Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱ՛Ջ, ՀԱՍՆԵԼ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ՛Ն



ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱ՛Ջ, ՀԱՍՆԵԼ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ՛ՆՀրետանային դիվիզիոնի հրամանատար Արտյոմ Գրիգորյանը Արարատի մարզի Նիզամի գյուղից է: Տատն ու պապը արմատներով Արցախից են, և նրանց  դաստիարակությունն, ըստ փոխգնդապետի, հատկապես կարևոր է եղել իր մասնագիտության ընտրության հարցում: Իհարկե, երբ միակ տղա թոռնիկը զինվորական դառնալու իր որոշման մասին հայտնել էր տնեցիներին, սկզբում ընդդիմացել էին, փորձել հետ կանգնեցնել այդ դժվար ուղին բռնելու մտադրությունից: Բայց իր որոշման մեջ անսասան՝ Արտյոմը համառել էր, գնացել էր իր երազանքի հետևից ու ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

– Դեռ փոքրուց ամեն հաղթահարված դժվարություն ինձ ավելի էր ոգևորում, թևեր տալիս. ես գիտեի զինվորական գործի բարդությունները, բայց այն ինձ է՛լ ավելի էր ձգում,- ասում է Արտյոմը:

Նրա համար զինվորականի կատարելատիպը Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանն է.

-Ես՝ որպես զինվորական, պարտավոր եմ ձգտել նմանվելու նրան,- ասում է փոխգնդապետը,- այսինքն՝ հետեւելու «Երբեք հետ չկանգնել, միշտ առաջ շարժվել, հասնել նպատակին» կարգախոսին:

Եվ այժմ այս կարգախոսով առաջնորդվող փոխգնդապետ Արտյոմ Գրիգորյանը Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Գարեգին Պողոսյանի ենթակայությամբ գործած և պատերազմի ընթացքում առաջադրված խնդիրները գերազանց կատարած, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, հրետանային դիվիզիոնի հրամանատարն է:

…Առաջին մարտական խնդիրն ու առաջին փայլուն գործողությունը դիվիզիոնը իրականացրեց պատերազմի հենց առաջին օրը, երբ օգնության հասնելով առաջնագծում մարտի բռնված ստորաբաժանումներին՝ ժամերի ընթացքում վճռեց այդ ուղղությամբ ընթացող մարտի ելքը:

– Գնացինք Վարանդայի ուղղությամբ: Գիշերով զբաղեցրինք մարտադիրքը, եւ վաղ առավոտից մտանք մարտի մեջ: Հակառակորդը գրոհում էր. մեր հրետանային միջոցների զգալի մասը մինչ այդ թշնամին ոչնչացրել էր ԱԹՍ-ներով: Մեր դիվիզիոնի ժամանումը մերոնց համար փրկություն էր. ճշգրիտ, ժամանակին և արդյունավետ վարած կրակի շնորհիվ մեկը մյուսի ետևից հետ էինք մղում հակառակորդի գրոհները: Խոցվեցին թշնամու տանկերի և ՀՄՄ-ների շարասյուններ, ոչնչացվեց մեծաթիվ հետևակ, շարքից դուրս բերվեցին մերոնց հասանելիության սահմաններում գտնվող հրետանային մարտկոցները: Հակառակորդի առաջխաղացումը կասեցվեց.

«Գերազա՜նց է»՝ լսում էինք վերադասի ուրախ բացակաչությունները ամեն նոր խոցված թիրախի հետ: Աննկարագրելի ուրախություն է, երբ տեսնում ես հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խոցումը, երբ գիտես, որ դրանով փրկել ես յուրային ստորաբաժանումների անձնակազմի կյանքերը: Մեր պատրաստվածության, անձնական խիզախության  ու անձնուրացության շնորհիվ էր, որ կարողացանք այդ ծանր խնդիրը կատարել:

Փոխգնդապետ Գրիգորյանի հրամանատարությամբ գործող հրետանային դիվիզիոնը ամենուր անվրեպ խոցումներով բեկել է մարտական գործողությունների ընթացքը՝ փայլուն գործելով  պատերազմական թատերաբեմի տարբեր հատվածներում։

Վերհիշելով այդ օրերը՝ փոխգնդապետն ընդգծում է, որ առանձին դեպքերում դիվիզիոնի սպաներն ու զինվորները մարտական խնդիրը կատարել են անգամ թշնամու անդադար հրետակոծության պայմաններում։ Նրա պատերազմական բոլոր հիշողություններն իր ենթակաների գործած սխրանքների մասին են… Իսկ քաջարի զինվորականի մասին ծառայակիցները ասում են. «Մարտական բոլոր գործողությունների շրջաններում, ուր նա իր ստորաբաժանմամբ խնդիրներ է կատարել, տղաները նրա անունով էին երդվում»: Իսկ ինքը գործած սխրանքների մասին լռում է։  Այստեղ մեզ «օգնության» եկան նրա հետ 44-օր շարունակ պատերազմի  փորձություններով անցած սպաներն ու զինվորները։ Նրանց  պատմություններից դրվագ առ դրվագ, ճանաչեցինք ու նորովի գնահատեցինք հայկական բանակի համեստ, անձնազոհ սպային։

Գեղամ Կարապետյանը հրետանային դիվիզիոնի հետախույզն է եղել: Թե՛ զինծառայության և թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում մշտապես եղել է Արտյոմի կողքին… Հրամանատարի խիզախության, կազմակերպվածության, մասնագիտական վարպետության մասին Գեղամը պատմում է.

ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱ՛Ջ, ՀԱՍՆԵԼ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ՛Ն-Պատերազմի առաջին իսկ օրվանից ամեն ինչ իր ձեռքն առավ… Հոկտեմբերի 22-ն էր. ես վիրավորվեցի «բայրաքթարի» հարվածից. բեկորային վիրավորում ստացա ազդրիս շրջանում: Կապ չկար. չէինք կարողանում տեղեկացնել, թե որտեղ ենք, որ մեզ օգնության հասնեին: Հույսներս բոլորովին կորցրել էինք… Փոխգնդապետ Գրիգորյանը առաջինն էր, որ եկավ և մեզ դուրս բերեց շրջափակումից: Նա մեզ համար միայն հրամանատար չի եղել. մենք նրա հարազատ զավակներն էինք:

Միակ դեպքը չէ, երբ մահվան աչքերին նայելով՝ Արտյոմ Գրիգորյանը նետվել ու փրկել է ենթակաների կյանքը։ Դիվիզիոնի կառավարման դասակի հրամանատար Վարդան Չիչյանն է պատմում.

– Մեր ստորաբաժանումով բարձրացել էինք դիտակետ, երբ հակառակորդը հանկարծակի գրոհեց, ճեղքում կատարեց և շատ արագ անցավ մեր թիկունքը. հայտնվեցինք շրջափակման մեջ: Հրետակոծության տակ էինք, թշնամին տարբեր կողմերից գրոհում էր: Մի կերպ հաջողվեց կապ հաստատել  փոխգնդապետ Գրիգորյանի հետ: Եվ այդ խառը վիճակում նրան հաջողվեց իր մեքենայով գալ մեր ետևից: Ճանապարհին արկի պայթյունից վիրավորվել էր, բայց մեզ մի կերպ աննկատ դուրս բերեց շրջափակումից… Ասեմ, որ մենք հետո այդ կորցրած դիրքը հակագրոհով էլի հետ վերցրինք:

Սերժանտ Ռազմիկ Մարտիրոսյանն է վերհիշում.

– Դեռ ծառայության ընթացքում միշտ զգացել եմ մեր հրամանատարի անմիջականությունը, նրա ջերմ, հոգատար, մարդկային  վերաբերմունքը բոլորիս հանդեպ: Իսկ զինվորի համար, առավել ևս ռազմի դաշտում, շատ կարևոր է այն, որ հրամանատարն իր կողքին է, որ գոտեպնդում, ոգևորում է:

Ես Դ-20 հրանոթի հրամանատար եմ եղել: Հիշում եմ. փոխգնդապետ Գրիգորյանը դիտակետից իջավ մեր կրակային դիրք և անձամբ  մեր մարտկոցին ավելի առաջ տեղափոխեց՝ խնդիր էինք կատարելու: Երբ ավելի ուշ հուժկու հրետակոծություն սկսվեց մեր ուղղությամբ, նա հաջողեց մեր անձնակազմին անվնաս նախկին կրակային կետ տեղափոխել: Միշտ զինվորի կողքին, զինվորի հետ. այսպիսի սպա էր նա կռվի դաշտում:  Եվ սա մեզ մեծ ուժ է տվել: Բոլորս գործել ենք միասնական, մի բռունցքի պես՝ զինվորից մինչև հրամանատար:

– Նա միշտ իր սպայի կողքին է,- ասում է մարտկոցի ավագ սպա Զաքար Օզմանյանը,- լինի ծառայողական, թե՝ անձնական խնդրով: Մենք նրան առաջին հերթին որպես մեծ եղբայր ենք ընկալում, հետո՝ որպես դիվիզիոնի հրամանատար: Պատերազմի ժամանակ ամեն անգամ, երբ նրա ձայնը լսում էինք դիտակետից, ոգևորվում էինք: Հարյուր տոկոսով վստահ էինք նրա տված նշանակետերի համար. խոցվում էին՝ մեկից մեկ: Մեր հաջողությունները մարտի դաշտում կապված էին նրա ճիշտ ղեկավարման հետ: Իմ մարտկոցը հոկտեմբերի 27-ին հայտնվել էր շրջափակվան մեջ: Ռադիոկապով լսեցի փոխգնդապետի ձայնը. «Օզմանյա՛ն, գալիս, եմ, մի՛ անհանգստացիր». ինձ համար դա խավարի մեջ վառված լույս էր: Այդ օրը նրա ջանքերի շնորհիվ մենք կարողացանք մարտկոցը առանց զոհերի, առանց կորուստների դուրս բերել շրջափակումից:

Իր՝ ստորաբաժանման մարտական հաջող գործողությունների, անձնակազմի փայլուն ղեկավարման մասին խոսելն ինքնագովազդ համարող փոխգնդապետ Գրիգորյանը ոչինչ չի ուզում ասել, փոխարենը՝ խոսում է զինակիցների մասին, նշում, որ պատերազմի դաշտում, հենց  իր աչքի  առաջ հերոսացան բազմաթիվ տղաներ, որոնց գործած սխրանքները ու անձնազոհությունը պետք է օրինակ ծառայեն բոլորիս համար։ Այդպիսիք էին, օրինակ, Դավիթ և Միքայել երկվորյակ եղբայրները:

– Մեծ ցավ է: Կարծես՝ զավակ ես կորցնում…  Այդ օրը մենքենան զինամթերք էր բերել: Երկու հարազատ եղբայրները՝ սերժանտ Գրիգորյան Դավիթն ու Միքայելը զբաղված էին զինամթերքը դատարկելով, երբ թշնամու անօդաչուն՝ «Բայրաքթարը» հարվածեց մեքենային… Միքայելը վիրավորվեց: Դավիթը փորձում էր եղբորը դուրս բերել կրակի տակից, երբ անօդաչուն կրկին հարվածեց: Նա անմիջապես իր մարմնով ծածկեց վիրավոր եղբորը՝ զոհվեց՝ փրկելով նրա կյանքը… Այս ու նման դեպքերը այն վերքերն են, որ չեն սպիանում ժամանակի հետ,- ասում է փոխգնդապետն ու հավելում:- Բայց ամեն մի մարդկային կորուստ, ցավից զատ, նաև մեծ ուժ է տվել մեզ, որ մեր զավակների, մեր ընկերների վրեժը լուծենք: Պետք է սառնասրտությունը ոչ մի դեպքում չկորցնենք, որ մեր զինվորները թևաթափ չլինեն: …Զինվորներս ոչ մի պահի չեն կորցրել ինքնատիրապետումը, արել են անհնարինը՝ իրենց անձնազոհ գործողություններով կյանքեր փրկելով: Բոլորը միայն մտածում էին, թե ինչպես խոցեն մեր ստորաբաժանումներին սպառնացող թշնամու զինտեխնիկան, փրկեն յուրայինների կյանքը…

Մենք կիսատ թողած գործ ունենք, որ պետք է հասցնենք ավարտին… Մեր միակ նպատակը առաջ գնալն է… Մենք պարտական ենք մեր զոհված ընկերներին: Եվ մեր տղաների ինքնազոհողությունը չպետք է իզուր լինի…

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝

ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (1419) 8.12.2021 – 14.12.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


09/12/2021