Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

 

ԱՄՆ-ի Հետախուզության ազգային խորհրդի հրապարակած զեկույցում նշվել են Ռուսաստանի դեմ ուղղված սպառնալիքները

Ապրիլի 8-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ առաջիկա մեկ-երկու տասնամյակում Ռուսաստանը կշարունակի մնալ «կործանարար տերություն, նույնիսկ եթե նրա նյութական հնարավորությունները նվազեն»։

Զեկույցի հեղինակների կարծիքով. «2024 թ. կամ ավելի ուշ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նախագահ Վլադիմիր Պուտինի հեռանալը պաշտոնից կարող է արագացնել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դրության սասանումը, հատկապես, եթե դրան հաջորդի ներքին անկայունություն»։

 

Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրել է իր սահմանների մոտ կենսաբանական զենքի լաբորատորիաներ ստեղծելու մեջ

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Կոմերսանտի» լրագրողին հայտնել է, որ նման ենթադրության համար կան «ծանրակշիռ հիմքեր»։ Նա նշել է, որ հատկապես Ռուսաստանի ու Չինաստանի սահմանների մոտ խաղաղ սանէպիդկայանների անվան տակ ստեղծվում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող լավ պաշտպանված կենսալաբորատորիաներ, որոնց հարակից տարածքներում արձանագրվել են այդ շրջաններին ոչ բնորոշ հիվանդությունների բռնկումներ։

 

ՌԴ արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ին մեղադրել է Սև ծովում ակտիվանալու համար

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ն Սև ծովում, այսինքն՝ Ռուսաստանի սահմանների մոտ, ավելի հաճախակի է զորավարժություններ անցկացնում. միայն 2021 թ. ծրագրված է Ուկրաինայի հետ համատեղ 7 զորավարժություն։ Բացի այդ, ակտիվացել է Ռուսաստանի դեմ օտարերկրյա հետախուզական գործունեությունը թռչող սարքերի և ռադիոէլեկտրոնային միջոցների կիրառմամբ։

 

Ռուսաստանի Կասպիական նավատորմիղը տեղափոխվում է Սև ծով

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 10 դեսանտային և հրետանային ռազմանավեր ու մոտորանավակներ ապրիլի 8-ին սկսել են տեղափոխվել Սև ծով՝ ՌԴ Սևծովյան նավատորմի հետ համատեղ զորավարժությունների մասնակցելու։ Մասնավորապես՝ ստուգվելու է հակառակորդի օդային և ծովային դեսանտի դեմ գործողություններին պատրաստականությունը։

 

Ուկրաինան չհայտարարված զորավարժություն է անցկացրել Սև ծովում

Դրանց պատճառով 6 նավահանգիստներ՝ Խերսոնը, Օլվիան, Չերնոմորսկը, Օդեսան, Յուժնին և Նիկոլաևը, ապրիլի 8-ից սահմանափակել են իրենց աշխատանքը։

 

ԹՈՒՐՔԻԱ

 

ԱՄՆ-ը պատժամիջոց է սահմանել Թուրքիայի դեմ ռուսական «Ս-400» համալիրների գնման համար

Մասնավորապես՝ կարգելվի ԱՄՆ-ից այն ապրանքների արտահանումը, որոնք նախատեսված են թուրքական «SSB» պաշտպանական արդյունաբերության վարչության համար, այդ կազմակերպությունը կզրկվի ավելի քան 10 մլն դոլար ակնկալվող վարկից, թուրք պետական չորս պաշտոնյաներ կզրկվեն ԱՄՆ մուտքի թույլտվությունից, նրանց ակտիվները կարգելափակվեն, իսկ ամերիկյան քաղաքացիներին կարգելվի նրանց հետ ցանկացած գործարք։

 

Թուրքիան սիրիացի վարձկանների նոր խումբ է ուղարկել Լիբիա

380 զինյալներից բաղկացած խմբին Սիրիայից նախ տեղափոխել են Թուրքիա, իսկ այնտեղից՝ Լիբիա. այս մասին ապրիլի 8-ին հայտնել է Լոնդոնի՝ Մարդու իրավունքների պահպանման նկատմամբ մշտադիտարկում իրականացնող սիրիական կենտրոնը։

Վերջինիս տվյալներով՝ սիրիացի զինյալների շրջանում մեծանում է դժգոհությունը, որ նրանց աշխատավարձ չեն վճարում և թույլ չեն տալիս վերադառնալ Սիրիա։

Տարբեր տվյալներով՝ Լիբիայում կա 6600-12000 սիրիացի զինյալ։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

 

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է Ադրբեջանի ԶՈՒ-ի արդիականացման սկիզբը

Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժության ընթացքին առցանց հետևող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ապրիլի 7-ին ասել է, որ արդիականացման նպատակներից մեկը «երկու եղբայրական երկրների բանակների» փոխգործակցության մակարդակի բարձրացումն է։

Ավելի վաղ՝ սույն թվականի փետրվարի 26-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մտադիր է ստեղծել բանակ, որը կլինի «թուրքական զինված ուժերի փոքրացված պատճենը»։

 

Արցախում ադրբեջանցի զինվորականների համար կառուցվում են մոդուլային տեսակի հանրակացարաններ

Բացի դաշտային պայմաններում անձնակազմի կոմպակտ տեղաբաշխման համար նախատեսված և ժամանակակից պահանջներին համապատասխանող, էլեկտրա-, ջրա- և գազամատակարարմամբ ապահովված սենյակներից, դրանցում լինելու են բուժկետ, ճաշարան, խոհանոց, զինասենյակ և բաղնիքասանիտարական հանգույց։ Այս մասին ապրիլի 9-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։

 

Ադրբեջանը սկսել է Խուդաֆերին-Կուբաթլու-Լաչին ճանապարհի շինարարությունը

66 կմ երկարությամբ ճանապարհը միմյանց կկապի Ադրբեջանի երեք շրջանների մի քանի տասնյակ բնակավայրեր, այդ թվում՝ երկու քաղաք։

 

Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) կօգնի Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման գործում

Այս մասին ապրիլի 8-ին Բաքվում հայտարարել է ԻՀԿ-ի գլխավոր քարտուղար Յուսեֆ բեն Ահմեդ ալ-Ուսայմին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ալ-Ուսայմին հայտարարել է նաև, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը «ԻՀԿ-ի անդամ բոլոր մահմեդական երկրների հաղթանակն է»։

ԻՀԿ-ին անդամակցում է 56 երկիր։

 

ԻՐԱՆ

 

Իրանի հետախուզության նախարարությունը երկրի Արևելյան Ադրբեջան գավառում ձերբակալել է Իսրայելի լրտեսի

Այս մասին ապրիլի 6-ին հաղորդել է իրանական «Մեհր նյուս» լրատվական գործակալությունը։ Լրտեսական ցանցի 19 անդամներին ներկայացվել է Իրանի դրամավարկային ոլորտին հարված հասցնելու մեղադրանք, կասկածյալներից առգրավվել է ավելի քան 18 տրիլիոն ռիալի 50000 ստացական։

Ավելի վաղ՝ 2020 թ. օգոստոսին, Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Գոլամհոսեյն Էսմաիլին տեղեկացրել էր, որ օտարերկրյա գործակալները թափանցել են Իրանի արտգործնախարարություն, Ատոմային էներգիայի գծով կազմակերպություն և պաշտպանության նախարարության համար պահեստամասեր արտադրող ընկերություններ։

 

Թուրքիան կարող է միանալ Իրանի և Չինաստանի համընդգրկուն ռազմավարական գործընկերությանը

Սույն թվականի մարտի 27-ին Իրանի և Չինաստանի միջև 25 տարով կնքված «համընդգրկուն ռազմավարական գործընկերության» մասին պայմանագիրը, որը նախապատրաստվում էր 2016 թվականից, անխուսափելիորեն կառաջացնի Պարսից ծոցի արաբական պետությունների, Իսրայելի և ԱՄՆ-ի խորը մտահոգությունը։ Այս կարծիքն է արտահայտել Արևմտյան Ավստրալիայի համալսարանի մահմեդական պետությունների կենտրոնի սոցիալական գիտությունների ադյունկտ-պրոֆեսոր Ամին Սայկալը։

Նա հնարավոր է համարում նաև Թուրքիայի միանալը իրանա-չինական դաշինքին, թեպետ Իրանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցում։ Այս հեռանկարը, փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ի համար միգուցե նույնքան մեծ խնդիր կարող է առաջացնել Մերձավոր Արևելքում, որքան Ռուսաստանը։

 

Իրանն ու Տաջիկստանը համագործակցելու են պաշտպանության ոլորտում

Ստեղծվելու է համատեղ հանձնաժողով, որը կհստակեցնի ռազմական համագործակցության խնդիրները։ Այս մասին ապրիլի 8-ին պայմանավորվել են Իրանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մահամմադ Հոսեյն Բագերին և Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն։

Իրանն ու Տաջիկստանը ձգտում են համատեղ պայքարել ահաբեկչության, ծայրահեղականության և, կապված Աֆղանստանում իրավիճակի հետ, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։

 

ՎՐԱՍՏԱՆ

 

ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի հնարավորությունը

ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Կենտն ապրիլի 8-ին Հարավային Կովկասի վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է, որ Վրաստանի ներքաղաքական կոնֆլիկտը կասկած է առաջացնում երկրում քաղաքական մշակույթի մակարդակի նկատմամբ, հետևաբար, նաև կասկածի տակ դնում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հնարավորությունը։

 

Վրաստանի բնակչության 59 %-ի կարծիքով՝ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ

Այս տվյալներն են ստացվել «Միջազգային հանրապետական ինստիտուտի» սոցիոլոգիական հարցման արդյունքով։ Իշխանությունների քաղաքականությանն աջակցում է բնակչության 30 %-ը, իսկ 11 %-ն այդ հարցում հստակ դիրքորոշում չունի։

 

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #14 (1385) 14.04.2021 - 20.04.2021, Ռազմաքաղաքական


15/04/2021