Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ



ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ-Քառօրյա պատերազմից հետո ավելի հստակ հասկացա, որ ինձ տեսնում եմ բանակի շարքերում և վերջնականապես ընտրեցի զինվորականի դժվարին, բայց միևնույն ժամանակ պատվաբեր ուղին,- ասում է հրետանային ստորաբաժանման մարտկոցի ավագ սպա Գևորգ Նիկողոսյանը:

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը չբոլորած՝ իր դիմումի համաձայն և վերադաս հրամանատարության միջնորդությամբ Գևորգը քննություններ է հանձնում և ընդունվում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 4 տարի հրետանային ֆակուլտետում բարձր առաջադիմությամբ ուսանելով՝ լեյտենանտ Նիկողոսյանը նշանակվում է հրետանային ստորաբաժանման հրամանատար և իր կամքով մեկնում ծառայության առաջնային կարգի զորամաս։ Գևորգն ընդամենը մեկ ամիս էր ծառայել Ջրականում, երբ սկսվեց պատերազմը։ Երկու օր անընդմեջ նկատելով թշնամու զրահատեխնիկայի շարժը՝ լեյտենանտ Նիկողոսյանը մշտապես կապի մեջ է եղել հրամանատարական կազմի հետ, զեկուցել իրավիճակի մասին:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան մարտական դիրքի վերևում նկատելով անօդաչու թռչող սարք՝ դուրս է եկել դիտարկում կատարելու և նկատելով թշնամու կենդանի ուժի ուղեկցությամբ իրենց դիրքի ուղղությամբ շարժվող զրահատեխնիկան, անմիջապես կապվում է կրակային դիրքի անձնակազմի հետ: Համապատասխան հրահանգ ստանալուց հետո դիրքապահներն իրենց ձեռքի տակ եղած զինտեխնիկայով միանգամից կրակ են բացում, խոցում թշնամու զրահատեխնիկան՝ այդպիսով առաջնագծում կանգնած տղաների համար քիչ թե շատ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով։

-Ես զբաղեցրել եմ դիտակետը, իսկ մեր կրակային դիրքում եղել է Մնացական Ավետիսյանը՝ խզված ձայնով հայտնի հրետանավորը։ 27-ի առավոտ իրար հետ կապ ենք հաստատել ու փոխհամագործակցելով կարողացել ենք հակառակորդին թե՛ տեխնիկայի և թե՛ մարդուժի կորուստներ պատճառել: Մարտերը թեժ էին,- հիշում է Գևորգը:

Մի քանի ժամ տևած մարտի ժամանակ էլ լեյտենանտ Նիկողոսյանը վիրավորվում է։

-Արկը պայթեց դիմացս, ու էլ բան չեմ հիշում։

Գևորգ Նիկողոսյանին գլխուղեղի ցնցումով տեղափոխում են Գորիսի հոսպիտալ, որտեղից էլ բժիշկների ցուցումով հասցնում են Երևան:

-Արել ենք առավելագույնը, սխրանքների գնացել հանուն Հայրենիքի: Տասնութ, տասնինը, քսան տարեկան տղերքը կատարել են իրանց հնարավորությունների առավելագույնը: Մեր մարտկոցն ամբողջ պատերազմի ընթացքում տարբեր հատվածներում ծանր մարտերի մեջ է եղել և մշտապես կատարել իր մարտական խնդիրները,- պատմում է Գևորգը:

24 տարեկան Գևորգը տան միակ զավակն է, ընդամենը, բայց վաղուց էր վճռել, որ դառնալու է զինվորական։ Թեև ընտանիքի անդամներն ընդդիմացել են, Գևորգի որոշումն անբեկանելի է եղել:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ-Մի տարի ծառայելուց հետո եկավ, քննությունները տվեց, ընդունվեց, ասաց՝ մա՛մ, ես կկարողանամ: Սկզբում դեմ էինք մեր որդու որոշմանը: Բայց նա իր համառությամբ հասավ իր ուզածին: Ես էլ, ամուսինս էլ այսօր հպարտանում ենք մեր սպա որդով: Անկեղծ ասած՝ եթե բոլորը մտածեին այնպես, ինչպես մենք սկզբում էինք մտածում, որ մեր երեխան չի գնալու, չի պահելու, ինչ կլիներ մեր վիճակը: Հայրենիքը պիտի պահեն ու պաշտպանեն մեր տղաները, մեր հերոս տղաները,- անկեղծանում է Գևորգի մայրը՝ Սոֆիկ Նիկողոսյանը:

Տիկին Սոֆիկն էլ պատերազմի օրերին սպիտակ բանակի շարքերում կռվում էր մեկ այլ ճակատում:

-Թեև անչափ մտահոգվում ու հուզվում էի որդուս, նրա անձնակազմի համար, սակայն մասնագիտությունս թույլ չէր տալիս թևաթափ լինել: Այսպես մայր ու որդի տարբեր ճակատներում մեր պարտքը կատարեցինք,- ասում է տիկին Սոֆիկը:

Երիտասարդ զինվորականը վստահ է՝ քո հողի վրա ամուր հենվելու համար ոչ միայն գիտելիքներ են հարկավոր, այլ նաև հերոսներ, որոնցով կոգեշնչվեն մեր ապագա սերունդները:

-Մինչև այս պատերազմները մեր հերոսների մասին կարդացել էինք, լսել՝ Մոնթե Մելքոնյան, Վազգեն Սարգսյան ու էլի շատ հերոսներ… այս պատերազմից հետո կան արդեն թե՛ կենդանի հերոսներ, որ մեր կողքին են, ու թե՛ այն նահատակված տղերքը, որ իրենց հերոսությամբ այնպես արեցին, որ մենք շարունակենք ու իրենց սկսած գործը պատվով ավարտենք։

Նահատակված ընկերների կիսատ թողած գործն ավարտին հասցնելու համար լեյտենանտ Նիկողոսյանը շարունակում է ծառայությունը առաջնագծում, թեև վիրավորումից հետո առաջարկ էր ստացել տեղափոխվել թիկունքային զորամաս, բայց այս անգամ էլ երիտասարդ սպան հրաժարվում է թողնել մարտական բնագիծը:

-Շարունակելու եմ զինվորական ծառայությունս զինված ուժերում, ծառայելու եմ անմնացորդ նվիրումով և ձգտելու եմ հասնել նորանոր հաջողությունների: Կյանքս կապել եմ բանակի հետ,- վստահեցնում է լեյտենանտ Գևորգ Նիկողոսյանը:

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարները ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1406) 8.09.2021 - 14.09.2021, Ազգային բանակ


09/09/2021