Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՎԱՏՈՎ



ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՎԱՏՈՎԶրույց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի հետ

 

Պարոն Մելիքյան, եկեք մեր զրույցն սկսենք Ձեր գյուղի արտասովոր անունից. ի՞նչ է նշանակում Կոթի:

-Ես Կոթի բառի ծագման երեք վարկած գիտեմ: Առաջինը կապված է վաղնջական ժամանակների հետ, երբ քարաշեն տներ չկային, ու գյուղի բնակիչները ապրում էին գետնափոր կացարաններում: Կացարանների վրա խողովակներ կային, որոնք ներկայիս ծխնելույզների նախատիպն էին: Այդ խողովակները կոչվում էին կոթ: Կոթերով գետնափոր կացարանները այս տարածաշրջանում նորություն էին, ու մարդիկ մեր գյուղի մասին խոսելիս նշում էին կոթերի առկայությունը՝ գնում ենք կոթերի գյուղ:

Մեկ այլ վարկածով՝ գյուղը ծայրամասային է և ասոցացվել է վերջավորության՝ կոթի հետ:

Որպեսզի գյուղը լինի մեծ, որպեսզի բնակիչները չարտագաղթեն, առաջին հերթին անհրաժեշտ է ֆիզիկական պաշտպանվածություն, աշխատելու, բարիք ստեղծելու հնարավորություն և կրթություն, նաև՝ ենթակառուցվածքներ, երիտասարդների համար ժամանցի վայրեր, սպասարկման ոլորտի ծառայություններ և այլն: Եկեք խոսենք սահմանների պաշտպանվածությունից: Նախկինում սահմանային ընդհարումները ավելի հաճախակի էին Կոթի գյուղում: Վերջին տարիներին կարծես թե ավելի խաղաղ է: Ճի՞շտ եմ նկատել:

-Այո՛, վերջին լուրջ միջադեպը եղել է 2018-ին. երբ ադրբեջանցիները կրակեցին գյուղի ուղղությամբ ու վիրավորեցին խաղաղ բնակչի: Վերջին տարիներին միայն եղել են հատուկենտ կրակոցներ: Գյուղի անվտանգությունն ու բնակիչների անդորրը պաշտպանում են ժամկետային զինծառայողներն ու պայմանագրայինները: Պայմանագրայիններից շատերը մեր գյուղացիներն են, ես սա ուրախությամբ ու հպարտությամբ եմ ասում: Հպարտ եմ մեր գյուղի այն երիտասարդներով, որոնք օտար քաղաքներում ավելի հեշտ ու ապահով աշխատանք որոնելու փոխարեն գերադասել են մնալ գյուղում, կանգնել թշնամու դիմաց ու զենքով, կյանքով պաշտպանել իրենց ծննդավայրը, իրենց հայրենիքը: Բացարձակ չնսեմացնելով մյուս զինծառայողների նվիրումը՝ ամեն դեպքում ուզում եմ ասել. երբ սահմանին քո համագյուղացին է, որի թիկունքում իր ծնողն է, երեխան, կինը, հարազատները, քեզ ավելի պաշտպանված ես զգում:

ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՎԱՏՈՎԻնչո՞վ են զբաղվում գյուղացիները, ինչո՞վ են հոգում իրենց ապրուստը:

-Հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ ու անասնապահությամբ: Գյուղում կան մսի և կաթի մշակման արտադրամասեր, իսկ պտուղը հիմնականում իրացվում է մոտակա քաղաքների՝ Նոյեմբերյանի, Իջևանի գործարաններում: Մեծ գնումների ժամանակ մթերողն ինքն է գալիս գյուղ ու տանում իրեն անհրաժեշտ մրգերը:

Ինչպիսի՞ն է ճանապարհների վիճակը: Գյուղի դպրոցը նորո՞գ է, մանկապարտեզ, բուժկետ ունե՞ք: Սրանք ապրելու առաջին անհրաժեշտության պայմաններն են:

-Գյուղից դուրս եկող՝ հանրապետական նշանակության ճանապարհները բարեկարգ են: Ներհամայնքային ճանապարհները խճապատում ենք: Այսօր մեքենան կարող է մոտենալ գյուղի յուրաքանչյուր տանը: Իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհը տուֆով սալարկված է:

Դուք մի եկեղեցի էլ ունեք՝ Սուրբ Սարգիսը: Ես լսել եմ, որ այդ եկեղեցու հիմնաքարը Մեսրոպ Մաշտոցն է դրել:

-Այո, պատմությունը վկայում է, որ Մեսրոպ Մաշտոցը հողին է հանձնել Սուրբ Սարգսի մասունքները, վրան դրել եկեղեցու հիմնաքարը: Այնուհետև 12-13-րդ դարերում կառուցվել է բուն եկեղեցին: Ցավոք, հիմա եկեղեցին «գերության» մեջ է…

Դպրոցն ունի 207 աշակերտ: Այն բարեկարգ է և կարող է անխափան գործել ձմռան ամիսներին: Ուսուցիչները հիմնականում մեր գյուղի բնակիչներն են, ու գրեթե բոլոր առարկաները ունեն դասավանդող մասնագետներ: Մեր դպրոցի շրջանավարտներից շատերը հաջողությամբ ընդունվում են տարբեր բուհեր:

Մանկապարտեզը նույնպես գործում է: Գյուղն ունի ամբուլատորիա, որտեղ հիվանդներին բուժօգնություն է ցուցաբերում բարձրագույն կրթությամբ բժիշկը:

ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՎԱՏՈՎՀատկապես երիտասարդներին գյուղին կապելու համար պետք է, որ նրանք աշխատանքից բացի իրենց հանգիստը վայելելու հնարավորություն էլ ունենան: Ի՞նչ վիճակում է մշակույթի տունը,գործո՞ւմ է:

-Մշակույթի տունը նորոգման կարիք ունի: Առկա հնարավորություններով մշակույթի տանը ունենք համակարգիչներով համալրված «Smart» կենտրոն, որտեղ դպրոցականներն ու երիտասարդները սովորում են ծրագրավորում, մեդիագրագիտություն, հաճախում են տարբեր խմբակներ: Մշակույթի տունը ունի նաև վարժասարքեր, որոնք անվճար սպասարկում են ցանկացողներին:

Վերջին անգամ ե՞րբ է կոթեցին ներկայացում կամ համերգ դիտել մշակույթի տանը Երևանից եկած արտիստների մասնակցությամբ:

-Ներկայացում չի եղել: Վերջին տարիներին մի քանի ազգագրական խմբեր են եկել միայն՝ «Սասնա ծռերը», «Ակունքը», «Նուբարը»… Շատ մեծ նվեր կլիներ, եթե երևանյան թատրոնները կամ համերգային խմբերը ելույթ ունենային սահմանամերձ գյուղերի բնակիչների համար: Այն իսկական տոնի կվերածվեր մեր գյուղում:

Զորակոչը հասե՞լ է Կոթի:

-Այո՛: Կոթեցիները շատ լավ գիտեն պաշտպանված սահմանների գինը: Ու նրանք մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են գնում պաշտպանելու իրենց հայրենակիցների անդորրը:

ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՎԱՏՈՎԿոթեցիները անձնվիրաբար մասնակցել են Արցախյան ազատամարտին. զոհվածների թիվը հասնում է 4 տասնյակի: Երեք զոհ, մեկ անհետ կորած ու վիրավորներ էլ ունենք 44-օրյա պատերազմի մասնակիցների մեջ:

Վերջին տարիներին արտագաղթողներ եղե՞լ են գյուղից:

-Էական շարժ չի եղել: Մեր գյուղացիները իրենց ապագան գյուղում են կառուցում:

Առհասարակ, ինչպիսի՞ն է մարդկանց տրամադրությունը վերջին ցավալի իրադարձություններից հետո: Կարողանո՞ւմ եք քաջալերել մարդկանց, լցնել հավատով ապագայի հանդեպ:

-Առանձնակի ջանքերի կարիք չկա, հայ մարդը եթե նույնիսկ ամեն ինչ կորցնի, հավատը ապագայի հանդեպ ու լավ օրերի հույսը չի կորցնի: Կոթեցիները պինդ ժողովուրդ են. անտրտունջ կշտկեն մեջքները, ոտքի կկանգնեն ու կքայլեն առաջ՝ լուսավոր հանգրվանի հասնելու վճռականությամբ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #51 (1422) 29.12.2021 - 4.01.2022, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


30/12/2021