Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԱՐՏՔ ԵՄ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ…»



«ՊԱՐՏՔ ԵՄ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ...»Ուսումնամարտական զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Կարապետյանի հետ զրուցելիս, գնդապետը հպարտությամբ պատմում էր 44-օրյա պատերազմում հրետանավոր ժամկետայինների ցուցաբերած բացառիկ խիզախության, մասնագիտական բարձր պատրաստվածության մասին ու անուններ նշում. նրանցից մեկն էլ սերժանտ Վարդան Կլեկչյանն է:

Պատերազմի թոհուբոհն անցած սերժանտը այժմ ծառայում է գնդապետ Հարություն Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասում, դասակի հրամանատարի տեղակալ է։

Վարդանը զինվորականի ընտանիքում է մեծացել, հայրը Հայոց բանակի սպա է, մայրը՝ մանկավարժ. հայաշունչ, հայրենասեր եւ հայրենատեր ոգով է դաստիարակվել: Դեռ մանկապատանեկան տարիքից ոգեւորված ընթերցում էր մեր պատմավեպերը, ոգեշնչվում մեր պատմության հերոսական կերպարներով և իր պատկերավոր մտածողությամբ երբեմն դառնում էր Վարդան Մամիկոնյան, Գևորգ Մարզպետունի, Դավիթ-Բեկ, Մխիթար Սպարապետ …Դպրոցի բոլոր միջոցառումների ժամանակ մշտապես հնչում էր նրա ինքնատիպ ասմունքը՝ Չարենց, Սահյան, Թումանյան…

-Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան եւ ձմռանը բանակ զորակոչվեցի, ուսումնական զորամասից հետո ծառայությունս շարունակեցի Իվանյանում՝ որպես հաշվարկի հրամանատար: Ութ ամսվա ծառայող էի՝ պատերազմը սկսվեց: Մեկ շաբաթ անց մեր գունդն արդեն դիրքերում էր, առաջին իսկ օրվանից գրոհի անցանք ու առաջադրանքը գերազանց կատարեցինք: Հետո մասնակցեցինք Մարտունու գրոհներին։ Ցավոք, ուժերը անհավասար էին: Մեր՝ Իվանյանի հրետանային դիվիզիոնը, մեծ գործ է կատարել առաջնագծի տարբեր հատվածներում՝ Ննգի, Շուշի, Մարտունի… Չորս-հինգ ճակատով մարտնչել ենք, հակառակորդի «Գրադ» դիվիզիոններ ենք ոչնչացրել, «Սմերչ» կայանքներ, մարտական դիրքեր գետնին հավասարեցրել…

Պատերազմական վառոդաբույր օրերի ժպիտն ու արցունքն է վերհիշում Վարդանը.

-Կռվի դաշտում աշակերտներից քաղցրավենիք ու նամակներ էինք ստանում, նամակների ամեն տողում հարազատ շունչ էինք զգում, ուշադրություն, գնահատանք, ամեն մեկս այդ պահին իր կրտսեր եղբորն ու քրոջն էր պատկերացնում, ու ավելի ոգեւորված մարտի նետվում՝ ինչ անում ենք, էս երեխեքի համար ենք անում, ասում էինք կես կատակ-կես լուրջ, ասում էինք մեծավարի, բայց իրականում հենց այդպես էլ կար. պատերազմը ժամանակից շուտ մեզ մեծացրեց…

Հոկտեմբերի 14-ի գիշերը, հիշում եմ, հակառակորդի ուժեղ հրետակոծության տակ, մեր վիրավոր զինակից ընկերոջ՝ Դավիթ Օգանեզովի ծնունդը նշեցինք. պեչենիներով տորթ էինք պատրաստել, ծնունդը ծնունդ չէր լինի առանց հրավառության. հրավառությունը թշնամու գլխին կրակ թափելն էր: Ծնունդը նշելու, օրը հիշարժան դարձնելու կազմակերպիչը Զավեն Եսայանն էր: Ի՜նչ անվախ ու խիզախ տղա էր Զավենը, իր տեխնիկան մարտերի ընթացքում խոցվել էր, իրեն ասել էին, որ իջնի զորամաս, բայց համառել էր, մեկ ուրիշ տեխնիկայով, վիրավոր վիճակում, շարունակել էր կռվել: Հոկտեմբերի 25-ին Զավենը զոհվեց…

Ինչքա՜ն տղերք զոհվեցին՝ կյանքով լցված, կյանքն այդքան սիրող, բայց կյանքը նվիրեցին հայրենիքին…

Զոհված ընկերների ցավը վերածվում էր վրեժի, ցասման, ու մաղում էինք դիպուկահարի ճշգրտությամբ, անվրեպ.

-Զավենի համար, Մոսոյան Դավիթի, Ղարիբյան Սամվելի, Մանյան Արարատի, Մելիքսեթյան Կարենի, Յակովլեւ Դավիթի համար… համազարկով կրա՚կ…

♦♦♦

«ՊԱՐՏՔ ԵՄ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ...»Երկնքից կրակի հեղեղ էր թափվում, այդ համատարած կրակատարափի տակ Վարդանը ե՚ւ կռվում էր, ե՚ւ հաց, ուտելիք հասցնում զինակիցներին, առաջին օգնություն ցուցաբերում վիրավորներին:

-Մահը սուրում էր շուրջբոլորը,- պատմում է Վարդանի մարտական ընկերը՝ Գարունը:- Ջրականում էինք, ընդամենը երկու ամսվա ծառայող էի, երբ ծանր վիրավորվեցի, Վարդանն առաջիններից մեկն էր, որ շտապեց օգնելու, ջուր բերեց, հետո «Ուազով» ինձ Մարտակերտի հոսպիտալ հասցրին, ամբողջ ճանապարհին ոգեւորում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, չմտածես, իսկ մինչ վիրավորվելս հոգուս հետ շատ էր սիրում խաղալ, ասում էր՝ կարո՞ղ է վախենաս, փախչես մարտի դաշտից: Ես էլ պատեհ առիթը բաց չթողեցի, ասացի՝ ապացուցեցի՞, որ փախչողներից չեմ…

Վարդանն էլ այդ պատմության իր «տարբերակն» է ներկայացնում.

-Ինքնագնաց կայանքիս չէի կարողանում մոտենալ, շուրջբոլորը կրակի բոցեր էին, որոշեցի՝ ինչ գնով էլ լինի՝ գոնե սրբապատկերս վերցնեմ միջից, ու չէի էլ հասցրել մի քայլ առաջ գնալ, երբ լսեցի վիրավոր Գարունի ձայնը: Խաչակնքեցի ու շտապեցի իրեն օգնելու, ու հենց այդ ժամանակ ինքնագնաց կայանքս պայթեցվեց… Փաստորեն՝ մեկս մյուսի կյանքը փրկեցինք…

♦♦♦

– Երբ տղաս զանգում էր ռազմի դաշտից, ասում էի՝ զգույշ եղիր, թաքնվիր, զայրանում էր, ասելով՝ չեմ վախենալու, մա՛մ, երկու վախը մի մահ է,- անհուն հուզմունքն ու հպարտությունը միախառնած՝ պատերազմական օրերն է վերհիշում Վարդանի մայրը՝ Հերմինեն:-Ասում էր՝ մամ, էս հողի համար մենք թանկ ենք վճարել, տատիս ու հորեղբորս չապրած կյանքի, հորս որբացած մանկության վրեժը պիտի լուծեմ…

90-ականների պատերազմի ժամանակ թշնամին արկակոծել էր Բերդ քաղաքը, արկերից մեկն էլ ընկել էր իրենց շենքի վրա, ու զոհվել էին Վարդանի տատն ու իննամյա հորեղբայրը, Վարդանի հայրը՝ Ամրամը, որն այդ ժամանակ տասներկու տարեկան է եղել, ոտքից վիրավորվել է, ու հենց այդ ժամանակվանից էլ որոշել էր զինվորական դառնալ, որ մոր եւ եղբոր վրեժը լուծեր։

Նույն վրեժխնդիր ոգով էլ հետագայում որդին շարունակեց՝ պատերազմի օրերին, երբ զորքին շարեցին ու ասացին՝ «Ո՞վ է ուզում գնալ մարտի դաշտ», Վարդանն առաջիններից մեկն էր…

♦♦♦

… Յոթ օր Վարդանից լուր չկար, տնեցիք տագնապի ու անորոշության մեջ էին՝ հազարումի կասկած ծվատում էր սիրտը, ամբողջ օրը մայրը եկեղեցում էր… Վերջապես հնչեց երկար սպասված զանգը.

– Ողջ եմ, մամ, պապային ասա՝ վրեժը լուծել եմ…

Իսկ քիչ հետո հեռուստաալիքներից մեկով «Վորգոնզոյի» հաղորդավար Սեմյոն Պեգովը  Շուշիի ձորն էր ցույց տալիս, որտեղ հայ հրետանավորները մարտ էին մղում, տեսանյութում երևում էր, թե ինչպես է աշխատում հրետանին`անդադար գնդակոծելով հակառակորդի մոտեցող ուժերին, ու լսվում է Վարդանի խրոխտ ձայնը՝ կրա՛կ…

-Եթե ուժերը այսչափ անհավասար չլինեին, հաստատ կհաղթեինք, մենք կռվում էինք մի քանի երկրից աջակցություն ստացող թշնամու դեմ,- ասում է Վարդանն ու շարունակում.- տատիս եւ հորեղբորս վրեժը լուծել եմ, հիմա զոհված ընկերներիս եմ պարտք…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #49 (1420) 15.12.2021 - 21.12.2021, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


16/12/2021