Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՎԻՐՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ Է...
ՆՎԻՐՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ Է…

ՆՎԻՐՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ Է...2020 թվականը մեր ժամկետային զինծառայողներից շատերի համար ոգու իսկական փորձության, մարտական մկրտության վերածվեց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների բովում: Նրանցից մեկն էլ Վ. Բրյուսովի անվ. Լեզվահասարակագիտական համալսարանի Միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Սահակ Գալոյանն է, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության ու անձնվիրության շնորհիվ լեյտենանտի կոչում ստացավ, ստանձնեց դասակի, հետագայում նաև՝ վաշտի հրամանատարի պաշտոնը: Երբ խոսում ես այս համեստ, կիրթ, պայծառ երիտասարդի հետ, մտքովդ էլ չի անցնում, թե ինչպիսի դժվարություններով է անցել, որքան աղետ ու ավեր է տեսել, որքան կամք ու հաստատակամություն է ցուցաբերել իրեն վստահված ստորաբաժանման ղեկավարումն ստանձնելով: Երբ պատերազմը սկսվեց, ծառայում էր թշնամական ուժերի ամենակատաղի հարձակմանը ենթարկված Ջրականի զորամասում՝ որպես տանկի հրամանատար:

 

-Մեր վաշտի վիճակը շատ ծանր էր այդ օրերին: Սպաներից մեկը վիրավոր էր, մյուսը զոհվել էր. սպաների պակաս էր զգացվում: Մեծ պատասխանատվություն էր, բայց հոկտեմբերի 10-ին ՊԲ հրամանատարի  հրամանով ստանձնեցի պաշտոնը՝ լիովին գիտակցելով սպասվող բարդությունները:

Այսօր ինձ լավ եմ զգում այնքանով, որ բոլորի առջև պարզճակատ եմ: Դժվար վիճակում ոչ մեկին չեմ թողել: Երբ զորքը կարիք է ունեցել դասակի, վաշտի հրամանատարի, չեմ խուսափել, ստանձնել եմ այդ պատասխանատվությունը ու, կարծում եմ, լավ եմ կատարել իմ աշխատանքը: Ամեն ինչ արել եմ, որ իմ անձնակազմը ոչ մի բանի կարիք չունենա, և կարևորը՝ կորուստներ չունենանք:

Դեռ մինչև պատերազմը՝ հուլիս ամսին, առողջական խնդիր ունեցա: Ինձ առաջարկեցին ծառայել Ստեփանակերտի հոսպիտալի անցագրային կետում: Հրաժարվեցի: Հեշտ բաներ երբեք չեմ սիրել: Դե, իսկ պատերազմը արդեն մեզ համար արհեստավարժության «արագացված» դասընթացի վերածվեց: Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7:10-ին, երբ զարթնեցինք անօդաչուի հարվածից ու հասկացանք, որ պատերազմ է սկսվել, ես ու սերժանտ ընկերս այնքան հստակ ու ճիշտ հերթականությամբ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարեցինք, ասես՝ մեր երրորդ կամ չորրորդ պատերազմը լիներ: 7:30 արդեն շտապեցինք մեր մարտական հենակետերը,  կենտրոնացման շրջան:

Սահակը պատմում է. անտառում էին, երբ սպաներից մեկը կապ էր տվել: Տանկի հրամանատար էր անհրաժեշտ գործողության գնալու համար: Նա անմիջապես առաջ էր եկել. «Ե՛ս կգնամ»: Առավոտ շուտ ճամփա էր ընկել դեպի նշանակման վայր: Ջրականի շոգը սարսափելի է. ճանապարհը անտառներով, ձորակներով, տարբեր բնական խոչընդոտներով էր անցնում: Երբ դժվարությամբ հասել էր նախանշված տեղանքը, առաջին անգամ ամբողջ ուժով զգացել էր պատերազմի դառը շունչը…

-Ծանր էր առաջին տպավորությունս… Տեսա՝ ինչպես էր ձեռքը կտրված մի զինվոր, արյան շիթը ցայտելով, վազում ձորի միջով: Զոհեր ունեինք, վիրավորներ… Մեր վաշտից իմ ընկերոջը տեսա: Միշտ աչքերիս առջև է գալիս նրա պատկերը, նրա հայացքը, երբ ինձ դիմեց. «Խնդրում եմ, ջուր բեր խմենք…»: Դիրքերում ջրհոր ունեինք. անմիջապես շտապեցի ջուր բերելու: Մեր տանկային դիրքերն արդեն առաջնագծի էին վերածվել: Դույլը վնասվել, ծակվել էր. մի շիշ լցնելու համար մի քանի անգամ ջրհորը գցեցի: Երբ տղաներին ջուր տվեցի, մեր մայորն ասաց. «Գնում ենք բոյի, գալի՞ս ես»: Ասացի. «Դրա համար եմ եկել»: «Դե՛, նստի՛ր, լիցքավորի՛ր տանկը»: Այդ ընթացքում մեր վաշտի մյուս տղաներն էլ տեղ հասան: Որոտանից էլ տանկիստներ եկան:

Վերջիններիս օգնությունը հատկապես կարևոր է եղել: Միասնական ուժերով  5-6 օր գերմարդկային ճիգեր են գործադրել: Ամեն գնով փորձել են հետ շպրտել թշնամու գրոհները…

ՆՎԻՐՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ Է...-Հոկտեմբերի 2-ն էր: Մարտական գծով հրամանատարի տեղակալը կանչեց մեր զրահատանկային ծառայության պետին և ասաց. «Մեզնից մոտ 4 կմ հեռավորության վրա թիրախներ կան. պետք է ոչնչացնել: Ի՞նչ կասես»: Մեր մայորն անհավանական թվացող մի պլան ներկայացրեց և հանգիստ ասաց. «Կըպիցրանամ սարը, կըթըխիմ, ետ կըքըշանամ»: «Չէ՛, չի՛ ստացվի: Չես կարող»: «Կարող եմ»:  Ու դարձավ ինձ. «Սահա՛՛կ, բալա՛ս, գալիս ե՞ս հետս»: Ասացի. «Պարո՛ն մայոր, ինձ էլ էդ հարցը մի՛ տուր: Իմացի՛ր, հետդ եմ»: Մեր լուսահոգի դասակի հրամանատարը՝ Ալթունյան Լևոնը, նստեց՝ որպես տանկի մեխանիկ-վարորդ, զրահատանկային ծառայության պետը՝ որպես նշանառու-օպերատոր, ես՝ որպես հրամանատար: Հենց առաջին անգամ բարձրանալով բլրի վրա՝ պայթեցրինք տրված թիրախներից մեկը՝ թշնամիներով լեցուն գետնատնակը: Երկրորդ բարձրանալուց էլ  թշնամու ՀՄՄ-ն օդ թռավ… 5-6 տանկ, երեք ՀՄՄ, տարբեր թիրախներ, տեխնիկա, ամրաշինական կառույցներ ենք վերացրել այդ օրերին:

Սահակն անթաքույց հպարտությամբ է խոսում իր մարտական ընկերների մասին: Ասում է. ընտրյալներ էին՝ խիզախ, առաքինի, հայրենասեր, մաքուր մարդիկ, որոնց  հետ մարտի գնալը, խնդիրներ կատարելը պատիվ էր, մեծ ոգևորություն:

-Դասակի հրամանատարիս՝ Լևոն Ալթունյանի հետ շատ գործողությունների եմ մասնակցել: Ռուսաստանում ծառայած, հետո Հայրենիք վերադարձած հմուտ զինվորական էր: Այնպես էր տանկը վարում, որ շատերը «06»-ն անգամ նման դյուրությամբ չէին վարի: Նրա կողքին կռվի դաշտում այնքան հանգիստ էիր զգում, ասես՝ տանդ սուրճ խմելիս լինեիր: Մեզնից ոչ մեկը նրա պես չի կռվել: Մի անհավանական թվացող, բայց իրական դեպք պատմեմ մեր դասակի հրամանատարից: «Նահանջ» հրաման էինք ստացել. իրավիճակը շատ ծանր էր, իսկ նա տեխնիկան էր լիցքավորում, որ նորից առաջ գնար: Երեք տանկով մտել էին թշնամու թիկունք, որտեղ հակառակորդի 6 տանկ էր կանգնած՝ նոր «T-90»-ներ: Նրան հաջողվել էր վերացնել թշնամու բոլոր 6 տանկերը և հետ գալ: …Մեր վաշտի միակ, բայց շատ ծանր կորուստը նա էր. դասակի հրամանատար Լևոն Ալթունյանը զոհվեց պատերազմի 7-րդ օրը՝ թշնամու անօդաչուի հարվածից, մարտական խնդիրը կատարելիս…

Արցախցի տանկիստ ընկեր ունեի՝ Գաբրիելյան Սուրենը, ապշեցուցիչ հմտությունների տեր: Փայլուն նշանառու էր: Կարողանում էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա բլինդաժի դռնից արկը ներս նետել և պայթեցնել: Նա հիմա էլ ապրում է Արցախի իրենց գյուղում. նա իր տունը չէր թողնի թշնամուն ոչ մի դեպքում:

…Այդ ընթացքում տեխնիկայի զգալի կորուստներ ունեցանք: Ի վերջո, ստացանք նահանջի հրաման: Չէինք ուզում ետ քաշվել, բայց մնալն էլ անիմաստ էր. ուժերը անհավասար էին: Թշնամու զրահատանկային գումարտակները նորանոր գրոհներ էին ձեռնարկում, իսկ մեր տեխնիկան արդեն սպառվում էր… Ստիպված էինք նահանջել: Հոկտեմբերի սկզբներին Հադրութում էինք: Կարծեմ՝ ամսի 6-ն էր, ասացին, որ հրադադար է լինելու: Իջանք Հադրութի դպրոցը մի քիչ շունչ առնելու, հանգստանալու: Այդ օրը հրաշքով փրկվեցինք: Դպրոցից դուրս գալուց 10 րոպե չէր անցել, երբ թշնամին ռմբահարեց, պայթեցրեց դպրոցի շենքը… Մի օր էլ Հադրութի մերձակայքում էինք՝ անտառուտ և սարերով շրջապատված մի տեղանքում: Հանկարծ հրաձգություն սկսվեց մեր ուղղությամբ: Փամփուշտները բառացիորեն քթներիս կողքով սուրում էին: Նույնիսկ չգիտեմ՝ ինչը պահեց մեզ. զոհ, վիրավոր չունեցանք: Այդ օրն առաջին անգամ սևամորթ վարձկան տեսա  նրանց շարքերում:

Պատերազմի ընթացքում Սահակը մարտական ընկերների հետ շատ անելանելի իրավիճակներում է հայտնվել, մի քանի անգամ շեշտակի նայել է մահվան աչքերի մեջ.

-Մարտի դաշտում իմ հույսը դրել էի սեփական անձի և Տիրոջ ողորմածության վրա: Մտածում էի, որ եթե ինձ ճիշտ չպահեմ, Աստված ինձ ամեն անգամ չի փրկի… Կռվի երկրորդ շաբաթն էր: Մեր դիրքը լեռնային բարձր տեղանքում էր: Մի օր մեր գլխավերևով «Բայրաքթար» անցավ ու սկսեց ռումբեր արձակել: Աչքերս փակեցի. մտքովս անցնում էր՝ «Այսքան քի՞չ պիտի ապրեի…»: Չգիտեմ նույնիսկ՝ ինչո՞ւ էի փակել աչքերս. դա ինձ հաստատ օգուտ չէր տալու: Արկերից մեկն ընկավ ինձնից մի քանի մետր հեռավորության վրա ու… չպայթեց: Եթե պայթեր, մահը անխուսափելի էր լինելու: Խրվեց փափուկ հողի մեջ ու լռեց:

Հադրութից հետո Արցախի տարբեր գյուղերում էինք կռվում: Նոյեմբերի սկզբին Մարտունիում էինք, երբ ստացանք հրադադարի լուրը…

Եռաբլուրը… Իմ շատ ընկերների, ծանոթների շիրիմներն այնտեղ են: Այնտեղ է մանկությանս ընկերս՝ Հրաչյա Գաբրիելյանը… Նրանից շուտ էի ծառայության անցել: Այնպես եղավ, որ նա մեր զորամաս եկավ ծառայության: Ես պետք է 6 ամսից զորացրվեի, իսկ նա նոր էր ծառայության անցել: Այդ ժամանակ դեռ ոչ մեկիս մտքով չէր անցնի, թե ինչ է լինելու: Պատերազմից երկու օր առաջ տեսա, որ նրա համազգեստը մաշվել է, նոր համազգեստ նվիրեցի: Հաջորդ օրը ճաշարանում նրան տեսա նոր համազգեստը հագին, գոհ-գոհ շրջում էր. «Սազում է, չէ՞»: Հաջորդ օրը կռիվն սկսվեց… Վերջին անգամ նրան տեսա Հադրութի դպրոցում: Լսել եմ, որ Ֆիզուլու շրջանում է զոհվել: Նրան ճանաչելով՝ վստահ եմ, որ լավ է կռվել… Պատերազմից հետո 7-8 ամիս սպասել ենք, հույս ունեցել, հուսախաբ եղել, ու ի վերջո նրան գտան ու նույնականացրին…

Հաճախ ինձ հարցնում են. «Ինչո՞ւ պարտվեցինք: Արդյո՞ք անխուսափելի էր այն, ինչ եղավ»: Առայժմ ձեռնպահ եմ մնում պատասխանելուց…

Սպարապետ Վազգենը մի շատ ճիշտ խոսք ուներ: Ասում էր. «Ամենավատ բանն անտարբերությունն է»: Այսօր մեզնից յուրաքանչյուրը գլուխը կախ պետք է անի իր գործը, անի նվիրումով ու գիտակցված: Չի՛ կարելի էժանագին քարոզներով զբաղվել, սրան-նրան պարսավել: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ուժը մեր գիտելիքն է: Մենք պետք է ներքին պայքար ունենանք՝ չհանձնվելու պայքար: Մեզնից յուրաքանչյուրը, անկախ մասնագիտությունից, պետք է գիտակցի, որ հենց ինքն է այն մարդը, ումից կախված է մեր հաջողությունը, մեր ազգի ապագան:

Ես հիմա շատ լավ մարտական ընկերներ ունեմ, նաև՝ վիրավոր, որ մինչև այսօր դեռ չեն կազդուրվել: Հաշմանդամության կարգ ունեցող ընկերներ ունեմ, որոնց կյանքը պայքարի է վերածվել: Պատերազմից հետո մեր կյանքը շատ է փոխվել:  Իսկ նրանց, որ հիմա երկնքում են, պետք է փորձենք արժանի լինել: Սփոփանք եմ համարում այն, որ կարողացանք մեր դարպասը կանգուն պահել: Լուսավոր միայն մի՛ բան կա ինձ համար պատերազմից հետո. ըստ վիճակագրության՝ մեր ծննդատներում այժմ կրկնակի շատ տղաներ են ծնվում:

Զրույցի վերջում հետաքրքրվում եմ Սահակից. ի՞նչ մտքեր, ի՞նչ ծրագրեր ունի պատերազմից հետո: Երիտասարդը վստահ է՝ զինծառայությունից հետո էլ Հայրենիքին ծառայությունը երբեք չպետք է ավարտվի: Հետպատերազմյան դժվար ժամանակներում նա հստակ գիտի իր անելիքը.

-Ուզում եմ դասախոս դառնալ: Ես ուրախ կլինեմ անգամ, եթե ինչ-որ գյուղում ուսուցիչ լինեմ: Ուսուցչինը աստվածահաճո գործ է: Դպրոցից ու ընտանիքից է սկսվում արժանապատիվ, գիտակից, պատասխանատու մարդու ձևավորումը: Հաճախ եմ լսում՝ «Ի՞նչ դասախոս, մտքիցդ հանի՛ր: Այդ գործով նորմալ փող չես աշխատի»: Ավելի լավ է՝ բարձր աշխատավարձ չստանամ, բայց իմանամ, որ օգտակար եմ լինելու երկրիս: Ես չեմ կարող մի ուրիշ երկիր գնալ, իմ անձնական շահը հետապնդել ու հետո ասել. «Վա՜յ, էս ի՞նչ եկավ իմ երկրի գլխին»: Մենք ամեն մեկս մեր չափով պետք է արժևորենք, հասկանանք մեր երկրի վիճակը, չհանձնվենք ու անվերջ պայքարենք…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ