Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ



ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄՕրերս մեր Հայրենիքի հյուսիսարևելյան դարպասներն անառիկ ու անսասան պահող, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում զինվորական երդման  հանդիսավոր արարողություն էր։

Զորամասի հրամանատար, գնդապետ Վահան Սարգսյանը, որը Արցախյան վերջին պատերազմի ժամանակ բացառիկ խիզախությամբ էր աչքի ընկել, շնորհավորական ուղերձով դիմեց նորակոչիկներին։

-Մեր զորամասն իր կազմավորման առաջին իսկ օրվանից կատարել և  կատարում է իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները, անկախ նրանց բարդությունից՝ ամենայն պատասխանատվությամբ և ուժերի առավել լարումով և զինված ուժերում բազմիցս ճանաչվելով լավագույնը, մշտապես բարձր է պահել հայ զինվորի ու զինվորականի կերպարը։ Ձեզ համար պատիվ է ծառայել մարտական հաղթական ուղի անցած այս զորամասում։ Այստեղ զինվոր, թե սպա, բոլորս ունենք առաքելություն, այն է՝ պաշտպանել Հայրենիքն անձնվիրաբար։ Մեր երկիրն այսօր բոլորիս սիրո, հոգատարության, շենացման ու  պաշտպանության կարիքն ունի, և եթե մեզանից յուրաքանչյուրս ծառայենք այն գիտակցումով, որ հենց մեզանից  է կախված մեր Հայրենիքի անվտանգությունը, ապա մենք, վստահ եմ, նոր հաղթանակների կերտողներ կդառնանք։

Երդման արարողությանը իրենց ելույթներով նորակոչիկներին շնորհավորեցին հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, որը մշտապես հայ զինվորի և սպայի կողքին է, լինի խրամատում, թե զորամասում, ՌՈ բաժնի պետ, գնդապետ Սերոբ Արշակյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը։

Շուշիկ Մելիքբեկյան

ավագ սերժանտ

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


11/02/2022