Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՑԱՎԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ



ՄԵՐ ՑԱՎԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻԱլեքսը երեք տարեկան է: Եվս երեք տարի, ու նա դպրոց կգնա: 15 տարի հետո զինվորական համազգեստ կհագնի, իսկ 20 տարի անց կունենա մասնագիտություն և աշխատանք: Ու կլինի Հայաստանի վաղվա քաղաքացին… Ու ամեն օր, ամեն ժամ, սկսած կենցաղային մանրուքներից մինչև մեծ գործեր, կկերտի մեր ապագայի Հայրենիքը: Հայրենիք կերտելը սիրուն բառակապակցություն չէ, ոչ էլ ստեղծվել է ամբիոններից հնչելու համար: Այն անսակարկելի ճշմարտություն է. Հայրենիքը կերտում են նրա զավակները՝ Հայրենիքի ուժը, բարոյականությունը, դիմագիծը, Հայրենիքի հաղթանակներն ու պարտությունները, վերելքներն ու վայրէջքները, Հայրենիքի ոգին ու երազանքները…

Երբ սկսվեց վերջին պատերազմը, Ալեքսը երկու տարեկան էր: Երբ մեծանա, ոչինչ չի հիշի մեր անձնուրաց պայքարից  ու ցավալի պարտությունից, բայց հաստատ մի հուշ կմնա նրա հոգում: Թող որ աղոտ, երազի պես անիրական, բայց կհիշի, թե ինչպես էին հավաքվել մարդիկ, ու մի քեռի  մեդալ էր ամրացնում իր կրծքին, վերնաշապիկին նկարված Եռագույնի կողքին: Արիություն բառը ակամա նրան կուղեկցի ամբողջ կյանքում, կդառնա ապրելու նշանաբան, պարտք, ներքին հավատաքննիչ: Քեռու՝ Արթուր Բալասանյանի  մեդալը, որ ժառանգեց իր կամքից անկախ: Ժառանգեց մնացած կյանքի համար՝ իբրև Հայրենիքից ստացած  կանխավճար, առաջադրանք, նպատակ: Մորաքույրը՝ Լուսինեն, նրան կպատմի: Կպատմի, ինչպես ինձ է պատմել: Ես ուզում եմ, որ դուք նույնպես լսեք այդ պատմությունը մի տղայի մասին, որը զոհվեց հենց պատերազմի առաջին օրը: Դիրքը, որ նրանք պահում էին վեց  հոգով, թշնամին  առաջիններից մեկը ռմբակոծեց, ու վեցից ոչ մեկը ողջ չմնաց, որ պատմեր, թե ինչպես, որքան ժամանակ կարողացան դիմադրել թշնամուն, ինչ սխրանքներ գործեցին, ինչպես ընկան հայրենի հողին, հատ-հատ՝ որպես պատվի, փառքի, վրեժի ու հաղթանակի սերմնացու…

-Արթուրի անունը տալիս անմիջապես հիշում են նրա արևոտ ժպիտը: Մտապատկերիս մեջ արև է նկարվում՝ լուսավոր, տաք, պայծառ: Ես տասներեք տարեկան էի, երբ Արթուրը ծնվեց, քույրս տասնմեկ տարեկան էր: Նա ծնողներիս միակ արու զավակն էր, մեր միակ եղբայրը ու արևի պես մտավ մեր տուն՝ միշտ խանդավառ, ջերմ, բարի, շրջապատված բոլորիս սիրով ու հոգատարությամբ: Պատահական չէ, որ  Արթուրը փոքր ժամանակ չէր ուզում գնալ բակ հասակակիցների հետ խաղալու. նա այնպիսի սիրով էր լցրել մեր ընտանիքը, որ տունը դարձել էր ամենալավ տեղը բոլորիս համար՝ մեր դրախտը: Թվում էր՝ այդքան սիրո, ուշադրության, հոգատարության մեջ պիտի եսասեր ու պահանջկոտ մեծանար, բայց հակառակը եղավ. Արթուրի ամենավառ հատկանիշը ամենափոքր բաներով գոհանալու և իր ունեցածը ուրիշների հետ կիսելու պատրաստակամությունն էր:

ՄԵՐ ՑԱՎԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻԲոլոր սիրված երեխաների նման Արթուրից լույս ու բարություն էր ճառագում: Ուսուցչուհին ասում էր, որ Արթուրը մագնիսի պես ձգում է բոլորին, բոլորը նրա շուրջն են հավաքվում, որտեղ Արթուրն է, այնտեղ սերն է կողքինի հանդեպ, պատասխանատվությունը, ազնվությունը:

Տասնվեց տարեկանում սիրահարվեց համադասարանցի Էդնային: Դա սիրո, ներդաշնակության, հավատարմության  մի գեղեցիկ պատմություն էր, որն ընդամենը երեք տարի տևեց: Մեր ընտանիքը կարիքավոր չէ, բայց դեռևս դպրոցական տարիքից Արթուրը աշխատում էր: «ՍԱՍ» սուպերմարկետում էր աշխատում, ու պիտի տեսնեիք, թե ինչ հաճույքով էր ծախսում իր վաստակած գումարը, նվերներ անում սիրելիներին: Ու ժպիտը միշտ ծաղկած էր դեմքին: Բանակում, երդման արարողության օրը, հարյուրավոր զինվորների մեջ Արթուրին փնտրելիս մենք նրա ժպիտն էինք փնտրում: Ոչ թե նրա 1 մետր 90 սանտիմետր հասակը, ոչ գեղեցիկ դեմքը, այլ յուրահատուկ պայծառ, արևոտ ժպիտը:

Երբ զորակոչվեց, Գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող էր: Հրամանատարները նկատել էին գծագրելու, նկարելու շնորհքը ու առաջարկել էին մնալ շտաբում, զբաղվել քարտեզագրությամբ: Ասել էր՝ ես բանակ չեմ եկել, որ նստեմ շտաբում, զորակոչվել եմ, որ սահման պահեմ: Եվ խնդրել էր, որ իրեն առաջնագիծ ուղարկեն:

Շատ էր սիրում իր ծառայավայրը՝ Ջրականը, ասում էր՝ հրաշալի տեղ է,  շատ էր սիրում բանակը, զինակից ընկերներին: Առհասարակ, Արթուրի համար ամեն ինչ հրաշալի էր կյանքում: Նա անտրտունջ, համառորեն, ուժերի գերլարումով  դուրս էր գալիս ամեն դժվարին  կացությունից, այդ մասին չէր խոսում, ժպտում էր ու ասում՝ ամեն ինչ հրաշալի է:

ՄԵՐ ՑԱՎԸ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ…Արթուրի վերջին հեռախոսազանգը 2020-ի սեպտեմբերի 26-ին էր: Մեկ օր անց պատերազմն սկսվեց: Արթուրից ոչ մի լուր չկար մինչև 2021 թ. փետրվար: Ու մենք հրաշքի էինք սպասում…

Հրաշք չեղավ: Արթուրի ու նրա 5 զինակիցների մարմինները հենց այն դիրքում էին, որը պաշտպանել էին:

… Տարիներ հետո մենք Ալեքսին ու նրա հասակակիցներին կասենք. մեր տղաները հերոսաբար կռվեցին, հազարավոր հայ քաջորդիներ հերոսաբար զոհվեցին: Մենք չենք վախենա հերոսաբար բառը դնել պարտվել բառի կողքին: Մենք կբացատրենք, թե ինչ ասել է պարտվել հերոսաբար:  Ամեն անգամ, երբ  պարտություն բառը լսելիս մեր սիրտը կծկվի ցավից, մենք նրանց կասեք, որ մեր տղաները  իրենց  զենքն ու հողերը չեն դրել թշնամու ոտքերի տակ ու չեն բարձրացրել ձեռքերը՝ որպես հանձնվելու նշան: Մեր ժողովուրդը  կենաց-մահու կռիվ է տվել իր Հայրենիքի համար: Մեր զինվորները երբ համոզված են եղել, որ, միևնույն է, բարձունքը հանձնելու են, չեն նահանջել, որ պահպանեն իրենց կյանքը, այլ կրակել են մինչև վերջին փամփուշտը, հայրենի  հողի համար պայքարել են մինչև սրտի վերջին զարկը: Մեր հողը ցողել են արյունով, բայց դա հլու-հնազանդ մորթվածի արյուն չի եղել, այլ ըմբոստ ռազմիկի, հերոսաբար զոհվածի արյուն: Ու պարտության մեր ցավը հպարտություն ունի: Մենք գլխահակ չենք, ծնկած չենք, մենք պատմելու բան ունենք մեր որդիներին՝ նրանց ոգին սնելու համար: Մենք պարտվեցինք, բայց պահպանեցինք Հաղթելու հավատը: Մենք շատ թանկ գին վճարեցինք այդ հավատը պահպանելու համար: Այդ հավատը բարձրացող սերնդին փոխանցելու համար, այդ հավատը իբրև հայրենասիրության, քաջության ու պատվի  մեդալ երեքամյա  Ալեքսի կրծքին կախելու համար…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1395) 23.06.2021 - 29.06.2021, Ճակատագրեր


24/06/2021