Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉ…



ԶՈՐԱԿՈՉ...Շուրջ յոթ տարվա վաղեմություն ունեցող այս լուսանկարում պատանի երկրապահ Արսենն է. եղբոր զինվորական երդման արարողությանն է մասնակցում և ինքն էլ Հայրենիքին ծառայելու խոստում է տալիս:

Այժմ հասուն տարիքում, նույնպիսի ոգևորությամբ ու պատրաստակամությամբ Արսենը Հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխն է համալրում՝ իրապես կրելով ու ընկալելով զինվորական երդման ու ծառայության խորհուրդն ու բովանդակությունը։

-Տրամադրությունս մարտական է, եկել եմ, որ Հայրենիքիս զինվորը դառնամ,- ասում է Արսենը:

Բանակ է զորակոչվում նաև Սամվել Միքայելյանը։ Ծնվելով ու ապրելով ՌԴ-ում, 18 տարին լրանալուն պես, Սամվելը եկել է Հայաստան՝ նույնպես Հայրենիքի զինվոր դառնալու  առաքելությամբ:

-Եկել եմ ծառայեմ Հայրենիքիս։ 44-օրյա  պատերազմում կորցրել եմ եղբորս ու բնականաբար չէի կարող չգալ: Ծառայելու եմ այնպես, ինչպես եղբայրս է ծառայել…

ԶՈՐԱԿՈՉ...Զորակոչային նույնպիսի տրամադրություն է նաև որդուն  ճանապարհելու եկած ծնողների մոտ։

-Չեք պատկերացնի, թե ինչքան մարդ է ինձ զանգահարել ու Սամվելիս բանակ գնալու կապակցությամբ աչքալուսանք տվել,- ասում է զինակոչիկի հայրը՝ Տիգրան Միքայելյանը:

-Հայրենիքը բոլորիս համար թանկ է: Ես՝ որպես մայր, վստահ եմ, որ որդիս արժանապատվորեն կկատարի պարտքը,- ամուսնուն է շարունակում Արմինե Մելոյանը:

ԶՈՐԱԿՈՉ...Մինչև շարքայինի կարգավիճակում հայտնվելը, Սամվելի և մյուսների անձնական գործերն աչքի են անցկացնում զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն ու սպաները, տալիս ևս մի քանի ճշգրտող հարցեր, հետաքրքրվում զինակոչիկների տրամադրությամբ։

…Ստուգումներն ավարտված են, իսկ բակում արդեն զորակոչային ծանոթ պատկերն է. տղաները ստանում են հոգևոր հոր օրհնությունը, լսում ավանդական մաղթանքները ու խորհուրդները գլխավոր և անփոփոխ ուղերձով՝ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ: Զորակոչային առաջին օրվա ամփոփիչ այս ակորդով էլ, ծափերով ու ոգևորիչ կոչերով տղաները ուղևորվում են դեպի հանրապետական հավաքակայան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ՀԱՐՈՒԹ ՍԱՖԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #50 (1421) 22.12.2021 - 28.12.2021, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


23/12/2021