Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՐ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է»



«ՄԵՐ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է»Զրույց ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ ԱՐՄԵՆ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ

 

-Պարոն գնդապետ, 2021-ի ամառային այս զորակոչը 44-օրյա վերջին պատերազմից հետո երկրորդ զորակոչն է: Ի՞նչ դժվարություններ կան՝ կապված հետպատերազմյան իրողությունների և զարգացումների հետ, որոնք, ըստ իս, անխուսափելի են՝ անկախ պատերազմի ելքից:

-Որքան էլ զարմանալի թվա՝ և՛ նախորդ, և՛ ընթացիկ զորակոչերի ընթացքում մենք բանակի համալրմանն առնչվող հետպատերազմյան ոչ մի բարդույթ չենք արձանագրել: Չի եղել գոնե մեկ դեպք, որ մեր առաջին իսկ կանչով զորակոչիկը չներկայանա տարածքային ստորաբաժանում: Զորակոչիկները և նրանց ծնողները քաղաքացիական պարտքի բարձր գիտակցությամբ են վերաբերվում բանակի համալրմանը:

-Ձեր ղեկավարած ծառայությունը հասարակություն-բանակ առնչություններում ամենամեծ լիազորություններով օժտված միջնորդ օղակն է, Դուք սերտ շփումներ ունեք ժողովրդի հետ, հոգեբանական անկումը շա՞տ է նկատելի:

-Ի պատիվ մեր ժողովրդի, պետք է արձանագրենք, որ դժվարության պահին համախմբվելու ու ազգի գլխին կախված վտանգի դեմ պայքարելու մեծ կամք ու վճռականություն ունի: Մենք շատ ավելի ծանր փորձություններ ենք հաղթահարել, չենք կոտրվել, ցած չենք դրել զենքը: Մեզ ընկճելն այդքան հեշտ չէ, մեր դիմադրողականությունը ճակատագրի բերումով շատ բարձր է:

«ՄԵՐ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է»-Ես հետաքրքրվում եմ այդ խնդրով, որովհետև յուրաքանչյուր զորակոչիկ բանակ է բերում իր ընտանիքի, իր շրջապատի տրամադրություններն ու բարոյախոսությունը:

-Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը վերջին ձախողումներից դասեր է քաղել ու վճռական է՝ կառուցելու ավելի հզոր երկիր, ավելի ուժեղ բանակ, ի զորու է խմբագրելու սեփական սխալներն ու գնալու իր համազգային երազանքների հետևից: Կյանքը կրկին ու կրկին ապացուցեց, որ մենք մեր հույսը մեզ վրա պիտի դնենք, միայն մեզ վրա:

-Նախազորակոչային պատրաստության ծրագրում գաղափարական, ռազմահայրենասիրական աշխատանքները առաջնային են: Եթե դրանց բովանդակությունը պարզ էր պատերազմից առաջ (հաղթանակած ժողովուրդ, տարածաշրջանի լավագույն բանակ), այսօր մեր ազգային հպարտությունը սնելու նոր ակունքներ են պետք:

-Նոր ակունքների անհրաժեշտություն չկա, քանի որ մեր նպատակները նույնն են. մենք պետք է բանակը համալրենք իր ժողովրդի պատմությամբ հպարտ, իր երկրի սահմանները պաշտպանելու ունակ զինվորներով: Մեր զինվորների ոգին միայն Արցախյան ազատամարտի ակունքից չէր սնվում. մեր դարավոր պատմությունը բազում փառահեղ էջեր ունի ու դեռ ունենալու է: Աշխարհը փոխվում է ժամ առ ժամ, ու մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու բոլոր մարտահրավերներին ու պատեհ պահից օգտվելով՝ մեր կենսական խնդիրները լուծելու կարողություններ կուտակենք:

-Լավ, եկեք խոսենք բուն զորակոչի ընթացքից: Կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազել են, կա՞ն փոփոխություններ՝ սահմանափակումների հետ կապված:

«ՄԵՐ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է»-Ո՛չ, մենք կորոնավիրուսի տարածման դեմ այսօր էլ պայքարում ենք նույն ջանասիրությամբ, ինչ հիվանդության ամենամեծ ալիքի ժամանակ: Բոլոր զինակոչիկները ջերմաչափվում են, ստուգվում է հակամարմինների առկայությունը, ամենաչնչին կասկածի դեպքում կորոնավիրուսի հայտնաբերման թեստ է արվում:

-Զորակոչիկների շրջանում կորոնավիրուսով վարակվածներ հայտնաբերվե՞լ են այս զորակոչի ընթացքում:

-Ո՛չ, եղել է կասկածի երկու դեպք, թեստավորումով կասկածը հերքվել է: Զինակոչիկները ժամանակին ստանում են բոլոր պատվաստումները:

-Զինակոչիկները պատվաստվո՞ւմ են կորոնավիրուսի դեմ:

-Կորոնավիրուսի դեմ պատվաստումները ըստ ցանկության են: Եվ եղել են զինակոչիկներ, որոնք պատվաստվել են իրենց իսկ խնդրանքով:

-Կորոնավիրուսը խանգարո՞ւմ է արտերկրից զինակոչիկների հոսքին:

-Մինչ այժմ մենք ունեցել են վերադարձ Ռուսաստանից, ֆրանսիայից, ԱՄն-ից, բայց հարցին կարող եմ լիարժեք պատասխանել միայն զորակոչի ավարտից հետո, երբ կունենանք վերադարձածների ամբողջական թիվը ու կհասկանանք, թե ինչպիսի միտումներ կան:

«ՄԵՐ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է»-Զինակոչիկների բուժզննման իրավունքն ու պատասխանատվությունը արդեն տևական ժամանակ է, ինչ վերապահված է բացառապես առողջապահության նախարարությանը ու քաղաքացիական բուժհիմնարկներին: Զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայությունը ոչ մի ազդեցություն չունի այդ գործընթացի վրա: Այս նորամուծությունը արդարացրե՞ց իրեն, անառողջ զինվորների զորակոչելու մասին ահազանգերը նվազե՞լ են:

-Զինակոչիկների բուժզննումը փոխանցվել է առողջապահության նախարարությանը մեր առաջարկությամբ ու հիմնավորումներով: Տեսեք, նախազորակոչային տարիքում՝ սկսած 14 տարեկանից, ապագա զինվորները բուժզննում անցնում են համայնքային պոլիկլինիկաներում, անհրաժեշտության դեպքում՝ բուժվում են քաղաքացիական բուժհիմնարկներում: Առողջապահության նախարարությունը տիրապետում է զինակոչիկների առողջության մասին տեղեկությունների ամբողջ բազային, ու հենց նախարարությունում պետք է կայացնեն վերջնական որոշումը, ոչ թե զինկոմիսարիատներում: Սա անվիճարկելի է: Ինչ վերաբերում է դիմում-բողոքների նվազմանը, այո՛, նախորդ զորակոչի ընթացքում դրանք նվազման միտում էին արձանագրել: Պետք է նշեմ, որ հաճախ դիմում-բողոքներում արտահայտված կասկածները հերքվում են: Ինքս չորս երեխա ունեմ ու շատ լավ եմ հասկանում զինակոչիկների ծնողներին. նրանք չեն ուզում, որ առողջական խնդիրներ ունեցող իրենց զավակները զորակոչվեն, որովհետև վախենում են, որ առողջության հետ կապված ծառայողական սահմանափակումները չեն պահպանվի: Դիմում-բողոքների քանակը էականորեն կնվազի, եթե անշեղորեն պահպանվի սահմանափակումների կիրառումը զորամասերում:

-Դուք ասացիք, որ զինակոչիկները, 14 տարեկանից սկսած, բուժզննում են անցնում պոլիկլինիկաներում ու անհրաժեշտության դեպքում բուժվում են: Դուք վստա՞հ եք, որ պահպանվում է բուժզննումների պարբերականությունը:

-Մենք առողջապահության նախարարության վրա հսկողության գործառույթ չունենք ու չենք կարող վստահ լինել այդ հարցում: Բայց, կարող եմ ասել, որ առողջապահության նախարարությունը զինակոչիկների առողջության պահպանման հետ կապված վերջին շրջանում ահռելի աշխատանք է կատարում, որի արդյունքները երևում են զորակոչի ընթացքում:

-Տեսեք, եթե մի ժամանակ մենք զորակոչիկների առողջական խնդիրները բացատրում էինք սովի, ցրտի, խավարի տարիներով, քանի որ զորակոչվում էր 90-ականների սերունդը, այժմ բանակ են գալիս 2003 թ. ծնված տղաները: Սերունդն ավելի առո՞ղջ է հիմա:

«ՄԵՐ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է»-«Համակարգչային» սերունդն իր առանձնահատուկ առողջական խնդիրներն ունի: Եթե իմ մանկության ու պատանեկության տարիներին տղաները բակում էին խաղում ու անպայման պարապում էին որևէ սպորտաձևով, մարզվում էին, այսօր խաղերը համակարգչային են, նվազել է սպորտի հանդեպ ձգտումը: Հետևանքն էլ չի ուշանում. տեսողական խնդիրներ, ողնաշարի ձևախեղում, անշարժությամբ պայմանավորված այլ հիվանդություններ…

-Իրավիճակը շտկելու ի՞նչ ելք եք առաջարկում:

-Մեր նկատառումները զեկույցով ներկայացրել ենք համապատասխան գերատեսչությանը: Պետք է ավելի նպատակային դարձնել ֆիզկուլտուրա առարկայի դասավանդումն ու դասավանդողների բանակը համալրել բացառապես տղամարդ ուսուցիչներով: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչու պետք է ֆիզկուլտուրայի ուսուցիչը տղամարդ լինի:

-Եկեք խոսենք նաև ռազմագիտություն առարկայի դասավանդումից: Զինկոմիսարիատների ու զինղեկների միջև համագործակցության բարի ավանդույթներ կան, բայց արդեն տևական ժամանակ է, որ ռազմագիտության ուսուցիչներին պաշտպանության նախարարությունը չի ընտրում: Նրանք ընտրվում են ԿԳՄՍ նախարարության կազմակերպած մրցույթով: Ձեզ բավարարո՞ւմ են մրցողների համար սահմանված չափանիշները՝ բարձրագույն կրթություն և ծառայություն բանակում: Այս տրամաբանությամբ՝ ռազմագիտության ուսուցիչ կարող է դառնալ, ասենք, մաթեմատիկայի կամ կենսաբանության բարձրագույն կրթություն ունեցող մասնագետը, որը շարքայինի կոչումով ծառայել է ազգային բանակում: Անձամբ ինձ համար այս նորամածությունը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում:

-Մենք առաջարկել ենք փոխել մրցույթի չափանիշները և որպես պարտադիր պայման սահմանել զինվորական բարձրագույն կրթությունը կամ ծառայությունը բանակում գումարտակի հրամանատարի ու ավելի բարձր պաշտոնում:

-Գումարտակի հրամանատարը կամ ավելի բարձր պաշտոն ունեցող մարդիկ՝ փոխգնդապետի կամ գնդապետի կոչումով կգնա՞ն դպրոց՝ զինղեկ աշխատելու:

-Դուք գիտեք, որ զինվորականները թոշակավորվում են երիտասարդ տարիքում, նրանք կարող են իրենց ամբողջ փորձը, գիտելիքները, գաղափարախոսությունը բերել դպրոց: Տասնյակ տարիներ զինվորների դաստիարակած մարդիկ լավագույնս կհաջողեն ապագա զինվորներին դաստիարակելիս:

-Կարծում եմ՝ առարկություն կլինի, քանի որ նրանք չունեն մանկավարժական կրթություն:

-Զինվորական կրթությամբ բարձրաստիճան զինվորականները իրենց փորձառությամբ, զինվոր դաստիարակելու, բարոյահոգեբանական ապահովման աշխատանք իրականացնելու, կոլեկտիվ ձևավորելու ունակություններով շատ ավելի հմուտ մանկավարժ կլինեն, քան մանկավարժական համալսարանի նորավարտ քիմիկոսները կամ աշխարհագրագետները: Ի վերջո, ռազմագիտություն առարկայի առաջին նպատակը զինակոչիկին նախապատրաստելն է գալիք զինծառայությանը:

-Ռազմագիտություն առարկայի դասագիրքը բարելավվում է. Ձեր ղեկավարած ծառայության աշխատակիցները մասնակցո՞ւմ են հանձնաժողովի աշխատանքներին:

-Այո՛, ռազմագիտության գրքի բարեփոխման աշխատանքներն իրականացնող հանձնաժողովում մենք ներկայացուցիչ ունենք:

-Պարոն Ավթանդիլյան, նորամուծությաններ կա՞ն զինակոչիկների բաշխման կարգում:

-Ո՛չ, նախկինի պես զինակոչիկների ապագա ծառայավայրը ընտրվում է վիճակահանությամբ: Վիճակահանությանը ծնողները հետևում են Զ եւ ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում, տեսակապի միջոցով: Ով չի կարողացել ուղիղ կապով հետևել վիճակահանությանը, դիմում է մեզ ու ստանում վիճակահանության տեսագրությունը:

-Գիտական վաշտի կազմավորման գաղափարը արդարացրե՞ց իրեն, այդ վաշտի զինվորները որևէ ներդրում արե՞լ են ռազմական գիտության մեջ:

-Հարցի հասցեատերը ես չեմ, բայց կարող եմ ասել, որ գիտական վաշտի համալրման մրցույթի չափանիշները շատ բարձր են, ընտրվում են ամենատաղանդավոր երիտասարդ գիտնականները, ու նրանց մտավոր ներուժը, ըստ իս, մեծապես կնպաստի մեր զինուժի զարգացմանը:

-Ի՞նչ կմաղթեք ապագա զինվորներին:

-Ես հպարտ եմ, որ Հայաստանում այսպիսի խիզախ, հայրենասեր ու անկոտրում սերունդ է հասակ առել: Ես հպարտ եմ վերջին պատերազմի ժամանակ մեր զինվորների անօրինակ սխրանքներով: Ես հպարտ եմ մեր զորակոչիկների անսասան ոգով ու Հայրենիքի սահմանները անխախտ պահելու վճռականությամբ: Մի մաղթանք ունեմ՝ թող մեր բոլոր զորակոչիկները ծառայեն իրենց արժանի պատվախնդրությամբ և  ողջ-առողջ տուն վերադառնան:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

և ԱՐՄԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #25 (1396) 30.06.2021 - 06.07.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/07/2021