Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ



ՀԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸԶրույց պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի հետ:

 

Պարո՛ն Այվազյան, Դուք բաքվեցի եք: Հայաստան եք եկել Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերի հետևանքով: Ի՞նչ կատարվեց, որո՞նք էին պատերազմի սկսման հիմնական շարժառիթները:

-Ըստ իս՝ իրականում Ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապը այս երեսուն տարիների ընթացքում հստակ չի ներկայացվել միջազգային հանրությանը: Այն ի սկզբանե ոչ միայն պայքար էր հանուն ազատության, անկախության կամ ինքնորոշման, այլև շարժում էր ցեղասպանության դեմ: Այսինքն՝ Արցախը, արցախահայությունն Ադրբեջանում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո այլընտրանք չուներ. պետք է փորձեր զենքով իրականացնել իր ինքնապաշտպանությունը, որպեսզի չարժանանար ադրբեջանահայության տխուր ճակատագրին:

Ինչպիսի՞ նշաններ կային այդ օրերին, որ հենց դեպի դրան էր տանում ամեն ինչ:

-Ադրբեջանում իրագործված ցեղասպանությունը ադրբեջանցի թուրքերի ու արցախցիների՝ մեկ պետության սահմաններում համատեղ խաղաղ գոյակցության անհնարինության լավագույն ապացույցն է: Հարկավոր էր հենց այս տեսանկյունից ներկայացնել խնդիրը: Մեզ համար սա ինքնին հասկանալի փաստ է, բայց համաշխարհային հանրության համար ընկալելի լինելու համար հենց այսպես էր ճիշտ հարցի ձևակերպումը: Սա նույնն է, ինչ Կոսովոյի խնդիրը: Ցավոք, սա չի արվել: Ավելի քան 500000 ադրբեջանահայ փախստականների փաստը հայկական երկու պետությունների ձեռքում վահան կարող էր լինել՝ ընդդեմ ադրբեջանական պատմակեղծարարության: Այս հարցը պետք է դրվեր բանակցային սեղանին, գոնե որպեսզի չեզոքացվեր, այսպես կոչված՝ «ադրբեջանցի փախստականների» միակողմանի վերադարձի խնդիրը: Ցավոք սրտի, սա նույնպես չի արվել, և մենք բազմաթիվ հնարավորություններ բաց ենք թողել, ու նաև սա է բերել ինչպես Ապրիլյան պատերազմին, այնպես էլ այս վերջին պատերազմին: Այն, ինչ հիմա տեսնում ենք, հետևանք է այն բանի, որ մենք մեր պարզ ճշմարտությունը չկարողացանք մատչելի լեզվով ներկայացնել համաշխարհային հանրությանը: Եվ, իհարկե, պետք է ճանաչվեր Արցախի Հանրապետությունը: Դրա հնարավորությունը շատ մեծ էր ինչպես Ապրիլյան պատերազմի, այնպես և այս պատերազմի ընթացքում: Ուղղակի և անուղղակի կերպով Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ համանախագահողների կողմից այդ հարցադրումը կար. «Եթե Հայաստանը դեռ չի ճանաչել, մենք ինչո՞ւ պետք է առաջինը ճանաչենք»:

ՀԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸԱյո՛, 1988-ից 1992 թթ., ադրբեջանական ղեկավարությունը խախտեց խաղաղ գոյակցության այն չգրված «պայմանագիրը», որ կար ադրբեջանահայության և ադրբեջանցի թյուրքերի միջև և սկսեց իր խաղաղ քաղաքացիների նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնել: Ադրբեջանահայությունն ստիպված էր հեռանալ իր պատմական հողերից: Մենք այդ հողերում ոչ թե գաղթականներ էինք, այլ բնիկներ, ապրում էինք մեր պատմական՝ դաշտային Ղարաբաղում, այն է՝ Ուտիքը, Գարդմանը, բուն Արցախը: Այս բոլոր վայրերում արցախահայության արմատները խորն են ու վաղեմի: Ավելին ասեմ՝ Ադրբեջանի Հանրապետությունն ստեղծվեց 1918 թ.՝ թուրքերի Անդրկովկաս ներխուժելու և հայերի ու մյուս բնիկ ժողովուրդների կոտորածների արյունալի գնով: Ադրբեջանցի ազգ, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել: Ադրբեջանցի հասկացությունը ավելի ճիշտ կլիներ ձևակերպել որպես քաղաքացիություն և ոչ թե որպես էթնիկ պատկանելություն: «Ադրբեջանցի» տերմինը շրջանառության մեջ է մտել 1936 թ., երբ խորհրդային սահմանադրության փոփոխություններից բխում էր յուրաքանչյուր խորհրդային հանրապետությունում տիտղոսակիր ազգ ունենալու հրամայականը: Պարզվեց, որ Ադրբեջանում, որի թվաքանակը ավելի քան մեկ միլիոն էր, այդպիսի ազգ գոյություն չուներ, և մեխանիկական վերանվանումով «ադրբեջանցի թուրքերը» դարձան այս հանրապետության տիտղոսակիր ազգը: Պետք է հիշել նաև, որ ի սկբանե Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության կազմում հիմնականում եղել են հայերը, հրեաները: Կարող եմ թվարկել բոլշևիկ հայերին, որոնք էական դերակատարում են ունեցել Ադրբեջանական ԽՍՀ-ի ստեղծման, կայացման գործում: Հայ բոլշևիկյան ղեկավարներից, օրինակ՝ Անաստաս Միկոյանը, Ռուբեն Ռուբենովը, Միրզոյանը և ուրիշներ, որոնք մեծ ներդրում ունեցան այս գործում: Եվ սրանք դեռ միայն հայ ղեկավարներն էին, էլ չեմ ասում հրեա և այլ ազգության ղեկավարների մասին: Բայց ժամանակի ընթացքում ու հատկապես Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո, հայերը պարբերաբար սկսեցին բոլոր կարևոր պաշտոններից հեռացվել: Եվ հասանք այնտեղ, ուր հիմա ենք:

Այժմ ադրբեջանցիները ինչ-որ կասկածելի ծագման քարտեզներով շրջելով՝ կամայական դեմարկացիայի, դելիմիտացիայի անհասկանալի գործողություններ են ձեռնարկում:

ՀԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ-Ադրբեջանի թե՛ Սահմանադրության և թե՛ Անկախության հռչակագրի մեջ նշված է, որ Ռուսաստանն օկուպացրել է Ադրբեջանը: Երբ այժմ խոսվում է դեմարկացիայի, դելիմիտացիայի մասին, մենք չենք փաստում այն, որ երբ Ադրբեջանը Անկախության հռչակագիր էր ընդունում, նա հրաժարվեց Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ լինելուց, այդ թվում և այն խորհրդային սահմաններից, որոնցով այս գործընթացը կազմակերպելիս ներկայումս նրանք առաջնորդվում են: Բայց չէ՞ որ հենց խորհրդային շրջանում էր, որ Նախիջևանը և Արցախը մտցվեցին Ադրբեջանի կազմի մեջ: Եվ անգամ այդտեղ էլ հակասություն կա, որովհետև որոշման մեջ նշված է, որ ինքնավարությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի տարածքին պետք է տրամադրվի, այդ թվում նաև՝ այժմ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառ, Բերձոր և հարավային մասին: Արցախի կենտրոնն էլ Շուշին պետք է լիներ, ոչ թե Ստեփանակերտը: Հետո՝ 1923 թ. Ադրբեջանը որոշում ընդունեց, որ ինքնավարությունը Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքներին է տրվելու: Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը հրաժարվել է անգամ դրանից: Եվ այժմ այդ քարտեզները միանգամայն ոչ լեգիտիմ են անգամ ադրբեջանական Սահմանադրության և օրենսդրության տեսանկյունից, քանի որ իրենք դրանցից օրենքի ուժով հրաժարվել են: Հայտնի է՝ ինչու են հրաժարվել իրավահաջորդ լինելուց: Առաջինը՝ որպեսզի չփոխհատուցեն ադրբեջանահայության կրած նյութական, տարածքային և բարոյահոգեբանական վնասները: Եվ երկրորդ՝ որպեսզի հավակնեն, այսպես կոչված, Ադրբեջանական առաջին դեմոկրատական հանրապետության (1918-1920թթ), որի սահմանները ոչ ոք չի ճանաչել, որի ղեկավարությունը, սակայն, Փարիզի Խաղաղության կոնֆերանսին ուղարկեց իր հավակնությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանի կազմի մեջ մտնում էին նախկին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները, ներկայիս Նախիջևանի տարածքը, ներկայիս Հայաստանի Արարատի մարզի նշանակալի հատվածը, Արմավիրի մարզի նշանակալի մասը, Կարսի մարզը ամբողջությամբ (Թուրքիայում գտնվող տարածքների հանդեպ էլ հավակնություններ ուներ), Բաթումի շրջանը՝ Բաթում քաղաքով և էլ չեմ խոսում Թավրիզի՝ Հյուսիսային Իրանի հանդեպ տարածքային պահանջների մասին: Ասեմ, որ Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանը նույնպես տարածքային պահանջներ ունի: Պահանջում է Դերբենդ քաղաքը և Հարավային Դաղստանը: Իրենց դասագրքերում գրված է, որ դրանք բոլորը հինավուրց ադրբեջանական հողեր են:

Խոսենք վերջին պատերազմի արդյունքներից ու հետևանքներից:

-Ըստ իս՝ Թուրքիան և Ադրբեջանը փաստացի պարտվել են այս վերջին 44-օրյա պատերազմում, քանի որ թույլ են տվել իրենց դարավոր թշնամուն՝ Ռուսաստանին ապահովել իր ներկայությունը հակամարտության գոտում: Բացի այդ, Ռուսաստանը ամենաբարձր՝ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մակարդակով զգուշացրել է, որ որևէ սադրանք չի հանդուրժի ռուսական խաղաղապահ զորքի նկատմամբ: Պուտինը երկու օրինակ բերեց. առաջինը Աբխազիայի և Օսեթիայի տարբերակն է, որով կճանաչվի Արցախի անկախությունը, և երկրորդ տարբերակը Ղրիմի տարբերակն է. Ռուսաստանը կճանաչի անկախությունը, և եթե դրանից հետո կդիմեն Ռուսաստանին՝ ՌԴ կազմում ընդգրկվելու համար, իրենք դրա մասին լրջորեն կմտածեն: Այնպես որ, ադրբեջանական կողմի համար վաղ է հաղթանակ տոնելը: Այս պահին նոր պատերազմով սպառնալով՝ ադրբեջանական կողմը հայերիս նյարդերի վրա է փորձում խաղալ: Իրականում, այս պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական ողնաշարը կոտրվել է: Միջազգային տարբեր ռազմական փորձագետների գնահատականով՝ ադրբեջանական բանակի կորուստները, ի տարբերություն իրենց պաշտոնապես հայտարարած թվերի՝ 2896 զոհ, շուրջ 15-20000 է:

ՀԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸԻ դեպ, նրանց զոհերը հիմնականում ռազմական էլիտայից էին, ինչպես ասում են՝ սպայակույտը և հատուկջոկատայինները: Այնպես որ, տարիներ կպահանջվեն այս կորուստը համալրելու համար: Տարբեր գնահատականներով՝ ադրբեջանական տանկերի և այլ զինտեխնիկայի մոտ 75 տոկոսը ոչնչացվել է ռազմական գործողություններում: Այո՛, նրանք փորձում են այժմ համալրել, բայց, ինչպես տեսնում ենք, նրանց մատակարարներից Իսրայելը հիմա ուրիշ խնդիրներով է զբաղված: Նրանց դաշնակից Թուրքիան այժմ փորձում է գոնե դիվանագիտորեն «կրծել» իրենց մյուս դաշնակցին՝ Իսրայելին, այնպես որ՝ Միջին Արևելքը հիմա բոցերի մեջ է: Ադրբեջանը փորձում է ժամանակ չկորցնելով՝ իր ձեռքերը տաքացնել մեր դաշնակից Ռուսաստանի մոտ հրահրելով հակահայկական տրամադրություններ: Օրինակ՝ նրանց պաշտոնյաները Ռուսաստանում հաճախ են բարբաջում, թե Հայաստանում ֆաշիզմի պաշտամունք կա: Ընդհանրապես, Ադրբեջանին հատուկ է իրենց բոլոր «մենաշնորհները» ուրիշներին վերագրելու ռազմավարությունը: Ջեյհուն Բայրամովը Լավրովի հետ հեռախոսազրույցներից մեկում հիշեցրել էր Երևանում Գանդիի արձանի այրման մասին: Բայց մոռանում են, կամ ավելի ճիշտ փորձում են այս կերպ քողարկել, մոռացնել տալ աշխարհին, որ Ադրբեջանի հիմնադիրներից մեկը՝ Ռասուլ Զադեն, Ադոլֆ Հիտլերի գաղափարակիցն ու ֆաշիստական բանակում ադրբեջանական լեգեոնի ստեղծողներից մեկն է եղել: Ֆաշիստական ադրբեջանական լեգեոնը քանակով կրկնակի ավելի մեծ էր, քան հայկականը: Փորձում են մեր ազգային հերոս Գարեգին Նժդեհին որպես ֆաշիստ ներկայացնել, մինչդեռ Հայաստանում Նժդեհին առաջին հերթին գնահատում են այն բանի համար, որ նա արեց ամեն ինչ, որ Սյունիքը մնա Հայաստանի կազմում: Իսկ ֆաշիստական ռեժիմի հետ համագործակցում էր միմիայն մի պատճառով, որպեսզի չեզոքացնի այն կեղծ տեղեկությունները, որոնցով Թուրքիան փորձում էր ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին ներկայացնել՝ որպես հրեական ծագում ունեցողների և գերմանական ֆաշիզմի ձեռքով վերջնականապես ոչնչացնել նրանց: Հայկական էմիգրացիային այլ բան չէր մնում, քան փորձել գոնե որոշ չափով համագործակցել այդ ուժերի հետ, որպեսզի Եվրոպայում հայ փախստականների կյանքերը փրկեն գերմանական գազախցիկներից: Դա էր իրականում Գարեգին Նժդեհի «ֆաշիստական համագործակցությունը»:

Շահարկում են նաև ահաբեկչության խնդիրը՝ պնդելով, թե Խորհրդային Միության տարածքում առաջին ահաբեկչությունը հայերն են կատարել՝ Մոսկվայում: Բայց փորձում են մոռացության տալ, որ Խորհրդային Միության տարածքում առաջին խոշոր ահաբեկչական ակտը ռուսական բանակից զորացրված զինվորական, ազգությամբ ադրբեջանցի ահաբեկիչ Չինգիզ Ռզաևն է կատարել: Նա 1973 թ. պայթեցրեց խորհրդային ինքնաթիռը՝ խլելով շուրջ 100 մարդկային կյանքեր: Նա փորձել էր ինքնաթիռը դեպի Չինաստան ուղղել: (Վերջերս սրա մասին հոդված է տպագրել մեր գործընկեր Արամ Խաչատուրյանը): Պետք է շատ խոսել այս մասին, քանի որ ադրբեջանական քարոզչամեքենան իր ամենաթույլ կողմերը կոծկելու համար սլաքները միշտ ուղղում է հայերին ու Հայաստանին:

Ալիևը այսօր չի հոգնում ամեն օր կրկնել, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը փակված էջ է այլևս: Ասում է, որ իրենք պետք է ապագային նայեն՝ միաժամանակ հոխորտալով Զանգեզուրի շուրջ: Բայց Ռուսաստանն էլ հստակ ասում է, որ կարգավիճակի հարցը փակ չէ, որ Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ զորքերն են: Իսկ Զանգեզուրի միջանցքի մասին Լավրովն այստեղ՝ Երևանում մատնանշեց, որ այդ հարցը միայն փոխադարձաբար կոմունիկացիաների բացելու միջոցով կարող է լուծվել. որ այս հարցում ոչ մի պարտադրանք չի կարող լինել: Եվ ի պատասխան, Ադրբեջանն իր ռասիստական-ֆաշիստական կատաղության հերթական նոպայի մեջ, կիրառեց այս սադրանքը, որ այժմ տեսնում ենք Սյունիքում և Գեղարքունիքի մարզում: Ալիևյան ռեժիմը փորձում է կեղծ լուրեր տարածել՝ իբրև թե սեպտեմբերին Ստեփանակերտը պետք է հանձնվի Ադրբեջանին: Այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարը հեքիաթներ է պատմում, թե իրենց փախստականներին կտեղափոխեն Ստեփանակերտ: Սա այն պարագայում, երբ արդեն որոշ ժամանակ Շուշին ադրբեջանական օկուպացիայի ներքո է, և ոչ մի ադրբեջանցի «փախստական» դեռ չի շտապում գնալ Շուշիում վերաբնակվելու: Բաքուն իրենց համար շատ ձեռնտու ապաստարան է, և նրանց այնտեղից անհնար է արմատախիլ անել:

Ես վստահ եմ, որ հիմա էլ դեռ ուշ չէ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դրանով մենք կարող ենք խուսափել ադրբեջանական շահարկումներից, որ ընդդեմ մեզ պետք է դիմեն ռազմական հանցագործությունների, Արցախի օկուպացման, դրա ընդերքի շահագործման և այլն: Պետք է, այո՛, ճանաչենք և թեկուզ որպես միակ երկիր, որ կճանաչի Արցախը, օրինականացնենք մեր ներդրած տնտեսական, ռազմական օգնությունը, նույն կերպ, ինչպես Թուրքիան ճանաչեց Հյուսիսային Կիպրոսը, կամ ինչպես Եվրոպայի և աշխարհի մեծամասնությունը ճանաչեց Կոսովոյի անկախությունը: Գոնե դրանով մենք կկարողանանք չեզոքացնել մեր պետության նկատմամբ ծառացող վտանգները: Հիմա էլ ուշ չէ, քանի որ դե-ֆակտո Մինսկի խումբը փլուզվել է, և հիմնական դերակատարությունը Ռուսաստանն է ստանձնել, ԱՄՆ-ին, Ֆրանսիային այլ բան չի մնում, քան այդ գործընթացի ճանաչումը: Ռուսաստանն էլ դեմ չի լինի, քանի որ բազմիցս և՛ արտգործնախարարի, և՛ նախագահի մակարդակով ասում ու ուղերձ էր հղում. «Բայց չէ՞ որ Հայաստանն ինքը չի ճանաչել»: Եթե ճանաչեր, ապա այլ բանակցություններ կընթանային: Պուտինը բազմիցս նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի էթնիկական և ոչ թե տարածքային ծագում: Ու սկսվել է Սումգայիթի ու Բաքվի կոտորածներից, փաստացի՝ ցեղասպանությունից: Ցավոք, մեր կողմը դա չի շեշտել, և այս պահին հարցը կրկին, կարծես թե, 10-րդ տեղում է: Սա է, ըստ իս, արցախահայության խնդրի ճիշտ ներկայացումը, ճիշտ մեկնաբանումը և լուծման բանալին:

Շարունակելի

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (1393) 9.06.2021 - 15.06.2021, Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


10/06/2021