Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՏԱԿ ԱՐՄԵՆԻ ՂԱԶԱՐՅԱՆ



ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՏԱԿ ԱՐՄԵՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԱրցախյան վերջին պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արտակ Ղազարյանը ծնվել է Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում՝ 1998 թ. հունիսի 10-ին։ 2002-2015 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում՝ ավարտելով այն գերազանց առաջադիմությամբ: Դպրոցական տարիներին հաճախել է թեքվանդոյի խմբակ։ Մասնակցել է տարածաշրջանային ու հանրապետական մի շարք մրցումների, արժանացել է երեք անգամ 1-ին, երկու անգամ 2-րդ մրցանակի, նաև՝ սև գոտու:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի «Հողաշինություն-հողային կադաստր» բաժինը: Ուսումնառության տարիներին արժանացել է «Լավագույն ուսանող», «Ակտիվ ուսանող», «Լավագույն գիտական հոդվածի հեղինակ» մրցանակների: 2019 թ. արժանացել է համալսարանի «Ոսկե հասկ» բարձրագույն մրցանակին: Հեղինակել է շուրջ մեկ տասնյակ հոդվածներ: Շուրջ 3 տարի զբաղեցրել է ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնը: Համալսարանն ավարտել է գերազանց առաջադիմությամբ՝ ստանալով կարմիր դիպլոմ: Գյուղակադեմիայում ուսանելու ընթացքում ընդունվել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որը նույնպես ավարտել է գերազանց առաջադիմությամբ և ստացել «Լեյտենանտ» սպայական կոչում: Ծառայության է անցել «Մարտունի-3» պաշտպանական շրջանում՝ որպես դասակի հրամանատար։

Վերջին պատերազմի օրերին մերօրյա հերոսը իր դասակով կենաց-մահու կռիվ է մղել, վաշտի հրամանատար Գևորգ Գեւորգյանի հրամանատարությամբ գրավել են թշնամու չորս դիրք: Մարտական գործողություններից մեկի ժամանակ էլ, Հադրութի մերձակայքում, զոհվել է դասակի հերոս հրամանատարը: Հուղարկավորվել է հայրենի գյուղի գերեզմանատանը:

Հայրը՝ Արմեն Ղազարյանը, ասում է. «Ես ընդհանրապես չեմ սիրում հարազատներին գովաբանել: Իմ բնավորության այս գիծը քաջ ծանոթ է ինչպես իմ ընտանիքի անդամներին, այնպես էլ շրջապատի մարդկանց։ Արտակս էլ բացաոություն չէր: Զանգում, ասում էր. «Պա՛պ, քննությունս 20 եմ ստացել»։ Պատասխանում էի. «Տղա՛ս, դու քո աշխատանքն ես անում, արտասովոր ոչինչ չկա: Պարտավոր ես 20 ստանալու»: Նույն կերպ և ծառայության վերաբերյալ. ասում էի՝ «Տղա՛ս, դա յուրաքանչյուրիս պարտքն է»: Արտակս ծիծաղում էր ու ասում. «Պա՛պ, դու չես փոխվի»։ Միշտ ասում էր. «Պա՛պ, մի անգամ արի համալսարան ու ասա, որ Արտակի հայրն ես: Տես՝ ոնց կդիմավորեն քեզ»: Բայց այդպես էլ չգնացի… Իր բոլոր դասախոսները, ընկերները եկան մեր գյուղ…

Ինչպես Եղիշե պատմիչի հայտնի խոսքում է՝ տղաս իմացյալ մահով անմահացավ …Եվ այժմ ցանկությունս մեկն է՝ չպիտի վհատվենք, կոտրվենք, որպեսզի Արտակի և մյուս մեր քաջերի նման տղաներ ծնվեն ու շարունակեն նրանց հերոսական պայքարը՝ մինչև հաղթական ավարտ:

«Երբ ուսուցիչներն ասում էին, որ Արտակը մեծ մարդ է դառնալու, չէի հավատում: Հիմա նոր եմ զգում, որ բոլորը սիրել ու հարգել են, բոլորին թև ու թիկունք է եղել որդիս: Նա հոգատար որդի էր: Մշտապես դժվարին պահերին, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ վատառողջ հոր փոխարեն կողքիս է եղել, ամեն կերպ սատարել է։ Երբ դպրոցն ավարտեց, ես ուզում էի, որ Երևանի պետական համալսարանում ուսանի: Բայց գործերը տվեց Ագրարային համալսարան: Ասաց. «Մա՛մ, դիմորդները քիչ են, անվճար կընդունվեմ, պապան մեղք է, թող վճար չտա»: Անվճար ընդունվեց, գերազանց սովորեց ու ավարտեց: Մենք ոչ մի բանի չենք խառնվել:

Փոքրուց սիրում էր որոշումներ կայացնել, իսկ մենք միշտ հաշվի էինք առնում նրա կարծիքը: Մեծի նման նստում ու որոշում էր հոր հետ իր անելիքները: Ասում էր. «Գնամ բանակ գամ, ձեզ օգնելու եմ, չմտածեք»: Նույնիսկ ծրագրել էր, թե սպայական աշխատավարձը ինչի վրա պետք է ծախսի: Բայց այդպես էլ չհասցրեց ծախսել…

Հաստատ գիտեմ՝ եթե ծառայությունն ավարտած լիներ, միևնույն է, կամավորագրվելու էր ու գնար պատերազմ: Որովհետև չափից շատ էր սիրում իր սահմանամերձ Բերդավանը: Ասում էր. «Ես չգնամ պահեմ, բա ով գնա, ես գիտեմ սահմանում ապրելու գինը»,- արտասվելով պատմում է հերոսի մայրը՝ Հասմիկ Նավասարդյանը:

ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՏԱԿ ԱՐՄԵՆԻ ՂԱԶԱՐՅԱՆ«Արտակը ոչ միայն իմ եղբայրն էր, այլև ամենամոտ ընկերը, ես նրան վստահում էի իմ բոլոր գաղտնիքները: Թեև նա շատ բազմազբաղ էր, բայց ժամանակ էր գտնում բոլորին հասնելու և օգնելու: Թեպետ վերջին տարիներին գյուղում շատ քիչ էր լինում, բայց գյուղի անցուդարձին քաջատեղյակ էր: Կենսուրախ, կյանքը սիրող ու գնահատող տղա էր եղբայրս: Գյուղի մեծահասակներն ասում էին, որ Արտակը կարծես մեկ անգամ մեծացել ու փոքրացել է: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր: Շատ անելիքներ ուներ, հատկապես՝ կապված գյուղի հետ: Անգամ պատերազմի դաշտից զանգահարում, հետաքրքրվում էր՝ մեզ մոտ կրակո՞ւմ են, թե՞ ոչ: Ասում էր՝ չվախենաք, մենք ուրիշ տարբերակ չունենք՝ հաղթելու ենք…

Եղբայրս ամենաթանկը՝ իր կյանքը տվեց մեր Հայրենիքի համար…Այժմ հայրս մխիթարում է մեզ՝ ասելով. «Մենք մենակ չենք մեր անափ ու խոր վշտի հետ, շատ որդեկորույս ընտանիքներ կան: Եթե Արտակը ու նրա նման տղաները չգնային պատերազմ, ո՞վ էր թուրքի դեմ կանգնելու»։ Ցավ ի սիրտ, բայց ես նաև հպարտանում եմ, քանի որ շատ մարդիկ այս օրերին գալիս ու շնորհակալություն են հայտնում ծնողներիս, որ Արտակի նման որդի են ծնել ու դաստիարակել: Մի անծանոթ տղա էլ մոտեցավ ինձ ու ասաց. «Ես էլ եմ շնորհակալ Ձեր ծնողներին»։ Ես զարմացած նայեցի նրան: Նա ասաց. «Ես ձեր կողքի գյուղից եմ, Արտակի հետ նույն համալսարանում ենք սովորել։ Ծնողազուրկ տղա եմ, աշխատում էի ու լավ չէի հաճախում դասերին, չէի սովորում։ Քննությունից մի քանի անգամ անբավարար ստացա: Ասեցին՝ դիմի համերկրացուդ՝ Արտակին, կօգնի»: Նա ծանոթացել էր եղբորս հետ, ներկայացրել իրավիճակը՝ ասելով, որ համալսարանից դուրս չմնալու վերջին հնարավորությունն է։ Եվ եղբայրս օգնել էր նրան քննության հարցում։ «Այդ օրվանից Ձեր եղբոր շնորհիվ սկսեցի աշխատելուն զուգահեռ լավ սովորել: Ու ավարտեցի համալսարանը»: Հուզմունքն ինձ խեղդեց, սկսեցի արտասվել այդ անծանոթ տղայի ներկայությամբ… Այդպիսին էր իմ Արտակը՝ բարի, կարեկցող, սրտացավ։ Պատերազմի դաշտից ամեն օր զանգահարում էր բոլորին ու ասում. «Չվախենաք, ամեն ինչ լավ ա լինելու…»։

Մեր կորուստն անչափելի է… Եվ ես ուզում եմ ասել՝ թող ոչ մի քույր ինձ նման իր երիտասարդ եղբոր շիրմին ծաղիկներ չտանի»,- իր ապրումներով, հույզերով ու հիշողություններով մեզ հետ կիսվում է քույրը՝ Սիրանուշ Ղազարյանը:

Բերդավանի դպրոցի տարրական դասարանների մաթեմատիկայի ու մայրենիի ուսուցչուհի Թերեզա Ալեքսանյանն այսպես է բնութագրում իր սանին.

«Արտակը … իմ Արտակը … Տարիքով փոքր, բայց խելքով մեծ Արտակը: Երբ դպրոց եկավ ու արեց իր առաջին քայլերը, ես հասկացա, որ նա ուրիշ է: Իմ տարիների փորձը հուշում էր, որ նա մեծ մարդ է դառնալու՝ հայրենասեր ու հայրենանվեր, գիտուն ու պարտաճանաչ: Արտակը պետք էր մեզ, մեր Հայրենիքին: Նա պետք է վերադառնար ու դառնար մեր Հայրենիքի նոր կյանքի հիմնադիրներից մեկը: Ես խոստացել եմ նրան երբեք բացակա չդնել… »։

Վահե Նավասարդյան, մանկության ընկերն ու համադասարանցին

-Արտակը թե՛ դպրոցական տարիներին, թե՛ հետո յուրաքանչյուր հարցում ուներ իր դերակատարումը. ամեն ինչի կազմակերպիչն ինքն էր։ Օրինակ՝ խնջույքների ժամանակ մեր հանդիսավարն էր լինում, կենացներով ու ասմունքով զարդարում էր միջոցառումները: Շատ էր սիրում հայրենասիրական երգեր և ինքն էլ երգում էր։ Ավանդապաշտ էր ու պահպանողական: Հաճախ առօրյա խոսակցության մեջ օգտագործում էր գյուղի մեծահասակների խոսքերը, բարբառային ասույթները, խրատները: Ցանկացած դժվարին իրավիճակներում միշտ ժպտում ու ելք էր գտնում: Ամռանը հաճախ էինք սարերում Վարդավառի տոնն անցկացնում։ Եվ էլի ինքն էր լինում կազմակերպիչը…

Նրա հետ վերջին զրույցը ունեցել եմ հոկտեմբերի 8-ին, շատ ուրախ էր, ձայնի մեջ խրոխտություն կար: Գնաց… Եվ մենք երբեք չենք մոռանա նրան ու հավերժի ճամփորդ դարձած մեր մյուս հերոս տղաներին»:

 

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (1386) 21.04.2021 - 27.04.2021, Ճակատագրեր


22/04/2021