Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ը ՔԱՐԻՆՏԱԿԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՕՐՆ Է



ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ը ՔԱՐԻՆՏԱԿԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՕՐՆ Է30 տարի առաջ հունվարի 26-ին Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում ռազմական առումով անհավանական գործողություն էր:

Հայ ժողովրդի պատմության մեջ 1992 թ. հունվարի 26-ը ամրագրվեց որպես Քարինտակի հերոսամարտի օր, իսկ Ադրբեջանը, ելնելով նույն օրն ունեցած հարյուրավոր զոհերի թվից եւ խայտառակ պարտությունից, 1992 թվականի հունվարն անվանել է «արյունոտ հունվար», իսկ Քարինտակը՝ «արյունոտ ձոր»:

Քարինտակը Շուշիին ամենամոտ գյուղն է: Շուշիի կիրճում՝ Կարկառ գետի ձախ ափին է ծվարած արծվաբույն Քարինտակը: Առաջին հայացքից աննշան ու փոքրիկ այս հայկական գյուղը 90-ական թվականներին իսկական պատուհաս էր դարձել ադրբեջանցիների համար:

Ադրբեջանցիները բազմաթիվ սադրանքների էին դիմել քարինտակցուն տեղահանելու համար: 1992 թ. հունվարի 26-ին գյուղը չորս կողմից շրջապատելով, ցանկանում էին բնաջնջել քարինտակցիներին: Քարինտակցիները, սակայն, մեկ մարդու պես ոտքի կանգնեցին: Մեծ ու փոքր անհավասար մարտի ելան  ադրբեջանական ոհմակի դեմ եւ ութժամյա կատաղի դիմադրությունից հաղթող դուրս եկան: Շուշիից գլորվող քարե հեղեղն ու վառվող անվադողերը ոչ թե վախեցրել եւ խուճապի էին մատնել քարինտակցիներին, այլեւ ինքնապաշտպանական ջոկատ եւ պաշտպանական դիրքեր ստեղծելու մտահղացման պատճառ էին դարձել:

Արդյունքում՝ 1989 թ. ստեղծվեց Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատը: Գյուղը մինչեւ 1992 թ. հունվարյան հայտնի դեպքերը պարբերաբար «ստուգումների են» ենթարկել խորհրդային բանակի զինվորները, հետագայում նաեւ օմոնականները՝ նպատակ ունենալով զինաթափել գյուղը, մինչդեռ գյուղացիները վարպետորեն կարողացել են թաքցնել տարբեր միջոցներով ձեռք բերված որսորդական, ինքնաշեն հրացանները, նռնակներն ու ինքնաձիգները: Գյուղի բնակիչները շատ լավ են հիշում հունվարյան այդ օրը. 1992 թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Քարինտակ գյուղում իրադրությունն անհանգիստ էր: Շուշիի սարահարթից հակառակորդն անցել էր նախադեպը չունեցող հարձակման:

1992 թ. հունվարի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհթիեւի անմիջական ղեկավարությամբ մշակվում է մարտական գործողությունների պլան, համաձայն որի՝ հաշված ժամերի ընթացքում պետք է հայաթափվեր գյուղը: Հակառակորդը, մինչեւ ատամները զինված երկու կանոնավոր գումարտակով՝ մոտ 600 զինվոր, սկսում է ռմբակոծել Քարինտակը:

Սակայն ադրբեջանցիները գյուղի մատույցներում թողնում են 150-ից ավելի զոհ եւ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք ու դիմում են փախուստի: Հայկական կողմը նույնպես զոհեր եւ վիրավորներ է ունեցել այդ օրը: Զոհեր են եղել նաեւ խաղաղ բնակիչներից, ովքեր մինչեւ վերջ մնալով գյուղում՝ օգնել են հայ քաջերին: Ի դեպ, Արցախյան ազատամարտի տարբեր ռազմագործողություններում հերոսաբար զոհվել է 45-ից ավելի քարինտակցի:

Խորագիր՝ Նորություններ, Պատմության էջերից


31/01/2022