Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՎՈՏ ԾԵԳԻՆ…



Ավտոբուսը դուրս եկավ գյուղից: Գյուղացիները արեւից առաջ դաշտերում են, հանդերում: Քաղհան են անում, որը ուրագով, որը ձեռքով՝ արմատախիլ անում, մաքրում ածուները մոլախոտերից:

Լոլիկի առուներից մեկի երկարությամբ մեկնվել էր Ռուդիկը եւ քաղհանելով սողեսող առաջ էր գնում: Հենակները մնացել էին ներքեւում: Ռուդիկը ծառայության ժամանակ ականի պայթյունից կորցրել է ոտքը եւ առավոտ ծեգին հենակներով հասել է դաշտ՝ հիվանդ մորը՝ Ռիմային օգնելու: Միայն գնալ-գալը նրանից երկար ժամանակ էր խլում, սակայն առանց տրտնջալու նա անցնում էր այդ ճանապարհը, ձեռք մեկնում հիվանդ ու հոգնած մորը: Ի տարբերություն մանկության տարիների, երբ Ռուդիկը թերանում էր աշխատանքում, և մայրը միշտ բարկանում էր, հիմա լռության մեջ մերթընդմերթ հայացքն ուղղում էր որդու կողմը: Սրբում քրտինքը եւ նորից սկսում էր քաղհանել: Շուտով արեւը դուրս էր գալու, հարկավոր էր շտապել, սակայն մայրը լուռ էր, անձայն, և արցունքները խառնվում էին քրտինքի կաթիլներին եւ թափվում մայր հողին:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #50 (915) 22.12.2011 – 28.12.2011, Հոգևոր-մշակութային


28/12/2011