Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Սասունիկը հայկական գյուղ է, որը գտնվում է Արագածոտնի մարզում: Այս փոքրիկ գյուղի պուրակում՝ անմահության հուշակոթողի տակ, հանգչում են համագյուղացիներ, Արցախյան գոյապայքարի ազատամարտիկներ՝ նոյեմբերի 15-ին ծնված Լյովան, նոյեմբերի 16-ին ծնված Գեղազնիկը, նոյեմբերի 17-ին ծնված Հովհաննեսը: Նոյեմբերյան այդ երեք օրերին էլ այգին մարդաշատ է. հավաքվում են գյուղացիներն ու հիշում նրանց, ովքեր փոքրիկ գյուղը հայոց կամքի ու ազգային ոգու տոկունության խորհրդանիշ են դարձրել:

Նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի 60-ամյակի կապակցությամբ հուշակոթող այցելեցին պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողները: Նրանք մասնակցեցին տեղի դպրոցում ՀՀ ազգային հերոսի հիշատակին նվիրված միջոցառմանն ու ռազմագիտության դասարանի անվանակոչման արարողությանը:

Գեղազնիկ Միքայելյանը Արցախյան ազատամարտի նվիրյալ էր, առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներից: Նա ծնվել է 1951թ., Գեւորգ Չաուշի, Մախլուտոյի, Անդրանիկի զինակից Կիրակոսի որդի Արմենակի ընտանիքում, որ յոթ զավակ պարգեւեց հայրենիքին: Գեղազնիկը երրորդն էր, գյուղացիները ասում են՝ անունը շատ էր բնորոշ իրեն` գեղեցիկ, շիտակ, թիկնեղ եւ սլացիկ էր, քաջակորով, ֆիդայու կեցվածքով, համարձակ, երգեցիկ եւ անուշ ձայնով, մշտապես ժպիտը դեմքին: Պատմության ուսուցիչ Հովսեփ Մարգարյանն էլ ասում է, որ իր երեք սաներն էլ հայասեր, թուրքի նկատմամբ անհանդուրժող էին. «Լյովան փոքր էր տարիքով եւ տղաների հետ ընկերացավ շարժման օրերին: Գեղազնիկն ու Հովհաննեսը նույն դասարանում էին սովորում եւ մտերիմ էին: Հիշում եմ՝ 7-րդ դասարանում Տաթեւ էինք գնում էքսկուրսիայի: Հալիձորի ճանապարհին մի աղջիկ՝ պիոներական փողկապը կապած, բարձրացավ ավտոբուս. ադրբեջանուհի էր: Գեղազնիկն ու Հովհաննեսը նյարդայնացան, ասացին՝ թուրքի հետ ճանապարհ չենք գնա: Ես նրանց սաստեցի, իսկ երբ տեղ հասանք, նրանք ինձ հանդիմանեցին՝ թե դասի ժամանակ մի բան եք ասում, բայց դասից դուրս հանդուրժում թշնամու ներկայությունը»,-պատմում է ծեր ուսուցիչն, ու աչքերում արցունքներ են երևում:

Ավարտելով Սասունիկի միջնակարգ դպրոցը` Գեղազնիկը ստանում է գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն: Ստեղծում է համերաշխ ընտանիք` ծնունդով Մոլդովայից Էմիլյայի հետ. «Ծանոթացել ենք Բելագորոդսկում, աշխատում էինք միասին: Երբ ինձ ամուսնության առաջարկ արեց, երկար չմտածեցի, որովհետեւ շատ համակրելի էր թե՛ իր պահվածքով, թե՛ մարդկային որակներով: Մեր ընտանիքում երեք երեխա ծնվեց՝ Ալբերտը, Համլետն ու Անահիտը: Ես ազգությամբ մոլդովուհի եմ, եւ երբ նա գնաց պատերազմ, ասաց՝ մի՛ վախեցիր, եթե զոհվեմ, մեր պետությունը քեզ սատար կկանգնի»,-հիշում է Գեղազնիկի այրին, որ ամուսնու զոհվելուց հետո չլքեց գյուղը եւ մինչ օրս էլ այնտեղ է բնակվում: Դուստրը՝ Անահիտը, ընդամենը մեկ տարեկան էր, երբ հայրը զոհվեց. «Դժվար է մեկ տարեկանում հայր կորցնել, ոչինչ չեմ կարող պատմել նրա մասին, ինձ բախտ չվիճակվեց վայելելու հայրական սիրո բերկրանքը, այսօր հոգիս ջերմացնում են նրա՝ ալբոմներում մնացած նկարներն ու հարազատներիս պատմածները»:

Համաժողովրդական շարժումը թեւավորեց ազնվազարմ սասունցուն, եւ նա առաջիններից էր, որ անդամագրվեց հայրենի հողի սահմանների պաշտպանության գործին: «Նա առաջնորդ էր իր խառնվածքով, խոսքը ոգեւորիչ էր, գոտեպնդող: Գեղազնիկը իր շուրջը հավաքեց ոչ միայն Սասունիկի, այլեւ հարակից շրջանների տղամարդկանց՝ հասավ մինչեւ Գավառ, Սեւան, Մարտունի, աշխարհագրությունը ընդլայնվում էր ամեն օր: Մի անգամ վերադառնում էինք Գորիսից, հասանք Մալիշկա, գյուղը կարծես քարացել էր վախից, մեկ էլ Գեղազնիկը դուրս եկավ մեքենայից, կանգնեց ճանապարհի մեջտեղում եւ սկսեց երգել: Գյուղացիները հավաքվեցին, ոգեւորվեցին, եւ վախը անհետացավ»,-պատմում է մարտական ընկեր Վրեժ Սամվելյանը: Եղբայրը՝ Կիրակոսն էլ ավելացնում է, որ Գեղազնիկը հայրենասիրական երգերը սովորել էր հոր տետրից, որը ժառանգաբար նրան էր մնացել:

Գեղազնիկ Միքայելյանը մասնակցեց Երասխի, Իջեւանի, Ոսկեպարի, Կոռնիձորի ինքնապաշտպանական մարտերին: Կոռնիձորում էլ նրան կնքեցին Չաուշ՝ հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի Գեւորգ Չաուշի անունով: Նա ահաբեկչության զոհ դարձավ 1990թ. Երևանում։ 1996 թվականին Գեղազնիկ Միքայելյանին հետմահու շնորհվեց ՀՀ ազգային հերոսի կոչում:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Բանակ և հասարակություն, Ճակատագրեր


30/11/2011