Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱԿԱՏԱՅԻՆԻ ՕՐԱԳՐԻՑ



Պատերազմում առաջին մարդուն, որին սպանում ես` դա հենց ԴՈՒ ես:

Պատերազմում առաջին մարդուն, որին սպանում ես` դա հենց ԴՈՒ ես:

Սեպտեմբերի 27

Արթնացա վաղ առավոտյան, բարձր տրամադրությամբ. պիտի գնայի մեքենաշինական գործարանի համար տարածք նայելու: Արդեն մի քանի ամիս է, ինչ Միացյալ Նահանգներից Հայրենիք էի եկել, բայց Հայաստանում մեքենաշինական գործարան ստեղծելու գործը առաջ չէր գնում, նույնիսկ տարածք չէինք գտել: Ամեն դեպքում, տրամադրությունս բարձր էր: Ուզում էի զանգել զորամաս, Արենին, հետո մտածեցի՝ ֆեյսբուքը մի քիչ փորփրեմ, մինչև օրը բացվի. առավոտյան զինվորների ծառայությունն ավելի լարված է: Առաջին լուրը, որ կարդացի ֆեյսբուքում, ասես, մուրճի հարված լիներ գլխիս. ադրբեջանցիները Արցախյան սահմանի ամբողջ երկայնքով հարձակվել են՝ գործի դնելով իրենց զինանոցի բոլոր զենքերը: Սիրտս մի տեսակ ծանրացավ մեղքի զգացումից: Մենք չպիտի Արցախյան կռիվը թողնեինք մեր որդիներին: Դեռևս առաջին պատերազմի ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը թույլ էր ու պարտված, պիտի ստիպեինք նրան ստորագրելու կապիտուլյացիոն պայմանագիր ու ճանաչելու Արցախի անկախությունը: Կամ գոնե դրանից հետո 30 տարի պիտի քարշ չտայինք այս բեռը, պիտի զինադադարը վերածեինք կայուն խաղաղության: Ի՞նչ ստացվեց: Հիմա իմ որդին ու նրա տարեկիցները բանակում են, ու հենց նրանք պիտի զգան պատերազմի ցավն ու ողբերգությունը, նրանք պիտի անեն մեր չարածը: Վիգենն ու Շանթը արդեն արթնացել էին, մայրը նախաճաշ էր պատրաստում: Առանց բառ ասելու դուրս եկա տնից ու ճանապարհվեցի զինկոմիսարիատ: Զինկոմիսարիատ բակը մարդաշատ էր, բոլորը քայլում էին դեպի դիմացի դպրոցը, որտեղ սպաները հերթագրում էին կամավորականներին:

-Ես սպա եմ,- ասացի,- առաջին իսկ ավտոբուսով ուզում եմ գնալ ճակատ:

-Սպասեք մեր զանգին,- զինկոմիսարիատի աշխատակիցը գրանցեց անուն-ազգանունս: Հետ եկա տուն:

-Ես էլ եմ գալիս հետդ,- ասաց Շանթը: Ինձ միայն էս էր պակաս:

Մեկ օրվա և մեկ կյանքի ընկերներ

Մեկ օրվա և մեկ կյանքի ընկերներ

-Պատերազմը երեխաների տեղ չի, մնում է՝ 12 տարեկան Վիգենին էլ տանենք ու մորդ թողնենք լրիվ մենակ: Եղբայրդ բանակում է, մորդ ու Վիգենին մեկը պիտի տիրություն անի՞, թե՞ չէ: Եթե զորակոչային տարիքի չես հասել, անելիք չունես ռազմադաշտում: Ֆեյսբուքում լուրերը ավելի տագնապալի էին դառնում, իսկ զինկոմիսարիատից ձեն-ձուն չկար: Սպասելն անիմաստ էր: Շանթի հետ գնացինք զինվորական իրերի խանութ, սապոգներ առանք ու էլի մի քանի անհրաժեշտ բաներ, հետո ճանապարհվեցինք զինկոմիսարիատ: Նոր էինք մոտեցել շենքին, Շանթն ասաց.

-Վա՜յ, հորեղբայրը՝ Դավիթի ու Շահենի հետ: Եղբայրս՝ Արամը, երկու որդիների հետ եկել էր զինկոմիսարիատ, որ մեկնի Արցախ:

-10 օր չկա, ինչ Շահենն ամուսնացել է, համոզի՝ թող գնա տուն, մերոնցից տղամարդ չի մնում տանը,- ասացի: Արամը ոչինչ չպատասխանեց: Զինկոմիսարիատ, մոտ արդեն ավտոբուսներ էին շարվել: Սկզբում Արամենց կանչեցին: Շահենին մի կերպ համոզեցինք, որ տուն գնա: Արամն ու Դավիթը նստեցին ավտոբուս: Ուզում էի վանել վատ մտքերը, բայց ակամա մտածում էի՝ գուցե վերջին անգամ եմ տեսնում նրանց: Զինկոմիսարիատի բակում մարդկանց հոսքը գնալով ավելանում էր: Իսկ ինձ համառորեն չէին կանչում:

21-րդ դար, ռադիոընդունիչ

21-րդ դար, ռադիոընդունիչ

-Ձեր անունը չկա ցուցակում,- ասաց զինկոմիսարիատի աշխատակիցը,- բայց եթե սպայական կազմից ինչ-որ մեկը բացակայի, նրա փոխարեն կգնաք:

Բարեբախտաբար, ինչ-որ մեկը բացակայեց, ու ես վերջապես հայտնվեցի ճակատ մեկնող հերթական ավտոբուսում: Մեքենայի անիվների աղմուկը խառնվել էր զրուցող մարդկանց ձայներին ու ստեղծել իսկական ժխոր: Ես լարել էի լսողությունս ու փորձում էի հասկանալ, թե ինչ վիճակ է ճակատում: Միայն մի մխիթարանք կար. բոլորի տրամադրությունը բարձր էր, ո՛չ տագնապ կար, ո՛չ խուճապ: Պետք էր արագ ավարտել այս պատերազմը, արագ ու վերջնական: Եվ որ ամենակարևորն է՝ պետք էր զինվորի ձեռքից վերցնել զենքն ու կռվել նրա փոխարեն, որովհետև սա մեր կռիվն էր, մեր անավարտ պայքարը, ու մենք էլ պիտի վերջակետ դնեինք: Արենը մտքիցս դուրս չէր գալիս: Երեք տարի առաջ տղաներս մոր հետ եկան Հայաստան, ես մնացի Նահանգներում, որովհետև Ամերիկայում գտնվող տիեզերական շարժիչների իմ գործարանը չէի կարող միանգամից տեղափոխել Հայաստան: Նոր-նոր էի ուզում գործ դնել Հայրենիքում, էն էլ, ահա՛, պատերազմ սկսվեց: Ու Արենն էլ բանակում է, զինվոր է, հրետանավոր: Արցախ հասանք կեսգիշերին: Ամեն ինչ խաղաղ էր, կրակոցի ձայներ չկային, բայց Ստեփանակերտը թաղված էր թանձր խավարի մեջ, քողարկվել էին, որ թշնամին չթիրախավորեր տներն ու մարդկանց: Հետո մեզ տարան Հայկազովի զորամաս: Զորամաս, ըստ էության, չկար. ռմբակոծությունից լրիվ ավերվել էր: Մեզ տեղավորեցին զորանոցներում: Բոլորս էլ հոգնած էինք, ու շատերը պառկելուն պես քնեցին:

 

Սեպտեմբերի 28

Ցերեկվա լույսը ավերակ զորանոցի պատկերը ավելի ամբողջական ու ճնշող դարձրեց: Մեզ համազգեստ տվեցին: Ստեփանակերտը մոտիկ էր՝ ոտի ճամփա, գնացինք ուտելիք բերելու. պարզ էր, որ ոչ ոք մեզ չէր կերակրելու զորամասում: Հետո փորձեցի զանգել Արամին, պարզվեց, որ Արցախում հեռախոսային կապ ունենալու համար պիտի միայն «Ղարաբաղ տելեկոմի» կապից օգտվես: Ի՜նչ անհեթեթություն: Ստեփանակերտից քարտ առա ու զանգեցի: Արամն ու Դավիթը նույնպես Հայկազովի զորամասում էին, պարզապես ուրիշ զորանոցում: Կեսօրին հանդիպեցինք: Բոլորս էլ լարված էինք, չէինք հասկանում, թե ինչո՞ւ ենք նստել զորամասում, և ինչո՞ւ չենք գնում դիրքեր: Ինչո՞ւ մարտական առաջադրանք չենք ստանում: Լուսադեմին ադրբեջանցիները սկսեցին ռմբակոծել: Տղաներն ասացին, որ մոտերքում կամիկաձեներ են պայթում, դրանք անօդաչու թռչող սարքեր էին, որոնց մեր սպաները ծանոթ էին դեռևս Ապրիլյան պատերազմից: Լույսը բացվելուն պես լցվեցինք «Ուրալներն» ու ճամփա ընկանք դիրքեր: Ես, որ ժամկետային ծառայության ժամանակ եղել էի հակատանկային-հրթիռային դասակի հրամանատար, պիտի «Գրադ» կայանքի դասակ ղեկավարեի: Միայն այսքանն ասացին: Մարտական հենակետում մեզ դիմավորեցին սպաները, պայմանագրայինները, կամավորականներն ու զինվորները: Ես, այսպես ասած, ստացա դասակս: Փառահեղ տղաներ էին, առյուծի սիրտ կերած: Սրանց հետ ում ասես չես հաղթի: Չհասցրի անուններով ճանաչել: Բոլորը արագ հակահարվածից էին խոսում: Ասում էին՝ անօդաչուների ու հեռահար զենքերի պատերազմ է: Թշնամին «Սմերչով» է խփում: Պարզվեց՝ գրադի հրամանատարը Արենիս ընկերն է, միասին ծառայել էին Լուսակերտում: Պինդ, սրտոտ տղա էր: Սպասում եմ մարտական առաջադրանքի: Ամբողջ դասակով սպասում ենք…

Շարունակելի

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (1393) 9.06.2021 - 15.06.2021, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


10/06/2021