Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊԻՏԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ



ԿԱՊԻՏԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԿապիտան Ռաֆայել Ղազարյանը այն քաջերից էր, ում կամքն աներեր էր հայրենիքի սահմանները պաշտպանելիս։

Ծնվել է 1993 թ. Ստեփանավան քաղաքում։ Մանկության տարիներն անցկացրել է Մոլդովայում, սակայն հետո վերադարձել է Հայաստան։ Ռաֆայելը պատանի հասակում ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ 2010 թ., ավարտելով վարժարանը, մեկնել է Հունաստան՝ ուսումը շարունակելու։ Վերադառնալով հայրենիք՝ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 2015 թ. համալսարանն ավարտելուց հետո ծառայել է Ջրականում՝ ի շահ հայրենիքի ներդնելով իր մարդկային բացառիկ որակները, գիտելիքներն ու հմտությունները։ Ռաֆայելը պահանջկոտ ու հետևողական հրամանատար էր, բայց կարգապահական խստության հետ մեկտեղ նա մնում էր իր զինվորների համար ընկեր՝ ձգտելով կրթել նրանցից յուրաքանչյուրին։

…Ապրիլյան պատերազմը նրա սպայական որակների դրսևորման առաջին լուրջ փորձադաշտն էր, եւ նա ապացուցեց, որ իսկական նվիրյալ է՝ իր զինվորների հետ հերոսաբար պաշտպանելով հայրենի հողը։

Հայկական բանակի ամրապնդման գործում զգալի ավանդ ունենալու համար Ռաֆայել Ղազարյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով և բազմաթիվ պատվոգրերով, շուտով նրան պետք է շնորհվեր մայորի կոչում… Սակայն 44-օրյա պատերազմի օրերին Հայրենիքը նորից կանչեց նրան… Կապիտան Ղազարյանը կռվեց հայ սպային վայել պատվախնդրությամբ՝ անկոտրում կամք ու խիզախություն դրսևորելով մարտի դաշտում, իր զինվորների ապահովությունն ու կյանքը մշտապես առավել կարևորելով, քան իրենը։ Նրա երկրային ուղին ընդհատվեց Ջրականի թեժ մարտերում… Չիրագործվեցին Ռաֆայելի երազանքները, կիսատ մնացին ապագայի բազում ծրագրեր…

ՍՈՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #49 (1420) 15.12.2021 - 21.12.2021, Ճակատագրեր


16/12/2021