Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

 

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 1-ին ԱՄՆ-ին ծանուցել է մշակույթի, գիտության, կրթության և ԶԼՄ-ների բնագավառներում համագործակցության շուրջ հուշագրի գործընթացը դադարեցնելու մասին: Ըստ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հուշագրի հետագա պահպանումը պարզապես կորցրել է իմաստը:

Իրանը պատրաստ է շինանյութ, միրգ, բանջարեղեն, կոշիկ, ինչպես նաև կաշվե արտադրանք մատակարարել Ռուսաստան.- ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Նա նաև նշել է Իրանին անհրաժեշտ ապրանքները, որ կարելի է ստանալ Ռուսաստանից` ձավարեղեն, տեխնոլոգիաներ և այլն:

ԵՄ խորհուրդը հունիսի 3-ին հաստատել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը: Արգելք կսահմանվի Ռուսաստանից նավթահումքի և առանձին նավթամթերքների ներմուծման վրա: Սակայն ԵՄ առանձին երկրների համար նախատեսված են ժամանակավոր բացառություններ: Մասնավորապես, Հունգարիան հնարավորություն կստանա որոշ ժամանակ հումք ներմուծել «Դրուժբա» խողովակաշարով: Բուլղարիային թույլատրում են ժամանակավորապես շարունակել Ռուսաստանից նավթի ներկրումը ծովով: Առանձին նավթամթերքների ներմուծման հնարավորությունը կպահպանի նաև Խորվաթիան: Բացի այդ, պատժամիջոցները ենթադրում են SWIFT միջազգային համակարգից ռուսաստանյան երեք բանկերի անջատում: ԵՄ-ն նաև կընդլայնի մի շարք ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները, որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության հատվածի տեխնոլոգիական կատարելագործմանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Աֆրիկայի դերը միջազգային ասպարեզում աճում է, և Ռուսաստանը կզարգացնի հարաբերությունները մայրցամաքի պետությունների հետ:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ՆԱՏՕ-ն լարվածության կետեր է ստեղծում Ռուսաստանի և Չինաստանի սահմաններին՝ խախտելով սառը պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային անվտանգության համակարգը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Ռուսաստանի հետ առճակատման ընթացքում Ուկրաինայի մարտական կորուստները կազմում են օրական 60-100 սպանված և շուրջ 500 վիրավոր: Նա իրադրությունն Ուկրաինայի արևելքում գնահատել է շատ ծանր:

Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են իրենց օդային տարածքը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին սպասարկող ինքնաթիռի համար: Հունիսի 6-ից 7-ը նախատեսված էր Լավրովի այցը Սերբիա: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը անձամբ է զբաղվում խնդրի կարգավորմամբ։

Ցորենի համաշխարհային գներն սկսել են իջնել Ուկրաինայից ցորենով բեռնված նավերի անցումը երաշխավորելու մասին Պուտինի խոսքերից հետո։ Նա ասել է, որ Մոսկվան պատրաստ է ապահովել հացահատիկի դուրսբերումը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող նավահանգիստներով։ Ուկրաինական պահեստներում, ըստ տարբեր գնահատականների, կուտակված է արտահանման համար նախատեսված ավելի քան 20 մլն տոննա ցորեն, գարի եւ եգիպտացորեն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելորդ «քաշքշուկ» է անվանել արևմտյան երկրների որոշումը Ուկրաինա լրացուցիչ սպառազինություններ մատակարարելու մասին և նախազգուշացրել է, որ դա կարող է ձգձգել զինված հակամարտությունը։

Եթե Արևմուտքը Ուկրաինային մատակարարի հեռահար գործողության հրթիռներ, Ռուսաստանը համապատասխան հետևություններ կանի և կկիրառի խոցման համապատասխան միջոցներ, կհարվածի նաև այն օբյեկտներին, որոնց առայժմ չեն հարվածել.- նշել է Պուտինը։

 

Թուրքիա

 

ՄԱԿ-ը բավարարել Է հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում փոխելու Թուրքիայի խնդրանքը: «Republic of Turkey-ն (Թուրքիայի Հանրապետություն) վերաձևակերպվել Է Republic of TՖrkiye»: Երկրի անվանման համառոտ տարբերակն այժմ հետեւյալն է՝ TՖrkiye, այլ ոչ թե Turkey: Թուրքիայի անվան փոփոխությունն ընդունվել Է «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանն» ուղղված Անկարայի քայլերի շրջանակում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, թե Թուրքիան նոր ռազմական գործողությամբ առավել կուժեղացնի իր հարավային սահմանը՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիսային և արևելյան շրջանները:

Մոսկվան հուսով է, որ Անկարան զերծ կմնա Սիրիայում իրավիճակի վատթարացմանը հանգեցնող գործողություններից։ ՌԴ ԱԳՆ-ն նաև նշում է, որ Մոսկվան ըմբռնումով է մոտենում «Թուրքիայի մտահոգություններին՝ կապված ազգային անվտանգությանը Սիրիայի սահմանամերձ շրջաններից բխող սպառնալիքների հետ»։ Իսկ սիրիա-թուրքական սահմանին վստահելի անվտանգություն հնարավոր է ապահովել միայն նրան հարող տարածքում Սիրիայի իրավապահ մարմինների զինվորական անձնակազմի տեղակայմամբ։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ ԱՄՆ-ը դեմ է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների վերսկսմանը, և Սիրիայում թուրքական օպերացիան կխաթարի ԻՊ-ի դեմ պայքարին ուղղված միջազգային կոալիցիայի ջանքերը։

Թուրքիան պաշտպանական արդյունաբերության խորհրդատուներ կուղարկի ինը երկրներ՝ հաշվի առնելով երկրի պաշտպանական արդյունաբերության առաջնահերթությունները։ Պաշտպանական արդյունաբերության վարչության արտասահմանյան ներկայացուցչությունն իր իրավասությանն առնչվող հարցերի հետ մեկտեղ դիվանագիտական գործունեություն կիրականացնի։ Խորհրդատուները կաշխատեն Կատարի, Պակիստանի, Բրազիլիայի, Ինդոնեզիայի, Ադրբեջանի, Մալայզիայի, Օմանի, Բանգլադեշի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներում:

Թուրքիայում հունիսի 20-ից 28-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի Ramstein Dust II-2022 զորավարժությունները։

 

Ադրբեջան

 

Ադրբեջանում արգելափակվել է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական գործակալությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները «տարածելու» մեջ՝ մատնանշելով, որ այն հրապարակել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարի հետ հարցազրույցից հատվածներ:

«Ռուսական պետական լրատվական գործակալության կողմից զրպարտող բնույթի տեղեկությունների տարածումը, որոնք դեմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և անջատողական միտումներ են քարոզում, չեն համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի  միջև բարեկամական հարաբերությունների ոգուն»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել է, որ շարունակվելու են Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը:

Հունական լրատվամիջոցները գրել են, թե Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվող «Էֆես-2022» համատեղ զորավարժությունների շրջանակում Թուրքայի և Ադրբեջանի հատուկջոկատայինները խաղարկել են դեսանտավորում հունական կղզիներում։ Ենթադրվում է, որ նրանք միասին կգործեն հույն-թուրքական ճգնաժամի դեպքում, Թուրքիան Ադրբեջանին նախապատրաստում է՝ որպես ռազմական աջակից Հունաստանի հետ հավանական պատերազմի դեպքում:

Զուգահեռ Ադրբեջանի ռազմածովային ուժերում ծովային հետևակայինների համար անցկացվում են հատուկջոկատայինների դասընթացներ, որ շարունակվելու են մինչև հոկտեմբերի 22-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում այցելել է որոշ զորամասեր։ Հասանովն ու Աքարը զննել են ռազմական տեխնիկան և ծանոթացել ռազմական օբյեկտներում ստեղծված պայմաններին։

«Havelsan» թուրքական ընկերության գլխավոր տնօրեն Ակիֆ Նաջարը հայտարարել է, թե ընկերությունը որոշել է Ադրբեջանում նորակառույց ռազմածովային պարեկային նավերի վրա օգտագործել «Advent Combat Control System»-ը, որը մշակել է Թուրքիայի ռազմածովային հրամանատարության հետազոտական կենտրոնը։ «Advent Combat Control System»-ը կառավարման նոր սերնդի համակարգ է՝ ցանցային գործողությունների համակարգման սկզբունքով:

Ադրբեջանը կազմակերպել է երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների՝ ավելի քան 80 դիվանագետների և ռազմական կցորդների այցը Քարվաճառ։

ԱՄՆ պետքարտուղարությունը հունիսի 2-ին հրապարակել է «Միջազգային կրոնական ազատության 2021թ. զեկույցը», որում ընդգծվում է, որ տարվա ընթացքում բազմաթիվ հաղորդումներ են ստացվել հայկական մշակութային և կրոնական օբյեկտների նկատմամբ վանդալիզմի, ինչպես նաև հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից դիտավորյալ իրականացվող գործողությունների մասին:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բուլղարիայի արտգործնախարար Թեոդորա Գենչովսկայայի հետ հանդիպումից հետո ասել է, որ Բուլղարիան շուտով կսկսի ադրբեջանական գազ ստանալ Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատարով: Իսկ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շաբազովի գնահատմամբ՝ այս տարի նախատեսվում է Իտալիա արտահանել 9,5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ղազախստանը մտադիր է մինչև տարեվերջ իր նավահանգիստներով վեց անգամ ավելացնել բեռնափոխադրումների ծավալը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային ճանապարհով, որն անցնում է չին-ղազախական սահմանից Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #13 (1435) 08.06.2022 - 14.06.2022, Տարածաշրջան


09/06/2022