«ՀԱՅՐԵՆԻՔՍ ԻՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ»
Ես կարող եմ ամենայն մանրամասնությամբ ձեզ փոխանցել այն, ինչ պատմում էր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, 44-օրյա պատերազմում արիաբար զոհված իր որդու մասին: Բայց որքան էլ ջանամ, դուք չեք կարող զգալ նրա ձայնի լույսը, երբ արտաբերում էր Ալենի անունը: Ես չեմ կարող բառերով նկարագրել նրա անպարագրելի հիացմունքը, սերը, կարոտը, ցավը, երբ ասում էր՝ իմ տղան բացառիկ գեղեցիկ, կատարյալ մարդ էր:
– Ալենը արտասովոր էր ծնված պահից: Բժշկուհին զարմացած նայեց նորածին Ալենին ու ասաց՝ հայացքը չի թափառում, այլ կենտրոնացած է, հստակ: Քսան օրականում ես նրա համար բանաստեղծություններ էի արտասանում, անմիջապես խաղաղվում էր, գլուխը դնում էր ուսիս ու լսում: Երբ սկսեց խոսել, ես հասկացա, որ նա մեծ է ծնվել, որ ես մեծ տղայի հետ եմ ապրում: Մեկ ու կես տարեկանում տիկնիկային թատրոնի հանդիսատես էր, խոսում էր զարմանալի բառապաշարով, հստակ արտաբերելով ամենադժվար բառերը: Ալենը բոլորի աչքի լույսն էր: Անհնար էր չսիրել նրան. ոսկեգանգուր մազեր ուներ, ճերմակ մաշկ, պայծառ աչքեր, անվերջ բանաստեղծություններ էր արտասանում, հեքիաթներ էր պատմում, երգում էր, պարում…Մանկապարտեզին զուգահեռ այցելում էր «Ինչուիկ» քոլեջ-նախակրթարան: Ով էլ տեսներ Ալենին, անմիջապես նկատում էր նրա բացառիկ ունակություններն ու զգայուն հոգին: Ես չեմ չափազանցում. Ալենը, դեռ փոքրի երեխա, զգում էր իմ հոգեկան ապրումները: Որքան էլ թաքցնեի, նկատում էր, երբ եմ տխուր, երբ եմ բարկացած…Նա գիտեր, երբ է պետք ինձ մենակ թողնել, երբ է պետք հարցեր տալ: Հինգ տարեկանում այնպիսի պատասխաններ էր տալիս, որ ես ապշում էի: Մի անգամ հուզված տուն եկա աշխատավայրից: Հարցրեց՝ մայրիկ, ո՞վ է քեզ բարկացրել: Ասացի՝ աշխարհի վրա եմ բարկացած, Ալեն ջան: Ասաց՝ աշխարհի վրա պետք չէ բարկանալ, աշխարհը պետք է սիրել: Մի անգամ էլ հարցրեցի՝ ինչո՞ւ չես իջնում բակի տղաների հետ խաղալու: Պատասխանեց՝ երբ համալսարան ընդունվեմ, կշփվեմ ինձ նման մտածողների հետ: Մի՞թե սրանք երեխայի պատասխաններ են: Ալենը իմ ամենամոտ ընկերն էր մանկական տարիքից: Նա իմ ամենաամուր հենարանն էր, իմ խորհրդատուն, իմ հոգեկիցը: Մենք միասին շրջեցինք աշխարհով մեկ: Դպրոցական արձակուրդների ժամանակ եղանք Եգիպտոսում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Ամերիկայում, Արաբական Էմիրություններում, Ռուսաստանում, բազմաթիվ քաղաքների թանգարաններում, կերպարվեստի սրահներում, մշակութային օջախներում, տեսարժան վայրերում: Այս շրջագայություններից հետո Ալենն, ասես, աշխարհը տեղավորեց հոգու մեջ, դարձավ ավելի մարդասեր, ավելի ջերմ, ավելի սիրառատ, ավելի լուսավոր…
– Ալենը ավարտել է Պետական մանկավարժական համալսարարանի ռեժիսուրայի բաժինը, ե՞րբ որոշեց ընտրել արվեստի ոլորտը:
– Ալենի հետաքրքրությունները այնքան շատ էին ու բազմազան: Նա հաճախում էր թատերական խմբակ, նկարչական, երգի, պարի…Ալենը սպորտային ու լատինաամերիկյան պարերի Հայաստանի քառակի չեմպիոն է և միջազգային չեմպիոն: Ինչ խմբակի էլ տանեի, ուսուցիչն ասում էր, որ նա բացառիկ տվյալներ ունի այդ բնագավառում: Ալենի աշխարհը լցված էր գրքերով, ֆիլմերով, կերպարվեստով, երաժշտությամբ…Երբ դեռ երեխա էր, փոքրիկ ներակայացումներ էր բեմադրում հարևանների համար: Նույնիսկ տոմսեր էր պատրաստում ու «վաճառում» հանդիսատեսին: Ուզում էր ամեն ինչ նման լինի իսկական թատրոնին: Իսկ դպրոցական Ալենը միշտ բեմում էր: Փայլուն տիրապետում էր երեք լեզվի և ֆրանկոֆոնիայի միջոցառումները ֆրանսերեն էր վարում: Հաճախում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանեի կենտրոն; Ու անպիսի հաջողություններ ունեցավ, որ 19 տարեկան Ալենին հրավիրեցին դասավանդելու նույն կենտրոնում:
Դպրոցական Ալենը 4 հեղինակային ֆիլմի հեղինակ էր: Նրա «Տարազ» և «Կանաչիներ» ֆիլմերը ցուցադրվեցին արտերկրում ՝ ներկայացնելով հայ մշակույթը օտար հանդիսատեսին: 15 տարեկանում դպրոցական Ալենը հրավեր ստացավ «Մարիոտ» հյուրնացում մասնակցելու Նոբելյան մրցանակակիրների ճաշկերույթին:
… Ես ուզում էի, որ Ալենը իմ մասնագիտությունն ընտրի՝ իրավաբան դառնա, բայց նա ասաց, որ իրավաբանությունն իրեն չի հետաքրքրում: Հետո ես ցանկացա նրան ուղղորդել դեպի բժշկությունը, բայց Ալենն իրեն հատուկ վճռականությամբ հայտարարեց, որ պիտի ռեժիսոր դառնա: Մենք գնացինք Ամերիկա, որպեսզի Ալենը ուսումնասիրի տեղի հեղինակավոր համալսարաններից մեկը ու, եթե հավանի, այնտեղ կրթություն ստանա: Արտերկրի կրթոջախներում նման ավանդույթ կա՝ մասնագիտական ընտրություն անելիս դու կարող ես շփվել բուհի դասախոսական կազմի հետ, ծանոթանալ դասավանդման պայմաններին: Դասախոսները հիացած էին Ալենի գիտելիքներով, բազմակողմանի իմացությամբ: Զարմացան՝ իմանալով, որ անգլերենը Ալենի մայրենի լեզուն չէ: Բուհը, դասախոսները Ալենին դուր եկան, բայց վերջին պահին հրաժարվեց, ասելով՝ «Մամ, ես գիտեմ, որ դու տարվա 6 ամիսը Նահանգներում՝ իմ կողքին ես լինելու: Չեմ ուզում Դավիթին բաժանել հորից»: Դավիթը Ալենի կրտսեր եղբայրն է, ու նորածին էր այն ժամանակ: 16 տարեկան տղան հրաժարվեց Միացյալ Նահանգներում կրթվելուց, որպեսզի փոքր եղբայրն ու հայրը չկարոտեն իրար:
Ինչպես դպրոցը, այնպես էլ Պետական մանկավարժական համալսարանը ավարտեց գերազանցությամբ: ժողովրդական դերասան Արմեն Սանթրոսյանը մի առիթով ասաց. «Ալենից լույս ու բարություն էր ճառագում, նա մագնիսի պես ձգում էր իրեն շրջապատող մարդկանց…»:
– Հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ասացին, որ Ալենը նաև սոցիալական ծրագրեր է իրականացրել:
-Բարեգործությունը կենսակերպ էր Ալենի համար: Մանկավարժական համալսարանում սովորելիս նաև աշխատում էր ու իր աշխատավարձը տալիս էր հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների ու անապահով ընտանիքների երեխաներին: Տարբեր կամավորական աշխատանքներ էր անում, օրինակ, սեփական նախաձեռնությամբ ջոկատավար աշխատեց «Լուսաբաց» ճամբարում: Դիմել էր «Դասավանդիր, Հայաստան» ծրագրին, որ գնա սահմանամերձ գյուղեր՝ դպրոցում աշխատելու..
Ալենը մանկավարժական համալսարանը ավարտելիս ազատ խոսում էր 5 լեզուներով ու առանց որևէ դժվարության ընդունվեց աշխարհի լավագույն բուհերից մեկը՝ Բոստոնի համալսարան՝ միաժամանակ երկու ծրագրով:
– Այսինքն՝ երկու ֆակուլտետ;
– Այո: Բայց հուլիսյան դեպքերից հետո հասկացավ, որ հայ-ադրբեջանական պատերազմը անխուսափելի է, հրաժարվեց ուսման համար իրեն հատկացված տարկետումից ու մեկնեց բանակ: Ալենը իր կենսագրությամբ, իր տքնանքով վաստակել էր այդ տարկետումը, նա կարող էր գնալ Բոստոն, ապրել ապահով ու բարեկեցիկ կյանքով, վայելել իր ուսանողական երջանիկ տարիները: Բայց դա Ալենը չէր լինի, դա կլիներ շարքայի մեկը…
– Ես ուզում եմ, որ Դուք ասեք, թե ի՞նչ էր գրել Ալենը Բոստոնի համալսարանի ղեկավարությանն ուղղված նամակում և ի՞նչ պատասխան էր ստացել:
– Ալենը գրել էր. «Ես անսահման երախտապարտ եմ, որ հազարավոր դիմորդներից նախապատվությունը տվել եք ինձ: Սակայն չեմ կարող գալ Բոստոն, որովհետև հայրենիքս ու ժողովուրդս իմ պաշտանության կարիքն ունեն, և ես պիտի լինեմ ազգիս ու երկրիս կողքին»: Պատասխան նամակում գրված էր. «Ձեր նամակը ցնցեց մեզ: Մենք հիացած ենք Ձեզնով ու պատրաստ ենք պահպանել Ձեր տեղը, վերանայել Ձեր կրթաթոշակը, միայն թե Ձեզ նման երիտասարդը մեր ընտանիքի անդամը դառնա»:
– Ես գիտեմ, որ Ալենը սեփական նախաձեռությամբ է գնացել առաջանգիծ:
– Երբ պատերազմն սկսվեց, մենք ընտանիքով Արցախում էինք: Ալենը Ժիլբերի համախտանիշ ուներ, նաև պիտի վիրահատվեր: Ես նրան ասացի, որ վիրահատությունը չի կարելի ուշացնել… Շատ կտրուկ պատասխանեց՝ մյուս անգամ չհամարձակվես ինձ դասալքության մղել, ու մեզ ճանապարհեց Երևան: Այո, նա կապավոր էր ու իր նախաձեռնությամբ էր մեկնել առաջնագիծ: դաժան մարտերի միջով էր անցել: Նա զոհվեց իր երկու ընկերների հետ, երբ զենք ու զինամթերք էր տանում առաջնագիծ: Անօդաչու թռչող սարքերը երկնքից կրակ էին թափում, բայց առաջագծում զենքը վերջացել էր, ու ինչ-որ մեկը պիտի անցներ ռմբակոծվող ճանապարհով ու զենք հասներ կռվողներին: … Ալենն առաջինն է սկսում բարձել զենքերը բեռնատարի մեջ: Նա զոհվում է անօդաչուի հարվածից՝ իր երեք ընկերների հետ:
– Ալեն Մարգարյանը շարունակում է գործել հանուն ազգի ու հայրենիքի: Խնդրում եմ պատմեք, թե ի՞նչ ծրագրեր է իրագործում ձեր ընտանիքը՝ Ալենի անունից:
– Ոչ միայն իմ ընտանիքը: «Դասավանդիր, Հայաստան» ծրագիրը սահմանել է Ալեն Մարգարյանի անվան կրթաթոշակ; Մանկավարժական համալսարանում Ալեն Մարգարյանի անվան լսարան է բացվել, իսկ փետրվարի 11-ին՝ Ալենի ծննդյան օրը, կդրվի նրա կիսանդրին: «Ալեն Մարգարյան բարեգործական հիմնադրամը» կշարունակի Ալենի բարեգործությունները, սոցիալական օգնություն կտրամադրի անապահով ընտնիքներին, կհոգա նրանց երեխաների ուսման ծախսերը: Մենք կհիմնենք Ալեն Մարգարյանի անվան տարրական ու հիմնական դպրոց:
Արդեն 400 երեխաներ Ալենից տիկինիկային թատրոնի տոմսեր են նվեր ստացել: Ալենը նրանց Ամանորյա հեքիաթ կպարգևի: Ալենի կողմից Ամանորյա նվերներ կստանան նաև սահամանամերձ բնակավայրերի անապահով երեխաները: Մենք գրքահավաք ենք նախաձեռնել Սյունիքի մարզի Գագիկավան գյուղի գրադարանի համար, որպեսզի երեխաները կարդալու հնարավորություն ունենան, առնչվեն գրքի վայելքին: Մենք դրամական աջակցություն ենք ցուցաբերում Ալենի՝ արտերկրում սովորող երկու սաներին ու երկու ընկերներին:
Ալենի մասին գրքեր են գրվում, որոնք երիտասարդ սերնդին կհուշեն, թե ինչպես պետք է սիրել Հայրենիքը…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #49 (1420) 15.12.2021 - 21.12.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում