Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատերազմելու է՝ նրա դեմ «քսի տալով» թուրքական խալիֆայությանը, ուստի, Ռուսաստանը պարտավոր է օգնել այն պետություններին, որոնք արդեն իսկ պայքարում են այդ խալիֆայության դեմ՝ Հայաստանին և Իսրայելին:

Մայիսի 19-ին այս տեսակետն է արտահայտել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը։

ՀԱՊԿ անդամ-պետությունների սահմանների ամբողջ պարագծով իրավիճակը լարված է, ՀԱՊԿ-ի պատասխանատվության հատկապես արևելաեվրոպական գոտու սահմանների մոտ ՆԱՏՕ-ն ավելացնում է մարտական ներուժը:

Մայիսի 19-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՌԴ Անվտանգության խորհուրդն ավարտել է ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագծի մշակումը:

Նոր մարտահրավերներից են կլիմայի փոփոխությունը, կենսաբանական անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները, նոր վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսը, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, քաղաքական ճնշումներն ու սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, ՆԱՏՕ-ի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին։

Սիրիայում Ռուսաստանը մարտական պայմաններում փորձարկել է 300-ից ավելի նոր զինատեսակներ և փորձարկման արդյունքում հրաժարվել իրենց չարդարացրած շուրջ մեկուկես տասնյակ զինատեսակների արտադրությունից՝ ռադիոէլեկտրոնային, հետախուզության և կապի համալիրներից, մարտական հարվածային համակարգերից:

Մայիսի 21-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

 

ԱՄՆ

Մայիսի սկզբին ավարտվել են ամերիկյան «Աբրամս» տանկի 3-րդ նորագույն գերծանր մոդիֆիկացիայի (M-1A2SEPv3) 17-ամսյա փորձարկումները Ալյասկայում՝ սուբարկտիկական ցածր ջերմաստիճանների պայմաններում, որտեղ տանկն անցել է ավելի քան 2000 մղոն (մոտ 3500 կմ) ճանապարհ և կատարել հարյուրավոր կրակոցներ:

Եթե առաջին «Աբրամսի» զանգվածը 60 տոննա էր, ապա այս մոդիֆիկացիայինը 74 տոննա է, իսկ լրացուցիչ զրահով, ակտիվ պաշտպանության համակարգով և ականազերծիչով՝ 92 տոննա։ Տանկի կիրառման հավանական վայրը Արևելյան Եվրոպան է, որտեղ այն կարող է ձմռանը պայքարել բարձրտեխնոլոգիական հակառակորդի՝ Ռուսաստանի բանակի դեմ։

ԱՄՆ-ի հետախուզության գծով հանձնաժողովի ներկայացուցիչները կորոնավիրուսի ծագման մասին իրենց զեկույցում նշել են, որ անուղղակի ապացույցների ճնշող մեծամասնությունը հաստատում է, որ «Քովիդ-19»-ը ունի լաբորատոր ծագում, միևնույն ժամանակ, «Չկա ոչ մի էական ապացույց, որը հաստատում է բնական ծագման վարկածը»:

Խոսքը Ուհանի (Չինաստան) լաբորատորիայի մասին է, որը, զեկույցի հեղինակների պնդմամբ, գաղտնի համագործակցում էր չինացի զինվորականների հետ և առնվազն 600 հազար դոլարի ֆինանսավորում է ստացել ամերիկյան կազմակերպություններից՝ չղջիկների կորոնավիրուսի հետազոտման նպատակով. մայիսի 19-ին գրել է «Washington Examiner» ամերիկյան շաբաթաթերթը։

ԱՄՆ-ի Ֆլորիդա և Տեխաս նահանգներում ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսի ֆինանսական աջակցությամբ բրիտանացի գիտնականների ծրագրած երկտարյա գիտափորձը, որի ընթացքում միջավայր են բաց թողնվելու գենային մոդիֆիկացիայի ենթարկված (ԳՄԵ) 750 մլն արու մոծակներ, որոնց միջոցով հատուկ մանրէ է փոխանցվելու մալարիա, դենգե ու դեղին տենդեր և այլ վարակիչ հիվանդություններ տարածող տեղի մոծակների պոպուլյացիային՝ նրանց դարձնելով անվնաս: Անկախ հետազոտողների խմբի կարծիքով, կարող է ունենալ ճիշտ հակառակ արդյունքը, և ԳՄԵ մոծակները կարող են դառնալ համաճարակներ առաջացնող կենսաբանական զենք:

Մայիսի 19-ին ռուսական «Ռազմաքաղաքական վերլուծություն» համացանցային հանդեսում ահազանգ է հնչեցրել ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Վլադիմիր Պրոխվատիլովը։

Աշխարհում սննդամթերքի համատարած թանկացման հետնապատկերի վրա Ռուսաստանը սահմանափակել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը:

Թանկացման պատճառն այն է, որ ամերիկյան նավթավերամշակող ընկերությունները կլիմայի փոփոխության դեմ պայքարելու նկատառումներով դիզելային վառելիք ստանալու համար սկսել են որպես հումք օգտագործել ոչ թե նավթը, այլ՝ մսատու կենդանիների համար կեր հանդիսացող գյուղմթերքը՝ եգիպտացորենը, սոյան, արմավենու յուղը և շաքարը։

ԱՄՆ-ում կարծում են, որ «ուղղորդված էներգիայի» օգտագործմամբ ռուսական գաղտնի զենքը, որը 2017 թ. Կուբայում ամերիկյան դիվանագետների շրջանում առաջացրել էր սրտխառնոց, գլխապտույտ և հալյուցինացիա («Հավանայի համախտանիշ»), կարող է ստեղծված լինել նաև Չինաստանում:

2018 թ. կեսին Գուանչժոուում (Չինաստան) ԱՄՆ-ի հյուպատոսության 11 դիվանագետներ բողոքել են այդ ախտանիշներից և տարհանվել։

Բրիտանական «The Times» թերթը հաղորդել է, որ չինացի զինվորականները միկրոալիքային զենքը կիրառել են հնդիկ զինծառայողների դեմ, որոնք մի քանի ամիս դիրքեր էին զբաղեցրել սահմանամերձ շրջանում։ Հնդիկ զինվորների շրջանում առաջացել են սրտխառնոց, թուլություն և ուժերի լիակատար կորուստ, որի հետևանքով նրանք ստիպված են եղել թողնելու դիրքերը։

 

ԹՈՒՐՔԻԱ

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ թուրք ժողովուրդը հավանություն է տալիս իշխող վերնախավի որդեգրած՝ միջազգային ասպարեզում Թուրքիայի երբեմնի մեծ ազդեցության վերականգնման գաղափարին և կիսում այն կասկածամտությունը, որով նախագահ Էրդողանը վերաբերվում է ԱՄՆ-ին ու Եվրամիությանը:

Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը պետք է ընկալել ոչ թե որպես շարժ դեպի Ռուսաստան կամ Չինաստան, այլ յուրաքանչյուր ճամբարում մնալու և մեծ տերությունների մրցակցությունից օգուտ քաղելու ցանկություն։ Արևմտյան փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ Թուրքիայում ժողովրդավարություն այլևս հնարավոր չէ, մայիսի 19-ին գրել է ամերիկյան հեղինակավոր «Foreign Affairs» հանդեսը։

Թուրքիան Հյուսիսային Կիպրոսում իր 2 օդանավակայաններից մեկը կվերածի ԱԹՍ-ների ավիաբազայի, որպեսզի «տարածաշրջանում հնարավոր հարձակման դեպքում լինի ուժեղ»:

Մայիսի 19-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Լեհաստանը կգնի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ:

Մայիսի 20-ին «Թվիթեր» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում տեղեկացրել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

Հետախուզության ոլորտում Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության ընթացքում Ադրբեջանը ստանձնել է Իրանին հետևող «աշտարակի» գործառույթ: 

Մայիսի 19-ին գրել է թուրքական «Դուվար» թերթը՝ հիշեցնելով տարիներ առաջ Իլհամ Ալիևի ասածը. «Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները շատ ավելի խորն են և նման են սառցասարի, որը ծածկված է կողմնակի աչքերից»։ Այդ «խորության» դրսևորումներն են. Ադրբեջանը բավարարում է Իսրայելի նավթի պահանջարկի 40 %-ը, 2016 թ. Ադրբեջանին մատակարարված իսրայելական սպառազինության արժեքը հասել էր 6 մլրդ դոլարի, Ալիևների ընտանիքը 600 մլն դոլար է ներդրել Իսրայելի տնտեսության մեջ՝ սկսած առողջապահությունից, վերջացրած արժեթղթերի շուկայով, 2016 թ. Իսրայելի արտգործնախարարը Բաքվում հայտարարել է. «Իսրայելի համար Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան հարաբերությունները Ֆրանսիայի հետ»։

 

ԻՐԱՆ

Իսրայելա-պաղեստինյան վերջին բախումների ժամանակ ոչնչացվել է իսրայելական հրթիռային գործարանը, պայթեցվել Հայֆայում գտնվող նավթավերամշակվող գործարանը և հրդեհվել Իսրայելի ամենամեծ՝ «Ռաֆայել» պաշտպանական համալիրը:

Մայիսի 20-ին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։

Իրենց հերթին, Իսրայելի ՊԲ Ռազմական հետախուզության վարչության ներկայացուցիչները հայտարարել են, որ Գազայի հատվածում խոցվել են Ցահալի համարյա բոլոր կարևոր թիրախները, ներառյալ Համասի հարձակողական թունելը Բեյտ-Հանունում, 2 ստորերկրյա հրթիռային կայանքները Ջաբալիում, զենքի արտադրության և ռազմական ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։

 

ՎՐԱՍՏԱՆ

Եվրամիությանը անդամակցության նպատակով Կիևում մայիսի 17-ին ստեղծված նոր միավորումը՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մասնակցությամբ «Ասոցացված եռյակը», որը կազմվեց ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենի և նրա տեղակալ Նուլանդի մայիսի 5-ին Կիև այցելությունից հետո, Ռուսաստանի վրա աշխարհաքաղաքական ազդեցության գործիք է:

Մայիսի 19-ին այս տեսակետն է արտահայտել ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #20 (1391) 26.05.2021 - 1.06.2021, Ռազմաքաղաքական


27/05/2021