Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԲԱՆԱԿԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ



Հունվարի 28-ին  Հայաստանի պատմության թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ թանգարանի կամարաշարի ներքո տեղի ունեցավ հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված՝ «Բանակի ակունքներում» խորագրով ցուցադրություն, որի շրջանակում միջոցառման մասնակիցները ականատես եղան  մեծադիր պաստառների վրա ներկայացվող ազգային բանակի կայացման հիմքում կարևոր դերակատարություն ունեցած ռազմական գործիչների, նրանց պատկանող անձնական իրերի և փաստաթղթերի լուսանկարներ, որոնց մեծ մասը, ինչպես սրբագույն մասունք, ի պահ է տրված Հայաստանի պատմության թանգարանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԲԱՆԱԿԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Բացելով միջոցառումը՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն,  մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Պողոսյանն իր խոսքում կարևորելով միջոցառումը, նշեց. «Ցուցահանդեսը նվիրված է հայոց բանակի տոնին։ Ներկայացված են իրադարձություններ, անհատներ, նաև այն նմուշները, որ պահվում են թանգարանում։ Այս պաստառների միջոցով մարդիկ հնարավորություն կունենան արժևորելու մեր ամենանվիրական արժեքներից մեկը՝ մեր երկրի պաշտպանության, մեր երկրի պահպանության ամենախորհրդավոր խորհրդանիշը՝ հայոց բանակը: Հայաստանի  Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, «Ազատագրական բանակ» ջոկատի ազատամարտիկ և գրող Գագիկ Գինոսյանը շնորհավորելով հայոց բանակի տոնը, մաղթելով ոգեղենություն, անպարտելիություն, ներկայացրեց ռազմապար հասկացողությունը: «Ռազմապարը զինվորի մարտական ոգին բարձրացնելու համար է։ Ռազմապարը զինվորին ոգեշնչելու համար է։ Ռազմապարը զորքին համախմբելու համար է։ Մենք մեր ռազմապարերը պարելու ենք ամենուր ու ամենքով»,- նշեց Գագիկ Գինոսյանը:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարները` Մարինե Ջանիկյանի և  Հայաստանի պատմության թանգարանի

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ


02/02/2022