Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ…»



«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ...»«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նորայր Միրզոյանը ծնվել է 1982 թ. Ստեփանակերտում: ՊԲ-ում ծառայել է 2000-2002 թթ.: 2004 թ. ավարտել է Երևանի մենեջմենտի համալսարանի «Իրավագիտություն» բաժինը: 2002-2020 թթ. ծառայել է ԱՀ ոստիկանությունում՝ քրեական հետախուզության վարչության օպերլիազորից հասնելով ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի պաշտոնին։ 2016 թ.-ից ոստիկանության գնդապետ է, իսկ 2020 թ. հունիսի 11-ին ծառայության է անցել ԱԱԾ-ում, որտեղ էլ պաշտոնավարել է որպես տնօրենի տեղակալ: 2020 թ. նոյեմբերի 1-ին Նորայր Միրզոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Նորայրի մասին պատմում են անվերջ ու կարոտով՝ չհավատալով, որ նա այսօր մեր կողքին չէ:

-Նրա մանկությունն աչքերիս առաջ է,- մեզ հետ զրույցում ասում է քույրը՝ Նոնան,- նա շատ հանգիստ ու համեստ տղա էր, դպրոցում գերազանց էր սովորում:

Նորայրի համար մայրն իր սրբությունն էր: Քույր ու եղբայր առանց հայր են մեծացել, նրանց ամբողջ հոգսը մայրն էր տանում…

Նա նվիրված ու երջանիկ երեք երեխաների հայր էր: Որդին՝ Հայկը, արդեն հասցրել է դառնալ կարատեի չեմպիոն՝ բարձր պահելով Միրզոյան ազգանունը:

Նորայր Միրզոյանի մարդկային լավագույն ու առաքինի հատկանիշների մասին շատերը գիտեն:

-Շատ խստապահանջ էր, բայց ոչ թե ուրիշի նկատմամբ էր խստապահանջ, այլ ինքն իր հանդեպ: Ու այդ խստապահանջության մեջ նաև պատասխանատվությունն էր ամփոփված,- մեզ հետ զրույցում ասում է ընկերը՝ Դավիթ Խաչատրյանը, չմոռանալով նշել նաև, որ Նորայրն իր շրջապատի մարդկանց, երեխաների, ընկերների ծննդյան օրերն անգիր գիտեր և անպայման բոլորին շնորհավորում էր: Դավիթը հիշում է նաև 2015 թվականին մարտական դիրքում Նորայրի ասած խոսքը.

-Գիտե՞ս՝ ինչ եմ մտածում. մեր բոլոր կարևոր որոշումներն այստեղ պետք է կայացնենք: Իրականությունն ու պետությունն այստեղից են սկսվում: Եվ նա իրականությունը չափեց սահմանում…

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ...»Նույն կերպ նա իր հայրենասիրությունը դրսևորեց 2016-ին, անգամ հաշվի չառնելով իր պաշտոնը, որովհետև նրա ամենամեծ պաշտոնը հայրենիքի արժանի որդի լինելն էր:

Շատ էր հպարտանում ու ոգևորվում 18-20 տարեկան սահմանապահ տղաների քաջությամբ ու ինքնավստահությամբ: Ու միշտ կրկնում էր՝ այս տղաները մեզնից ուժեղ են:

Նորայրի գթասրտությանը չափ չկար: Դա է փաստում նաև ընկերը՝ հավելելով, որ նաև շատ կատակասեր էր: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր:

…44-օրյա պատերազմի ժամանակ էլ նա եղավ բացառիկ. իր ռազմական գիտելիքները հմուտ կառավարելով՝ կարողացավ թշնամուն զգալի կորուստներ պատճառել: Ռազմագործողությունների ընթացքում ինքն ուրիշ մարտական դիրքում էր, ընկերներն՝ ուրիշ, բայց և ամեն անգամ հետաքրքրվում էր տղաների որպիսությամբ, ոգևորում, մեկ-մեկ էլ կատակում, ասելով՝ վախած ե՞ք: Ամեն կերպ աշխատում էր տղաների մարտական ոգին բարձրացնել։

…Նորայրը զոհվելուց մի քանի ժամ առաջ զանգում է Դավիթին ու տեղեկացնում, որ իրենց ուղղությամբ տեղաշարժ կա, պետք է ուշադիր լինեն: Բայց մի քանի ժամ հետո կտրվում է հենց իր՝ եռանդով, արժանապատվությամբ ու լավատեսությամբ լի կյանքի թելը…

Նրա հրամայականը առանց դադարի ոսոխի դեմ կռվելն էր: Այն ոսոխի, որն ուզում է տիրանալ անվեհեր կեցվածքով Նորայրի, ինչպես նաև մեր հայրենիքին: Այն հայրենիքին, որին չորս կողմից բզկտում են, ուզում են խեղդել, բայց էլի ու էլի շունչ է առնում ու ապրում՝ վաղվա խաղաղ լույսին հավատալով: Նա նույնպես հավատաց այդ լույսին, դրա համար լույսի բաժին դարձավ անմնացորդ…

2020 թ. նոյեմբերի 5-ին հող հայրենին պաշտպանելիս Նորայր Միրզոյանն իր անունը փառքով պսակեց ու սերունդների համար ևս մի սխրալի ու հերոսական էջ թողեց:

 

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #19 (1390) 19.05.2021 - 25.05.2021, Ճակատագրեր


20/05/2021