Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ



ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆՀունվարի 27-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց 2022 թվականի անդրանիկ ցուցահանդեսը՝ «Արցախյան պատերազմի բովով. Արմավիրի «Արծիվ-13» ջոկատը» խորագրով:

Ցուցադրության սկզբում, որպես մուտք, ներկայացվեցին հայտնի կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի կողմից դեռևս 2013 թվականին թանգարանին նվիրաբերված Արցախյան պատերազմին վերաբերող լուսանկարներ: Ցուցադրական համալիրները ներկայացնում են «Արծիվ-13» ջոկատի հրամանատար Ռուբիկ Եղոյանի, նույն ջոկատի շտաբի պետ Այվազ Թարվերդյանի, ջոկատի ազատամարտիկներ՝ Սերգեյ Ավետիսյանի (Պեպան), Մարտիկ Գևորգյանի, Վանիկ Խանոյանի, Մանվել Ղանդիլյանի, Լյովա Պետրոսյանի, Կարապետ Մովսիսյանի, Վանիկ Ալիխանյանի անձնական իրերի, փաստաթղթերի, շքանշանների և պատվոգրերի ուշագրավ հավաքածուներ, մասունքներ, որոնք տասնամյակներ շարունակ խնամքով պահպանվել են թանգարանում:

Ցուցադրության բացմանը մասնակցում էին հյուրեր, ազատամարտիկների հարազատներ, զինվորականներ: Ելույթով հանդես եկան Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի սաները: Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում և ամփոփվեց «Սուրմալու» պարի ազգագրական համույթի ելույթով, իսկ խմբի ղեկավար Հրայրը հանդես եկավ  ջոկատին նվիրված իր հեղինակային երգով և մարտաշունչ ռազմապարերով:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆԹանգարանի երիտասարդ գիտաշխատող Արտակ Մկրտչյանի ջանքերով տարիներ շարունակ հավաքվել են «Արծիվ-13» ջոկատի անդամների կյանքի, գործունեության, մարտական ուղիների վերաբերյալ արժեքավոր նյութեր, որոնք հեռանկարում կարող են դառնալ Արմավիրի «Արծիվ-13» ջոկատին նվիրված թանգարանի հիմք: Երիտասարդ գիտաշխատողը նաև Արմավիրի մարզի «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ» հասարակական կազմակերպության նախագահն է և սերտ համագործակցում է ջոկատի անդամների հարազատների, ընկերների և ազգականների հետ: Ցուցադրության մեջ տեղ են գտել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վերականգնված զենքեր, Ռուբեն Եղոյանի հեղինակած նախագծերով վերականգնված զենքերի նմուշներ: Այցելուների ուշադրությունը գրավեցին օպտիկական նշանոցը, գիշերային տեսադիտարկման սարքը, զինվորական հանդերձանքները և ուսապարկերը:  Մեծադիր լուսանկարներով և կենսագրական տվյալներով ներկայացված են «Արծիվ-13» ջոկատի բոլոր ազատամարտիկները. հրամանատար՝  Ռուբիկ Եղոյան, շտաբի պետ՝ Այվազ Թարվերդյան, Մանվել Ղանդիլյան, Մարտիկ Գևորգյան, Մարտիկ Հարությունյան, Ալբերտ Ամիրխանյան, Ատոմ  Սարգսյան, Արարատ Ամիրխանյան, Գագիկ Ավետիսյան, Գագիկ Պողոսյան, Իսրայել Եղիազարյան, Լյովա Պետրոսյան, Հովսեփ Սարուխանյան, Հակոբ Տերտերյան, Խաչիկ Եղոյան, Հրաչյա  Մանուկյան, Սերգեյ Ավետիսյան (Պեպան), Սամվել Էլբակյան, Սուրիկ Տեպիկյան, Վանիկ  Ալիխանյան, Վանիկ Խանոյան, Արամ Ստեփանյան, Կարապետ  Մովսիսյան, Սուրիկ Խաչատրյան (Յուրա), Ռուդիկ Հարությունյան, Սարգիս Սարգսյան, Սուրիկ Ստեփանյան, Վանիկ Կարապետյան: Այդ քաջ ջոկատը մարտական ուղի է անցել՝ պաշտպանելով Հայաստանի սահմանները` Երասխավանում, Իջևանում, Գորիսում, մարտական գործողություններին մասնակցել Արցախում՝ Հադրութի և Մարտակերտի շրջաններում:

Ցուցադրության մեջ ներկայացված է նաև  ջոկատի վերջին` Մարտակերտի շրջանի  Լենինավան գյուղի համար մղված մարտի գծագիրը: Ցուցադրված են ջոկատի եռագույն դրոշները, որոնցով նրանք գնացել են մարտի:

ԱՐՏԱԿ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


01/02/2022