Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՈՑ ՀՈՂԻ ԵՎՍ ՄԻ ԽԻԶԱԽ ԶԱՎԱԿ
ՀԱՅՈՑ ՀՈՂԻ ԵՎՍ ՄԻ ԽԻԶԱԽ ԶԱՎԱԿ

ՀԱՅՈՑ ՀՈՂԻ ԵՎՍ ՄԻ ԽԻԶԱԽ ԶԱՎԱԿՀայոց պատմության դասերին լսել ենք շատ պատերազմների մասին, սերտել թվականները, քաջերի անունները, որոնք նաև գրքերի հերոսներ և հաղթանակների խորհրդանիշ են դարձել։ Հիմա, երբ ինքներս ենք պատերազմ տեսել և պատերազմ ապրում, ամեն քաջի մահվան բոթը հարվածում է մեզ…

Ավագ սերժանտ Նարեկ Գևորգյանը ծնվել է 2000 թ. հուլիսի 21-ին Երևանում։ 2006-2015 թթ. սովորել է թիվ 45 հիմնական դպրոցում։ Ուսման հետ մեկտեղ հաճախել է Հայաստանի Կիոկուշին-կան կարատե-դո Հայաստանի ֆեդերացիա, մասնակցել է բազմաթիվ մրցույթների՝ գրավելով բարձր հորիզոնականներ, պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և մեդալներով։

Դպրոցն ավարտելուն պես ուսումը շարունակել է Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում։ Ունեցել է բարձր առաջադիմություն։

-Դպրոցում և քոլեջում լավ էր սովորում, ցանկանում էր պլաստիկ վիրաբույժ դառնալ։ Նարեկը հանգիստ բնավորության տեր մարդ էր, հավասարակշռված, երբեմն խիստ, ամեն հարցում պատրաստակամ: Ժամերով կլսեր առանց ընդհատելու, խորհուրդներ կտար,- այսպես է իր եղբորը բնութագրում Քնարիկը։

Ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թ. հունվարի 11-ին զորակոչվել է բանակ: Ծառայության է անցել Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամասում՝ որպես բուժակ։ Ընթացքում ծառայողական վերապատրաստում է անցել N զորամասում՝ ստանալով կրտսեր սերժանտի կոչում։ Վերադառնալով Մատաղիսի զորամաս՝ այնտեղից տեղափոխվել է Թալիշ։

…2020 թ. սեպտեմբերի 27-ին տղաները «տագնապ» հրաման ստանալով՝ անմիջապես վաշտի հրամանատարի ուղեկցությամբ շտապել են իրենց ընկերներին օգնություն ցուցաբերելու, սակայն չիմանալով, որ արդեն իսկ տղաները շրջափակման մեջ են, իրենք նույնպես ընկել են շրջափակման մեջ։

7-ժամյա կատաղի մարտեր մղելու հետ մեկտեղ, մի ձեռքին զենքը, մյուս ձեռքին առաջին բուժօգնության պարագաները, անտեսելով երկնքից թափվող կրակը՝ ավագ սերժանտ Նարեկը դաշտից դուրս է բերել վիրավոր զինակիցներին՝ փրկելով նրանց կյանքը։

Դժվար է այս պայծառ տղայի մասին խոսել անցյալ ժամանակով…

Ծանր ժամին նա չերերաց ու չնահանջեց և խիզախաբար մարտնչեց՝ նաև վիրավոր հրամանատարին և զինակիցներին օգնության հասնելով և կյանքեր փրկելով։

Այսպես կյանքը նվիրեց Հայրենիքին…

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Անձնուրաց պաշտպան» մեդալներով։

ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

19 տարեկան

ք. Դիլիջան