Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՐ ՍԻՐՏԸ



ՄՈՐ ՍԻՐՏԸ-Մենք մի ամբողջություն էինք՝ մայր ու որդի: Սամոս իմ սիրտն էր, իմ շունչը: Հիմա մտածում եմ՝ գուցե չէր կարելի մեկին դարձնել ամեն ինչ՝ կուռք, պաշտամունք, մեկին տալ ամբողջ սերդ: Իմ օրվա ամեն պահը, իմ բոլոր երազանքները Սամոյիս հետ էին կապված: Մենք աննկարագրելի մտերիմ էինք, անընդհատ զրուցում էինք, իրար պատմում էինք ամեն ինչ: Միայն ես գիտեի, որ Սամոն կարող է շատախոս լինել, կարող է երեխայի պես հրճվել, կատակներ անել, գրկել, շոյել մազերս, բայց ուրիշների հետ նա ծանրակշիռ, լուրջ տղամարդ էր:

Անուշը երիտասարդ կին է՝ նուրբ, կանոնավոր դիմագծերով, ժամանակից շուտ ճերմակած մազերով ու սևազգեստ: Նա նստել է սեղանի մոտ, որի վրա ծաղկաման կա, ու հողի միջից ելնող փարթամ ցողունների վրա՝ լիքը բալագույն տերևներ: Անուշը մի ձեռքով գրկել է ծաղկամանն ու պատմում է: Ասես՝ պատկեր է հյուսում՝ գիծ առ գիծ, թել առ թել:

-Սամոս էնքան սիրուն էր: Փոքր ժամանակ շիկամազ էր, դարչնականաչավուն աչքերով, ասես արևից պոկված շող լիներ, որի ջերմությունը չէր սպառվում: Երբ ուրիշները սիրում էին Սամոյին, թվում էր՝ ինձնից ինչ-որ բան են խլում: Հիմա, երբ սգում են Սամոյի կորուստը, էլի նույն զգացողությունն եմ ունենում: Չեմ ուզում իմ ցավից բաժին տալ ուրիշին…

..Ով կհասկանա որդեկորույս մորը, ով կչափի նրա ցավի սահմաններն ու խորքերը:

-Մի պատկեր չի հեռանում աչքերիս առաջից: Սամոս՝ մեկուկես տարեկան երեխա, գալիս-նստում էր վառարանի մոտ, հանում էր գուլպաներն ու սկսում էր գուլպաներով մաքրել առանց այդ էլ պսպղան տոտիկները: Մեր Նորակերտ գյուղում ամռան փոշու, աշնան ցեխերի մեջ Սամոյի կոշիկները միշտ փայլուն էին, ինքը՝ կոկիկ, տետրերի ու գրքերի վրա մի ծալք չէիր գտնի: Հրամանատարները ասում էին՝ պատերազմի դաշտում, սուրացող գնդակների աղմուկի, կրակի ու փոշու տակ կոշիկներն էր փայլեցնում:

Իմ տղան անհավատալի լավն էր: Ես հիանում էի նրանով: Ես ապրում էի ինչ-որ հրաշալի հեքիաթում, որ Աստված չգիտես ինչու հենց ինձ էր տվել: Երբ տղայիս գովում էին, ինչ էլ ասեին, չէի զարմանում, ես գիտեի, որ նրա մեջ ապրում են մարդկային ամենագեղեցիկ առաքինությունները: Ինքը ուրիշ երազանքներ ուներ, բայց ընդունվեց Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, որ իրականացնի հոր ցանկությունը: Ուսանողական ընկերները պատմում էին, որ դասախոսը ասել է՝ դուք պիտի շատացնեք ազգը, որ ծովից ծով Հայաստանը հետ բերենք: Սամոն պատասխանել է՝ ազգը շատացնելը աղջիկների գործն է, տղաները պիտի երկրի սահմանները պաշտպանեն: Սա դարձել էր թևավոր խոսք իրենց բուհում:…. Ես մտածում էի, որ եթե մի զինվոր վերադառնա պատերազմից, պիտի իմ Սամոն լինի, որովհետև անհնար էր պատկերացնել այս աշխարհն առանց Սամոյի ջերմության, սիրո, ազնվության, լույսի:

Բանակից ամեն գիշեր զանգում էր, մինչև ինձ բարի գիշեր չասեր, չէր քնում: Պատերազմի ժամանակ ձայնը այնքան հանգիստ էր, եւ ես հավատացի, որ տղաս ապահով վայրում է, որ կրակոցների ձայնը հեռվից է լսվում, իր հետ կապ չունի… Բա սիրտս ո՞նց չզգաց: Երբ տղայիս սիրտը կանգնեց, իմը ո՞նց շարունակեց բաբախել…

-Լեոն քանի՞ օրական դարձավ,- հարցնում եմ: Ես այս հարցը գրել, դրել եմ իմ առջև, որ երբ էլ ուժ չունենամ լսելու մոր պատմությունը զոհված որդու մասին, այս հարցը տամ: Անուշը կկոցում է աչքերը, ասես՝ ճիգ է անում ընկալել հարցը:

ՄՈՐ ՍԻՐՏԸ-Դեռ քառասուն օրական չկա: Սամոս երազիս եկավ: Փոքրիկ տղա էր, շիկամազ, արևագույն: Ասաց՝ մա՛մ, տառերը սովորեցրու, որ գրեմ իմ անունը: Հետո երեք մատիկները պարզեց ու ասաց՝ իմ անունն էսքան տառ ունի: Ես հասկացա, որ դա ուրիշ անուն է, իր անունը չէ:

-Գուցե ուզում էր ուրիշ անունով վերածնվել,- ես ձգում եմ զրույցը Լեոյի մասին, որովհետև մոր դեմքին լույսի փոքրի շող է հայտնվում:

-Կամ ուզում էր մխիթարություն ուղարկել ինձ: Մտածեցի՝ թող իր ուզածով լինի: Ու ահա տղա ունեմ, անունը՝ Լեո:

-Նմա՞ն է Սամոյին:

-Շատերն են այդ հարցը տալիս: Լեոն չի ծնվել, որ գրավի Սամոյի տեղը: Սամոյի տեղը միշտ դատարկ կմնա, Սամոյի հանդեպ իմ սիրուց ու իմ վշտից մի գրամ անգամ չի պակասի:

Ես ոչինչ չեմ ասում, բայց մտածում եմ, որ Լեոն մի օր ժպիտ կբերի այս հրաշալի մոր աչքերին: Նա Սամոյի պես կշոյի մոր ճերմակած մազերը տաք-տաք ափով, կջերմացնի նրա սառած թիկունքը:

-Ես օրացույց ունեի, հերթով ջնջում էի օրերը ու սպասում Սամոյիս վերադարձին: 60 օր էր մնացել: Ասում էր՝ մա՛մ, էլ օրացույցին մի՛ նայի, մի՛ ջնջի, քիչ մնաց: 2020 թ. նոյեմբերի 1-ին վերջին անգամ խոսեցինք: … Սամոս հերոսաբար է ընկել,- Անուշն ավելի ամուր է գրկում ծաղկամանը:- Նոյեմբերի 2-ին, առավոտյան ժամը 8-ին, զինակից ընկերոջը՝ Թելմանին ասում է՝ գնա արթնացրու տղերքին, որ հանձնենք հերթափոխը, իսկ ինքը, սովորության համաձայն, հեռադիտակով ստուգում է տեղանքը, որ համոզվի՝ ամեն ինչ կարգին է: Ու հանկարծ տեսնում է, որ մոտ 400 հոգի շրջապատել են դիրքը:Նույն պահին ազերիներն սկսում են կրակել: Իսկ մերոնք դիրքում 6 հոգով էին՝ մի սպա, 5 զինվոր: Տղերքին ասում է՝ ես կրակով կփակեմ դրանց ճանապարհը, դուք նահանջեք, հետո ես կմիանամ ձեզ: Դավիթը, որ արդեն վիրավոր էր, ասում է՝ Սամո՛ ջան, քեզ մենակ չեմ թողնի, ու մնում է տղայիս հետ: Երկուսով կրակում են, մյուսները կարողանում են նահանջել: Բայց Սամոն ու Դավիթը չեմ միանում տղաներին՝ երկուսն էլ զոհվում են:

Հանկարծ ես հիշում եմ, որ Անուշի գրկած ծաղկի անունը «Մոր սիրտ է»:

-Այդ ծաղկի անունը «Մոր սիրտ» է,- ասում եմ: Անուշը գլխով է անում:

-Երբ ամուսինս գնացել էր որոնելու Սամոյիս մարմինը, տղայիս ծառայակից ընկերները նրան տարել էին զորամաս, որ տեսնի նրա աճեցրած սպիտակ վարդերը: Հետո այս ծաղիկը տվել էին ամուսնուս ու ասել.

-Սամոն այս ծաղիկը իր մոր համար էր աճեցնում, որ զորացրվելիս հետը տուն բերի ու նվիրի մայրիկին: Երբ պատերազմն սկսվեց, ասաց՝ եթե զոհվեմ, ծաղիկը կհասցնեք մորս…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #06 (1428) 20.04.2022 - 26.04.2022, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


21/04/2022