Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԳՈՆ ՈՒ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ



ԶԳՈՆ ՈՒ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՃանապարհը տանում է դեպի հարավային սահմանագոտի։ Հենակետերից մեկում ուժեղացված ծառայություն է իրականացնում կապիտան Արման Մկրտչյանի հրամանատարությամբ գործող դասակը: Մեր այցի պահին նա հերթափոխի պատրաստվող զինծառայողների հետ անվտանգության կանոնների հրահանգավորում էր անցկացնում, ինչպես նաև դիրքային ծառայությանն առնչվող խնդիրներ առաջադրում։

– Իրավիճակը հարաբերական կայուն է: Հակառակորդի կողմից հրադադարի խախտումները հաճախակի են դարձել, իսկ մենք էլ համապատասխան ու համարժեք գործողություններով լռեցնում ենք, կանխում հակառակորդի գործողությունները,- իրավիճակն է ներկայացնում հրամանատարը:

Հակառակորդի սադրիչ վարքագիծը մեր դիրքապահների համար վաղուց սովորական երևույթ է դարձել:

– Ամենօրյա կրակոցները մեզ համար սովորական են: Միշտ զգոն ենք, միշտ պատրաստ մարտական խնդրի կատարմանը: Մարտական ոգին էլ բարձր է,- վստահեցնում է ժամկետային զինծառայող Ժորա Ներկարարյանը:

Ժորան դիրքի ավագն է: Նա նաև 44-օրյա պատերազմին է մասնակցել։ Սա նրա վերջին մարտական հերթափոխն է. մի քանի օրից կավարտվի նրա ժամկետային ծառայության երկամյակը:

– Կրտսեր զինակիցներին փոխանցում եմ սահմանն անառիկ պահելու իմ փորձառությունը։ Սահմանում պետք է չափից դուրս զգոն և ուշադիր լինեն, որ չթիրախավորվեն թշնամու դիպուկահարների կողմից: Հպարտ եմ, որ ծառայել եմ Հայրենիքիս, էն գիտակցումով եմ ծառայել, որ Հայրենիքը սկսվում է հենց սահմանից,- ասում է դիրքի փորձառու ավագը:

Նույն գիտակցումով ու պատերազմի թոհուբոհի միջով անցած մարտիկի  փորձառությամբ մարտական հերթափոխի «վերջին էջն է թերթում» նաև Միշա Հակոբյանը։

– Օրը 24 ժամ հետևում ենք հակառակորդին՝ խստորեն պահպանելով անվտանգության ու քողարկման բոլոր կանոնները: Եվ պատրաստ ենք մարտական ցանկացած խնդրի անվերապահ կատարմանը,- վստահեցնում է Միշան:

Այստեղ գրեթե բոլորն էլ Արցախյան վերջին պատերազմին մասնակցած տղաներ են և լավ գիտեն իրենց խնդիրը. հարկ եղած դեպքում արագ պատրաստվելու, զինվելու, պաշտպանության ու այնուհետև հակահարձակման անցնելու մեթոդները։

– Ստորաբաժանման տղաներով քաջ գիտենք մեր առջև դրված խնդիրները: Հատկապես վերջին պատերազմից հետո առավել ուժեղացված ենք պահում մեզ վստահված դիրքերը, բացի այդ, անընդհատ կատարում ենք ինժեներական ու ամրաշինական աշխատանքներ,- ասում է  ժամկետային զինծառայող Նարեկ Մովսիսյանը:

-Ապահովված ենք ամեն ինչով՝ հաստիքային զենքերով, անհրաժեշտ բոլոր միջոցներով, դիտասարքերով,- ընկերոջ խոսքն է շարունակում Ժորա Ներկարարյանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարը՝ ՀԱՐՈՒԹ ՍԱՖԱՐՅԱՆԻ

Խորագիր՝ #49 (1420) 15.12.2021 - 21.12.2021, Ազգային բանակ


16/12/2021