Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸ



ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸՍկսված հրադադարի առաջին օրվա լռությունը երկու կողմին էլ ճնշում էր: Քանի դեռ լույս էր, մի կերպ դիմանում էին: Թուրքերն ավելի շատ էին ուրախացել` խրամատներում աղմկում էին, հետո սկսեցին երգել: Հայերը հաղթողի արժանապատիվ լրջություն էին պահպանում: Սակայն երբ մութն ընկավ, խրամատներից սկսեցին լուսածրային գնդակներով օդ կրակել: Թուրքերը երկնքի մութ ֆոնին կիսալուսին էին նկարում, հայերը` խաչ: Առաջին օրը կիսալուսինն ու խաչը խաղաղ, առանց միմյանց վնասելու համատեղվում էին:

-Շատ չոգևորվեք,- ասաց հրամանատարը,- կանչում են շտաբ, վաղը կվերադառնամ:

Ապա կարճ լռությունից հետո ասաց սասունցի պապից ժառանգած իմաստությունը.

-Լա՛ո, թուրքի հետ ճամփա գնալիս երբեք նրա առջևից չգնաս:

Զինվորները բարձրաձայն քրքջացին. արդեն հազար անգամ լսել էին հրամանատարի պապի իմաստուն պատգամը: Մյուս կողմից էլ պատերազմի վերջանալուց տրամադրությունները բարձրացել էին:

-Ծիծաղը՝ ծիծաղ,- լրջացավ հրամանատարը,- բայց չլոպազանաք, տեղի-անտեղի չցցվեք թուրքերի դեմ…

Ողջ գիշեր թուրքերը երգում էին` Միր-Բաշիրից օղի էին բերել: Հրամանատարը խոստացավ` դիրքերից վերադառնալուց հետո մենք էլ կնշենք:

Թուրքերը մինչև լույս հարբում էին, երգում և օդ կրակում: Լուսաբացին լռություն իջավ` անքնությունից ու երգելուց հոգնած քնեցին:

Սկսվեց հրադադարի երկրորդ օրը: Մայիսյան խաղաղ ու տաք առավոտ էր: Լռությունը զարմանալի էր: Բայց ամենից շատ անսովոր էր թռչունների հայտնվելը: Երևի միշտ էլ եղել էին, բայց կրակոցների աղմուկի մեջ չէինք լսել, և թվում էր, թե հանկարծակի հայտնվեցին: Կողքի խրամատում օձ էին բռնել` որսորդը մաշկում էր.

-Խորոված ենք ուտելու,- կանչեցին կողքի խրամատից:

Արևը տաքացնում էր: Համազգեստի մեջ շոգում էինք: Քանի դեռ կռիվ էր, շոգը չէինք զգում: Զգացողություններս վերականգնվում էին: Շուտով բոլորս մինչև գոտկատեղ մերկացանք: Կեսօրին մեզ փոխարինողներ էին գալու: Վերջապես լողանալու էինք, տակաշորերը, քրտնքից կոշտացած գուլպաները փոխելու, և որ ամենակարևորն էր, գումարտակի ճաշարանում տաք ճաշ էինք ուտելու: Մանավանդ, եթե հրամանատարը խոստացած ողին բերեր` իսկական դրախտ:

ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸԱմեն ինչ լավ էր. և՛ խաղաղությունը, և՛ թռչունների երգը, և արդեն մի քանի տարի չցանված, ձեռքից ձեռք անցնող արտատեղում մարդաբոյ բարձրացած կանաչի բուրմունքը, և խաղաղ խրամատներից ժամանակ առ ժամանակ լսվող կանչերը: Վատն այն էր, որ ժամանակը չէր անցնում: Թվում էր, թե կեսօր չէր լինելու, և այլևս խրամատներից դուրս չէին գալու: Խաղաղությունը տրամադրող էր: Սկզբից սկսեցինք գլուխներս դուրս հանել` նայել թուրքերի կողմը, ապա` խրամատից խրամատ անցնել: Ոչ մի կրակոց չկար: Կողքի խրամատում հայերն օձի խորոված ուտելով երգում էին: Թուրքերը նույնպես սկսեցին երգել: Արամը, խրամատի թմբին նստած, նամակ էր գրում: Մի պահ թողեց գրելը, նայեց թուրքերի կողմն ու խնդաց.

-Երգ էլ չունեն, «Աման Թելլո» են երգում:

Մարտակերտից եկող ճանապարհին երևաց հրամանատարի «Վիլիսը»: Տարօրինակ էր, որ հանգիստ գալիս էր: Երկու օր առաջ ձորերով էր գալիս, արկերից փախուստ տալով:

-Էդ ի՞նչ ես գրում,- հարցրի Արամին, հենց այնպես` ժամանակ անցկացնելու համար, գիտեի, որ նամակ է գրում:

-Նամակ եմ գրում,- ժպտաց Արամը,- Երևան գնացող լինի, կուղարկեմ: Որ իմանաս՝ մերս ինչպե՜ս է սպասում…

Աչքերի մեջ զարմանալի թախիծ կար: Մտածեցի՝ երևի կարոտել է, արդեն չորս ամիս է, կռվի մեջ ենք… Փառք Աստծո, արդեն ամեն ինչ անցավ` ողջ, առողջ տուն կվերադառնանք:

-Գնամ տուն,- ասաց Արամը,- մի լավ լողանալու եմ, մորս եփած տոլման կու՜շտ-կու՜շտ ուտեմ ու սպիտակ, մաքուր անկողնում մի շաբաթ քնեմ… Գիտե՞ս՝ մերս ինչ տոլմա է եփում` մատներդ հետը կուտես:

-Տոլման քնելուց առաջ չուտես,- ծիծաղեց Ստեփանը,- առողջությանդ կվնասի:

-Մի անգամ կարելի է,- ասաց Արամը,- մի անգամն առողջությանը չի վնասի:

-Տոլման կփչես՝ նոր, բերանդ չվառես,- քրքջաց Գոքորը:

Ստեփանն ու Գոքորը ծիծաղից ուշաթափվում էին: Բոլորն սկսեցին ծիծաղել: Արամը նամակը ծնկին դրած, նույնպես ծիծաղում էր` ցույց տալով, թե ինչպես պիտի փչի, հովացնի տոլմաները…

Հանկարծ շրմփոց լսվեց. ծանոթ շրմփոց էր: Արամը սուսուփուս իջնում էր գետնին: Կարծես երազ լիներ: Սառած նայում էի, թե ինչպես է մեջքի վրա իջնում խրամատի թմբի վրա: Ապա արյունը դուրս ժայթքեց ճակատից…

-Արա՜մ,- Ստեփանը ճչաց…

Երազ չէր: Թուրք նշանառուն խախտել էր հրադադարը:

Հրամանատարը վազում էր` նկատել էր: Ստեփանը վերցրեց խրամատի եզրին դրված գնդացիրը  և, դուրս թռչելով, վազեց դեպի թուրքերը:

Բոլորս քարացել էինք: Չգիտեինք ինչ անել: Կանչում էինք Ստեփանին, իսկ նա մարդաբոյ խոտը ճեղքելով վազում էր: Հրամանատարը կռացավ, նայեց արնաքամվող Արամի կավճի նման սպիտակած դեմքին, ապա բարձրաձայն հայհոյելով՝ վերցրեց ավտոմատը և վազեց Ստեփանի հետևից: Բոլորս դուրս թռանք խրամատից: Կրակելով վազում էինք: Թուրքերն սկզբում չէին հասկանում, թե ինչ է կատարվում, ապա գլխի ընկնելով, որ հարձակվում ենք, փախուստի դիմեցին: Արագ գրավեցինք հակառակորդի խրամատները: Մի քանի թուրքի դիակ էր ընկած: Երկուսը վիրավորված օգնություն էին կանչում: Մնացածը խուճապահար փախչում էին: Արագ վազքից շնչահեղձ լինելով՝ նստեցինք գրաված խրամատներում և ետ նայեցինք: Արամը խրամատի թմբի վրա պառկած` կարծես քնած լիներ:

-Նամակ էր գրում…,- Ստեփանի դեմքն արցունքներից թրջվել էր:

-Հազար անգան ասի` չլոպազանաք,- հերսոտած ասաց հրամանատարը:

-Վերջին զոհը,- շտաբի պետը  դաշտային պայուսակից հանելով ծոցատետրը՝ գրեց. «Արամ Հովսեփյան, 12-ը մայիսի»:

Ստեփանը ցնցվելով լաց էր լինում:

-Ինձ պատժելու են,- մտահոգ ասաց հրամանատարը,- խախտեցինք հրադադարը…

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

գրող-ազատամարտիկ

Խորագիր՝ #19 (1441) 20.07.2022 - 26.07.2022, Հոգևոր-մշակութային


21/07/2022