենք Տիգրանին, որը երկու պատերազմների մասնակից է: Լսելով կենտրոնի մասին, մի օր եկել է, ներկայացել ու իր համար այստեղ գտել է ստեղծագործական հարմարավետ մի միջավայր: Այստեղ իր աշխատանքները ստեղծելուն զուգընթաց՝ նաև օգնում է տարածքի բարեկարգման կամավորական աշխատանքներին: Ժամանակին ողնաշարի լուրջ վնասվածք ստացած երիտասարդը, որ գամված էր սայլակին, այժմ քայլում է ազատ և առանց սահմանափակումների մտածում ապագայի մասին: Սեփական փորձով է համոզվել՝ մարդու միտքը հրաշագործ է, և եթե հավատում ես հրաշքին, այն անպայման իրականություն կդառնա. սայլակի վրա նստած վիճակից սեփական ոտքերով տեղաշարժվելու իր այսօրվա կարողությունը դրա վկայությունն է: Տիգրանը, որ նախկինում արվեստի հետ լուրջ առնչություն չի ունեցել, այստեղ՝ կենտրոնի հարկի տակ ոչ միայն ստեղծագործում է, այլև կենտրոն այցելող մյուս կամավորներին վերպետաց դասեր է տալիս:

Ինձ մեծ ուժ տվեց որդուս ծնունդը, և, իհարկե, նաև կինս, որ իմ հավատարիմ ընկերն է բոլոր դժվար պահերին,- պատմում է Տիգրանը։- Հիմա Վաչս 7 ամսական է: Ես իմ վիրավոր ընկերների հետ զրուցելիս ասում եմ. «Եթե մեր տղաները նույն անկումներն ունենան կյանքում, որ մենք ենք ունեցել, ուրեմն՝ մեր ապրած կյանքից դասեր չենք քաղել, չենք կարողացել նրանց ճիշտ խորհուրդներ տալ»:

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆՏիգրանի ոչ մի ստեղծագործություն ոճական առումով չի կրկնվում. ձգտում է միշտ նոր ոճում փորձել իրեն՝ որոշ դեպքերում դիմելով հմուտ վարպետների օգնությանը: Այստեղ են Մոնթեի, Ազգային հերոս Վահագն Ասատրյանի դիմապատկերները։ Տարբեր ոճական լուծումներով հրաշալի գործեր են: Արդեն իսկ շուրջ 40 ավարտուն գործ ունի:

Սրանք մեր Տիգրանի աշխատանքներն են. շուտով ցուցահանդես-վաճառք ենք անցկացնելու,- ներկայացնում է Սուրենը։- Գիպսից կոմպոզիցիաներ ունի, թելերից հյուսված գործեր: «Կոմիտաս» շարք ունի, որը սկզբունքորեն չի վաճառվելու: Մեծ ցանկություն ունենք, որ այս ստեղծագործությունները նրա համար նաև հենարան լինեն, որպեսզի հետագայում կարողանա սեփական գործն ունենալ, տուն, արվեստանոց ձեռք բերել: Տիգրանը որոշել է, որ իր հերթին պետք է ընկերներին ներգրավի այս աշխատանքներում ու ստեղծի իր մշակութային միկրոքաղաքը, որտեղ կապրեն ու կստեղծագործեն միասին: Դա նրա երազանքն է:

Այդ ընթացքում, երբ մենք շրջում էինք կենտրոնի տարածքում, կամավորների մի մեծ խումբ ժամանեց: Նրանք պատրաստվում էին դիտելու պատերազմների վավերագրող, ռեժիսոր-օպերատոր Սամվել Թադևոսյանի ֆիլմը և հանդիպելու հեղինակին:

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆՄեր այս կամավորները Ամերիկայից եկած հայ երիտասարդներ են, որոնք մեզ դեռ անցած տարվանից էին համացանցով գտել, ոգևորվել կենտրոնի գաղափարով և գործունեությամբ, ցանկություն էին հայտնել գալու և ներգրավվելու մեր աշխատանքներում: Նրանք իրենց որոշակի ֆինանսական ներդրումն են ունենալու հացատան կառուցման գործում, ինչպես նաև կամավորության հիմունքներով մասնակցելու են շինարարական և այգու ստեղծման աշխատանքներում: Նպատակ կա նաև Հայրենիք «ներարկելու» նրանց մեջ, քանի որ նրանց մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում: Այլ բան է հեռվից Հայաստանը և մեր զինվորներին տեսնելը, որոնք իրենց կյանքը, առողջությունն են տվել Հայրենիքին: Այլ բան է վիրավոր զինվորների, մեր զոհված հերոսների ծնողների հետ անձամբ ծանոթանալը: Նրանք մասնակցելու են հերոսների մայրերի հետ հաց թխելու արարողությանը: Այսպիսով, երիտասարդները հնարավորություն են ունենում հոգևոր կապեր գտնել իրենց Հայրենիքում, օգնության իրենց չափաբաժինն են ունենում նաև: Ու, իհարկե, սիրահարվում են Հայրենիքին…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

և ՍՈՒՐԵՆ ԱՐԵԵՆՑԻ անձնական արխիվից

Խորագիր՝ #19 (1441) 20.07.2022 - 26.07.2022, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


21/07/2022