Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՆԻ՞ ՕՐ ԾԱՌԱՅԵՑ ԶԻՆՎՈՐԸ



Դեռևս 2009թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի բնակիչ Հ. Գաբոյանը դիմել էր ՊՆ առընթեր ՀԽ հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովին` հայտնելով, որ որդին` Ժ. Գաբոյանը, մանկական հասակից ունեցել է լսողության հետ կապված խնդիր, համարվել է մանկուց հաշմանդամ (թոշակավորվել է), ենթարկվել է վիրահատությունների և 2004թ-ից կրում է լսողական ապարատներ: 2004թ, կցագրում անցնելիս, ախտորոշվել է ծանրալսություն I և II աստիճանների:

Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովի կողմից միջնորդագիր էր ներկայացվել ՀՀ զինկոմին` Ժ. Գաբոյանի զինծառայության պիտանելիության հարցը որոշելիս հաշվի առնել նրա ծանրալսության սահմանային մակարդակը, հիվանդության տևական բնույթը, լսողության բարելավման դրական աննշան տեղաշարժը, որը կարող է ընդհատվել բանակային պայմաններում:

2009թ. դեկտեմբերի 17-ին ԿԲՀ-ն անդրադարձել է Ժ.Գաբոյանի հարցին, և նույն օրն ընդունված որոշմամբ՝ ՊՆ հրամանի 62բ հոդվածով նա ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար: Ծնողները հրաժարվել են որդուն ներկայացնել տարածքային զինկոմիսարիատ` զորակոչման համար, որի պատճառով տարածքային զինկոմիսարիատը Ժ.Գաբոյանի վերաբերյալ նյութերն ուղարկել է դատախազություն: Դատախազության կողմից մերժվել է քրեական գործի հարուցումը, քանի որ Ժ. Գաբոյանի ծնողները պարտավորություն են ստանձնել իրենց որդուն ներկայացնել 2010թ. գարնանային զորակոչին:

2010թ. գարնանը Ժ. Գաբոյանը բժշկական հետազոտություններից հետո ներկայացվել է ԿԲՀ-ի նիստի, որի որոշմամբ՝ ՊՆ հրամանի 1գ հոդվածով ճանաչվել է պիտանի` սահմանափակումով: 07.07.10թ. Ժ.Գաբոյանը զորակոչվել է ծառայության ԶՈՒ N զորամաս, սակայն 12 օր անց տեղափոխվել է ԿԿԶՀ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել մինչև 19.10.2010թ.:

2010թ. սեպտեմբերի 11-ին Ժ.Գաբոյանի մայրը դիմել է ՊՆ առընթեր ՀԽ-ին` նշելով, որ որդին գտնվում է ԿԿԶՀ-ում, որտեղ լսողության վերաբերյալ տարբեր տվյալներ են արձանագրվում, որոնք չեն համապատասխանում տարբեր տարիների աուդիոմետրիաների հետ, և խնդրել է մեկ անգամ ևս կազմակերպել որդու բուժհետազոտումը անկախ մասնագետների կողմից:

ՀԽ-ի միջնորդությամբ 2010թ. հոկտեմբերի 12-ին Ժ. Գաբոյանը ներկայացվել է ԿՌԲՀ-ի նիստի, որի որոշմամբ՝ ՊՆ հրամանի 7գ հոդվածով ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության և 19.10.2010թ. դուրս է գրվել զորամաս` հետագա ծառայության: Շուրջ մեկ ամիս անց` 24.11.2010թ., Ժ.Գաբոյանը հոսպիտալացվել է ԵԿՀ-ի հոգեբուժական բաժանմունք:

2010թ. դեկտեմբերի 4-ին Ժ. Գաբոյանի մայրը կրկին դիմել է ՀԽ-ին` հայտնելով, որ որդին չի կարողանում ինքնուրույն քայլել, խնդրել է քննության առնել նրա հետագա զինծառայության նպատակահարմարության հարցը: Հարցի ուսումնասիրման ընթացքում զորամասի հրամանատարը հայտնել է, որ Ժ. Գաբոյանն ունի լրջագույն առողջական խնդիրներ, մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ և, ըստ էության, պիտանի չէ զինծառայության համար: Նույնանման կարծիք են հայտնել նաև զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղեկալը և Ժ. Գաբոյանի ստորաբաժանման հրամանատարը:

21.12.2010թ. ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի նիստում քննության առնելու միջնորդությամբ դիմումը և դրա վերաբերյալ ՀԽ-ի ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի նախագահին:

04.03.2011թ. ՊՆ ԿՌԲՀ-ից ստացված գրության համաձայն, Ժ. Գաբոյանը ԵԿԶՀ-ում ենթարկվել էր ԿՌԲՀ փորձաքննության «Սենսոր դեպրիվացիա /խլության հետ կապված/, ձգձգվող դեզադապտացիոն ռեակցիա: Երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն 1-ին աստիճանի: Ողնաշարի կրծքագոտկային հատվածի աննշան սկոլիոզ՝ առանց ԱՇՖ-ի խանգարման» ախտորոշմամբ, և համաձայն ՊՆ հրամանի 7բ, 63բ, 36գ հոդվածների 1-ին սյունակի` կայացվել էր որոշում` պիտանի չէ զինվորական ծառայության խաղաղ ժամանակ, պիտանի է ոչ շարային ծառայության պատերազմի ժամանակ:

Ընդհանուր առմամբ, Ժ. Գաբոյանը զինծառայության 145 օրերից 114 օրը գտնվել էր հոսպիտալում:

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Սոցիալ-իրավական


30/11/2011