Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՈՐԴԻՍ 23 ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ Է ՓՐԿԵԼ»
«ՈՐԴԻՍ 23 ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ Է ՓՐԿԵԼ»

«ՈՐԴԻՍ 23 ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ Է ՓՐԿԵԼ»«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր ավագ լեյտենանտ Արտյոմ Եղոյանի մասին կցկտուր տեղեկություններ էի լսել: Ասում էին՝ նա զոհվել է, բայց կարողացել է փրկել իր 23 զինվորներին: Համալսարանական ընկերոջ՝ Տիգրան Միկոյանի հետ դուրս է եկել թշնամու զորքի դեմ: Ադրբեջանցի դիպուկահարը սկզբից Արտյոմին է խոցել, հետո՝ նրան օգնության շտապող Տիգրանին, որը հասցրել է գրկել մեռնող ընկերոջն ու զոհվել է նրա կողքին:

Ես պարզեցի, որ Արտյոմ Եղոյանը մարտունեցի է: Հայրը՝ Արշակը, մասնակցել է Արցախյան ազատամարտին, ապա ծառայության է անցել ռազմական ոստիկանության համակարգում: Մնացածը պատմեց Արշակ Եղոյանը:

– Եթե Արտյոմին տեսնեիք մանկության տարիներին, շատ կզարմանայիք. ասես մեծ մարդ լիներ, լուրջ էր, քչախոս, ինքնուրույն, միշտ ինչ-որ բանով զբաղված, ու չէր թողնում օգնենք իրեն, ասում էր՝ ես կանեմ, իմ գործերին մի խառնվեք: Ավագ եղբայրը՝ Ռոբերտը, պարզ, կենսուրախ երեխա էր, ու Արտյոմի լրջությունը նրա կողքին ավելի էր շեշտվում: Այդպես էլ մեծացավ՝ կոկիկ, բարեխիղճ, զուսպ, պատասխանատու: Արտյոմը լիդեր էր. ընկերական շրջապատում, հասակակիցների մեջ ինքն էր որոշումներ կայացնում, ինքն էր ուղղորդում: Ընկերները նրան լսում էին:

Մի օր որոշեց, որ պիտի բոքս պարապի: Ութ տարեկանից մինչև տասներորդ դասարան գնաց բոքսի, շատ հաջողություններ ունեցավ, չեմպիոնի տիտղոս նվաճեց Վրաստանում: Եվ մեզ, և իր համար ամենահիշարժանը ադրբեջանցու հետ մարտն էր, որն ավարտեց նոկաուտով՝ խաղի երրորդ րոպեին…

-Իսկ ինչպե՞ս որոշեց զինվորական դառնալ:

-Ես կարծում եմ՝ ադրբեջանցու հետ մարտը մեծ դեր խաղաց: Այդ հաղթանակը ոգեշնչեց Արտյոմին: Մի օր էլ ասաց, որ ուզում է սովորել «Տիգրան Մեծ» ռազմական վարժարանում: Հիշում եմ՝ ինչպես ես ու կինս Արտյոմի հետ եկանք վարժարան: Արդեն հոկտեմբերն էր, դասերը սկսվել էին, բայց Արտյոմին թույլ տվեցին հանձնել քննությունները: Հատկապես ֆիզպատրաստությունը փայլուն հանձնեց: Ասացին՝ մեզ հենց նման սաներ են պետք, մենք այս տղային էլ ձեզ չենք տա: Արտյոմին թողեցինք, հետ դարձանք Մարտունի…

«ՈՐԴԻՍ 23 ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ Է ՓՐԿԵԼ»Արտյոմը դպրոցում բարձր գնահատականներ չէր ստանում, բայց դարձավ վարժարանի լավագույն սաներից մեկը: Ասում էր՝ պիտի լավ սովորեմ, որ լավ զինվորական դառնամ: Իսկ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը հինգերով ավարտեց: Մենք տեսնում էինք, որ նա գտել է իր ճանապարհը, քանի որ բնատուր զինվորականի հատկանիշներով էր օժտված. կարգապահ էր, համարձակ, հաստատակամ, արդարամիտ, կոկիկ, աշխատասեր…2018-ին ընկերոջ՝ Տիգրան Միկոյանի հետ առանց վիճակահանությանը մասնակցելու կամավոր մեկնեց «Եղնիկներ»: Ու այդպես սկսվեց Արտյոմի զինվորական կենսագրությունը:

-Փաստորեն, պատերազմից առաջ երկու տարի Արտյոմ Եղոյանը որպես սպա ծառայել է զորամասում:

-Որպես հետախուզական դասակի հրամանատար: Երբ ասաց, որ հետախույզ է դառնալոււ, ես փորձեցի համոզել, որ ուրիշ զինվորական մասնագիտություն ընտրի, քանի որ հետախույզի ծառայությունը ամենավտանգավորն է: Ասաց՝ էլ ինչ զինվորական, որ վախենա վտանգներից ու դժվարություններից…Արտյոմս մի ուրիշ սիրով ու ոգևորությամբ էր ծառայում: Սկզբում 16 զինվոր ուներ, հետո, երբ ավագ լեյտենանտի կոչում ստացավ, զինվորների թիվը հասավ 23-ի: Ասում էր՝ 23 տարեկանում 23 զինվորի հայր եմ… ու ո՜նց էր հրճվում: Ո՜նց էր ուրախացել ուսադիրներին ավելացած աստղի համար: Միշտ անթերի տեսք ուներ՝ արդուկած, փայլուն: Իր 23 զինվորների հետ մի ուրիշ սիրով ու ամրությամբ էր կապված: Զինվորներն էլ նրան էին սիրում: Հիմա հաճախ գալիս են մեր տուն, հիշում են, պատմում…

-Ի՞նչ կատարվեց պատերազմի ժամանակ:

«ՈՐԴԻՍ 23 ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ Է ՓՐԿԵԼ»-Զինվորներն ասում են, որ իրենց 23-ամյա հրամանատարը հրամայել է դուրս չգալ թաքստոցից, իսկ ինքն ու Տիգրան Միկոյանը երկուսով փորձել են դիմակայել ադրբեջանցիների 200 հոգանոց խմբին: Արտյոմv անընդմեջ կրակել է ՊԿ-ով: Թշնամին բառացիորեն կրակի տարափ է տեղացել մեր տղաների վրա: Արտյոմն ընկել է դիպուկահարի կրակոցից: Տիգրան Միկոյանը վազել է, որ օգնի, սակայն հասցրել է միայն գրկել ընկերոջը: Դիպուկահարը Տիգրանին էլ է խփել: Արտյոմս «Մարտական ծառայութան» մեդալ ու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ հետմահու:

-Վերջին պահին երկու ընկեր՝ միասին են եղել. փոքրիկ մխիթարություն է:

-Ուրիշ մխիթարություն էլ կա: Որդուս 23 զինվորները ողջ են: Տղաս իր կյանքի գնով 23 կյանք է փրկել: Ես չեմ կարող չհպարտանալ այս սխրանքով: «Եղնիկները» մնացին աննվաճ իմ որդու ու մյուս քաջերի շնորհիվ:

…Տղայիս կարոտը նրա զինվորներից եմ առնում: Նրանց բոլորի մեջ մի մասնիկ կա որդուս կյանքից, ասես՝ տղաս ձուլվել է նրանց մեջ: Տղայիս զինվորները կամուսնանան, ընտանիք, երեխաներ կունենան…կշատանան: Կդառնան հայրենիքի ուժը: Կիրականցնեն մեր զոհված զավակների անկատար երազանքները…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ