Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ



ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄՊատերազմի օրերին թշնամու ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում մարտական բարձր ունակություններով աչքի են ընկել մայորներ Դավիթ Մկրտումյանը, Գևորգ Սիմոնյանը, կապիտան Նարեկ Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Կարապետյանը, լեյտենանտ Արմեն Հարությունյանը, սերժանտներ Նորայր Հայրապետյանը, Մուրադ Աղայանը և շարքային Դավիթ Դավթյանը:

***

Ռազմաճակատի հարավային ուղղությամբ կրտսեր սերժանտ Վահե Եզիկյանը ջոկի կազմով հետ է մղել թշնամու ներթափանցել փորձող մեծաքանակ ուժերին՝ պատճառելով զգալի կորուստներ:

***

Ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանը, հմտորեն ղեկավարելով իր հրամանատարությամբ գործող վաշտի գործողությունները, ոչնչացրել է մեծաթիվ կենդանի ուժ և ռազմական տեխնիկա:

***

Անօրինակ հերոսություն է դրսևորել կրտսեր սերժանտ Հակոբ Աբրահամյանը. ռազմավարական բարձունքներից մեկից քաջաբար մասնակցելով թշնամական ուժերին ետ շպրտելու գործողությանը՝ հընթացս նա կրակագծից դուրս է բերել նաև վիրավորներին ու զոհվածներին:

***

Շարքային գնդացրորդ Հայկ Աբելյանը մարտական բարդ իրավիճակում իր վրա է վերցրել մարտը վարելու հրամանատարությունը և մարտական դիրքի վրա թշնամու գրոհի ժամանակ հմտորեն ղեկավարելով անձնակազմին, առանց կորուստների հետ է մղել թշնամու մեծաթիվ ուժերին:

***

Կենաց-մահու կռվի ժամանակ մարտական դիրքերից մեկում թշնամական բազմաթիվ գրոհներ հետ մղելիս և ռազմավարական նշանակության կարևորագույն բարձունքը պաշտպանելիս հերոսությամբ աչքի են ընկել և թշնամուն զգալի կորուստներ են պատճառել մայոր Վիկտոր Պետրոսյանը, կապիտաններ Ստյոպա Ավագյանը, Տիգրան Վանյանը ու Ասպետ Հակոբյանը, լեյտենանտ Բաբկեն Մխոյանն ու շարքային Գրիգորի Պետրոսյանը:

Խորագիր՝ #15 (1386) 21.04.2021 - 27.04.2021, Ազգային բանակ


22/04/2021