Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱդրբեջան

 

Վերջին 24 տարիների ընթացքում Իսրայելի ավելի քան 50 բարձրաստիճան զինվորականներ ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ Թուրքիայի հետ սերտ համագործակցությամբ կարողացել են վերակառուցել եւ կազմակերպել Ադրբեջանի ռազմական կառույցը. այս մասին Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է «Մոսադի» նախկին բարձրաստիճան աշխատակից եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուզի Արադը։

Համագործակցության հիմնական ուղղություններն են՝ Ադրբեջանին ռազմական զենքի վաճառքը, անօդաչու թռչող սարքերի արտադրության առաջադեմ գործարանների կառուցումը, Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականների համար  վերապատրաստման դասընթացների անցկացումը եւ մի քանի ամենամյա գաղտնի համատեղ զորավարժությունները Կասպից ծովում, Ադրբեջանի հարավում եւ Հայաստանի հետ սահմանի երկայնքով։

Ադրբեջանը Թուրքիայի եւ Վրաստանի հետ համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացրել։ Դրանց շնորհիվ համավարակի ժամանակ փոխադրումները այդ պետությունների միջև ոչ միայն չեն նվազել, այլեւ ավելացել են:

Ադրբեջանը շարունակում է սպառազինության և ռազմական տեխնիկայի թարմացումը՝ միաժամանակ խոսելով խաղաղության մասին։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ՄիԳ-29 կործանիչների համար ստացել են իսրայելական արտադրության I-Derby ER «օդ-օդ» տեսակի հրթիռներ։ I-Derby ER-ը միջին հեռահարության ավիացիոն հրթիռ է, որը կարող է խոցել թիրախները մինչեւ 100 կմ հեռավորության վրա։ Հրթիռի զանգվածը 118 կգ է, որից 23 կգ-ը մարտագլխիկն է։

Իսկ Պակիստանում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը տեղեկացրել է, որ Ադրբեջանն իր ռազմաօդային ուժերի արդիականացման ուղղությամբ աշխատում է Պակիստանի հետ և շահագրգռված է գնելու JF-17 Thunder պակիստանյան կործանիչների արդիականացված մոդիֆիկացիաները։

Մինչ այդ, Ադրբեջանում Արցախի մի մասի օկուպացման օրվա առիթով համաներում կհայտարարվի, որը վերաբերելու է ավելի քան 16 հազար մարդու։

 

Ռուսաստան

 

Ռուսաստանը չի հավակնում մենաշնորհային իրավունքների Հայաստանի ու Ադրբեջանի հետ շփման հարցում: Այդ մասին նշված է 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների ստորագրած եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Մենք կողմ ենք միջազգային հանրության ներուժի արդյունավետ օգտագործմանը՝ փոփոխված տարածաշրջանային իրողություններին համարժեք։ Եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց կարելի է հերքել սոցցանցերում եւ ինտերնետային ռեսուրսներում տարածվող տեղեկատվությունը, թե՝ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն: Այդպիսի պոպուլիստական հայտարարություններն իրականության հետ աղերս չունեն։ Ռուսական կողմի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները չեն պարտադրվել կողմերին, հենվել են շահերի բալանսի, Բաքվի ու Երեւանի ինքնիշխանության ու շահերի վրա»,- ընդգծված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ «3+3» (Հարավային Կովկասի երկրներ, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիա եւ Իրան) խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմ ստեղծելու գաղափարին աջակցելու մասին։

«Բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը համապատասխանում է այս ձեւաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերին, դրա մեկնարկը կօգնի բարձրացնել վստահությունը միջպետական հարաբերությունների նկատմամբ, լուծել առկա հակասությունները եւ բացահայտել տարածաշրջանի տնտեսական տրանսպորտային ներուժը։ Այս  ձեւաչափը կարող է եւ պետք է առաջարկի ինչպես հին խնդիրների, այնպես էլ նոր մարտահրավերների լուծում»,-ասել է նա։

Սահմանագծման խնդիրներ ունի նաև Ռուսաստանը։ Հոկտեմբերի 27-28-ը Պյատիգորսկում կայացել է ռուս-ադրբեջանական սահմանագծման համատեղ հանձնաժողովի տասներորդ նիստը։ Քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման գործընթացը շարունակելու հետ կապված հարցեր, հաստատվել է հանձնաժողովի 2022 թ. աշխատանքային ծրագիրը՝ փաստելով, որ 2021 թ. աշխատանքային պլանն ամբողջությամբ ավարտված է։

Հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի տարածքում։

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռուսական բանակի ռազմական օդաչուների ավելի քան 90 տոկոսն ունի մարտական փորձ, մի քանիսը կատարել են շուրջ 400 մարտական թռիչքներ:

ՊՆ ղեկավարն ընդգծել է, որ ռուսական բանակն այժմ ունի շատ բարձր մարտական ոգի: Գրեթե բոլոր օղակների հրամանատարները Սիրիայում մարտական գործողությունների են մասնակցել: Դա, իհարկե, բոլորովին այլ կարգի բանակ է: Եվ այդ այն դեպքում, երբ յոթ տարի առաջ զինված ուժերը շուրջ 1400 օդաչուի պակաս են ունեցել։

Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի առցանց նիստում ինտեգրացիոն դեկրետ են ստորագրել։

Այս փաստաթուղթը հաստատում է 2021-2023 թվականների՝ Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունները եւ 28 կարևոր ծրագրեր։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը  Մոսկվայում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսի հետ։ Կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Սա Պատրուշեւի եւ Բեռնսի՝ ԿՀՎ նախագահի պաշտոնում առաջին հանդիպումն է։

Շարունակելով բանակի արդիականացման թեման՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե Ռուսաստանը սովորել է արդյունավետորեն հետ մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումները, միաժամանակ զարգացնելով ԱԹՍ-ների սեփական  արտադրությունը։ Նրա խոսքով՝ ռուսական բանակն այժմ զինված է ավելի քան 2000 անօդաչու թռչող սարքերով։ Նաև շարունակվելու են աշխատանքները դրանց կատարելագործման ուղղությամբ՝ խթանելով նաեւ արհեստական ինտելեկտի, գիտական եւ տեխնոլոգիական ամենաժամանակակից ձեռքբերումների օգտագործումը։

 

Թուրքիա

 

Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի վիճակագրական վարչության հրապարակած տվյալներն ուսումնասիրելուց հետո հայտարարել է, որ ներկայացրած 20 տոկոս գնաճն իրականության հետ կապ չունի, քանի որ բոլոր ապրանքներն առնվազն 30-70 տոկոս թանկացել են։ Եթե իրական գնաճն այդ թվից ավելի է, ուրեմն իշխանության գնալու ժամանակը եկել է։

Թուրքիայի ազգայնական «Թուրքիայի երիտասարդական միության» (TGB) անդամները Ստամբուլում խարիսխ գցած ամերիկյան ռազմանավի զինվորների գլխին պարկեր են հագցրել և լուսանկարները հրապարակել համացանցում։

Թուրքիայում ամերիկացի զինվորների գլխին պարկեր հագցնելու միտումն սկսվել է տարիներ առաջ, երբ ամերիկացի զինվորականները Իրաքում ձերբակալել էին թուրք հատուկջոկատայինների եւ տեղափոխել գլխներին պարկեր հագցրած։

Թուրքիայի իշխանությունները գործ են հարուցել 30 մարդու դեմ` Twitter սոցիալական ցանցում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահվան մասին հաղորդագրությունների շարքի պատճառով։

Ոստիկանության հայտարարության մեջ ասված է, որ 30 անձի նկատմամբ հետաքննություն է սկսվել թուրքերեն «olmus» հեշթեգով գրառումներ տարածելու համար, որը թարգմանվում է՝ «համարվում է մահացած»: Նրանք պատասխանատվության են ենթարկվում «ապատեղեկատվություն եւ մանիպուլյատիվ հաղորդագրություններ» տարածելու, ինչպես նաեւ Էրդողանին «վիրավորելու» համար։ Իրադարձությունների զարգացումը տեղի է ունենում 67-ամյա նախագահի առողջության մասին պտտվող խոսակցությունների ֆոնին։ Վերջերս տարածված տեսանյութերում նա դժվարությամբ էր քայլում:

Հռոմում G20 գագաթնաժողովի շրջանակում կայացել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Երկրների ղեկավարները քննարկել են քաղաքական գործընթացը Սիրիայում, Աֆղանստանում, Լիբիայում եւ Հարավային Կովկասում: Բայդենը նաեւ մտահոգություն է հայտնել Թուրքիայի զինանոցում ռուսական «Ս-400» զենիթահրթիռային համալիրների առկայության շուրջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ը նախազգուշացրել էր Թուրքիային երկկողմանի հարաբերություններում լրացուցիչ ռիսկերի մասին, եթե Անկարան շարունակի զենք գնել Ռուսաստանից: Այդ նախազգուշացումը հնչել էր Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի միջեւ հանդիպումից հետո:

Թուրքիան եւ Միացյալ Նահանգները համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն՝ տարաձայնությունները քննարկելու համար, այդ թվում՝ սիրիացի քրդերի, Ֆեթուլլահ Գյուլենի շարժման եւ ռուսական «Ս-400»-ների շուրջ. այս մասին հայտարարել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Չավուշօղլուն նաև ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն պահել իրենց խոստումները Սիրիայի քրդերի հարցում և շարունակում են աջակցություն տրամադրել։ Զուգահեռաբար թուրքերը Սիրիայի հյուսիսում շարունակում են ավելացնել ռազմական տեխնիկայի և անձնակազմի թվաքանակը։

Միջերկրական ծովում անցկացվել է Թուրքիայի ռազմածովային ուժերի խոշոր զորավարժություն, որին մասնակցել են նաև 10 երկրների ՝ այդ թվում Ադրբեջանի ռազմածովային ուժերի 35 նավեր շուրջ 5000 անձնակազմով։

 

Իրան

 

Իրանը հայտնել է Օմանի ծոցում նավթային լցանավի վրա ԱՄՆ-ի հարձակումը հետ մղելու մասին։ Իրանում տեղի ունեցածն անվանել են «իրանական նավթը գողանալու» փորձ։ Իրանական հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան ռազմանավը կանգնեցրել է լցանավը, իսկ անձնակազմը սկսել է նավթը տեղափոխել այլ լցանավ։ Իրանի ռազմածովային ուժերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ջոկատի հետ միասին կանխել են «նավթի գողությունը»։ Միջադեպից հետո բեռնանավը վերադարձել է Իրանի տարածքային ջրեր։

Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Հուսեյն Ամիր Աբդուլահյանը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային խնդիրները։ Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Իրանը սատարում է «3+3» ձեւաչափին՝ երեք անդրկովկասյան երկրներ եւ նրանց երեք խոշոր հարեւաններ՝ Ռուսաստան, Իրան ու Թուրքիա, եւ կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարելի է լուծել ներտարածաշրջանային մեխանիզմների օգնությամբ։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Աբդուլահյանը նշել է՝ որոշ հարցերում կարող են տարաձայնություններ լինել, սակայն կարեւորն այն է, որ երկու կողմերն էլ լուրջ կամք դրսեւորեն խոչընդոտները հաղթահարելու համար։ Դրական շփումներն ու խորհրդակցությունները՝ հարաբերությունները լիարժեք զարգացնելու եւ թյուրիմացությունները հաղթահարելու նպատակով կշարունակվեն։

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #44 (1415) 10.11.2021 – 16.11.2021, Տարածաշրջան


11/11/2021