Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

ԱՄՆ-ը անհանգստացած է Ռուսաստանի ռազմական ակտիվությամբ

ԱՄՆ-ը բարձր աստիճանի մարտական պատրաստության է բերել Եվրոպայում գտնվող իր զորքերը։ Անհանգստության առիթ են դարձել ռուսական կործանիչների և հրթիռակիրների ինտենսիվ թռիչքները միջազգային գոտում, միանգամից 3 ռուսական սուզանավերի մակերևույթ դուրս գալը Արկտիկայում և ռուսական զորքերի շարժը Ուկրաինայի սահմանի երկայնքով։

Ռուսաստանն իր գործողություններն ակտիվացրել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային Ռուսաստանից պաշտպանվելու նպատակով զենքի գնման համար 125 մլն դոլարի հատկացմանը։

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ Ռուսաստանը նախապատրաստում է որոշակի միջոցառումներ, որոնք ուղղված են Դոնբասում ռազմական ներկայության ընդլայնմանը և դեպի Ուկրաինայի տարածքի խորք առաջխաղացմանը։ Գերատեսչության պնդմամբ՝ Մոսկվան պատրաստվում է իր «խաղաղարարական միջոցառումները» աշխարհին ներկայացնել որպես «Ուկրաինայի ԶՈՒ ագրեսիվ գործողությունների» պատասխան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի անվտանգության նոր ազգային ռազմավարությամբ նախատեսվում են քաղաքացիական բնակչության «դիմադրության շարժման» և «տարածքային պաշտպանության» կազմակերպում, ինչի հիման վրա ուկրաինական «Ստրանա» հանդեսը եզրակացրել էր, որ նախագահ Զելենսկին հանձնարարել է բնակչությանը նախապատրաստել պարտիզանական պատերազմի։

Սիրիայում փորձարկվել է ռուսական ԱԹՍ-ի ուղղորդման եզակի տեխնոլոգիա

ՌԴ զինվորականները Սիրիայում փորձարկել են «Ինոխոդեց» նորագույն մարտավարական հարվածային ԱԹՍ-ի՝ ահաբեկիչների օբյեկտների վրա ուղղորդման եզակի տեխնոլոգիա, որը կիրառվում է արդիացված «հՑՐպսպՓ-Ծ» հետախուզության, կառավարման ու կապի կրովի համալիրի օգնությամբ։ Թիրախները խոցվել են մեծ օպերատիվությամբ և ճշգրտությամբ։

Լազերային զենքի տեխնոլոգիաներն արագորեն զարգանում են

Տեսանելի ապագայում լազերային զենքի տեխնոլոգիաները զարգանալու են երկու ուղղությամբ՝ հակառակորդի տեխնիկայի ֆիզիկական ոչնչացման և դրա կառավարման համակարգի խոցման։ Այս մասին ասել է ՌԴ Լազերային ասոցիացիայի նախագահ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Իվան Կովշը։ Նրա խոսքով՝ լազերային ճառագայթով ԱԹՍ ոչնչացնելը ավելի ծախսատար է, քան դրա կառավարման համակարգի շարքից հանելը։ Երկրորդ տարբերակն արդեն լայնորեն ներդրում են աշխարհի առաջատար տերությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը։

Ռուսաստանը 2019 թ. դեկտեմբերից «կպՐպրՉպՑ» լազերային համալիրն օգտագործում է ռուսական հրթիռային համալիրների տեղաշարժերը քողարկելու համար։

 

ԹՈՒՐՔԻԱ

Մերձավոր Արևելքում Թուրքիայի քաղաքականությունը վտանգավոր է հենց իր համար

Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում վտանգավոր է ոչ միայն ուրիշ պետությունների, այլև իր համար։ Մարտի 31-ին միջազգային «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ այս տեսակետն է արտահայտել սիրիական ընդդիմությունը ներկայացնող փորձագետ Կադրի Ջամիլը։ Նա թուրքական նկրտումները որակել է որպես ծավալապաշտական՝ բերելով Սիրիայի հյուսիսային շրջանների զավթման և Լիբիա թուրքական զորք մտցնելու օրինակները։ Նրա խոսքով՝ Թուրքիայի այդ քայլերն առաջացնում են տարածաշրջանի երկրների հակազդեցությունը։

Քննարկմանը մասնակցող մեկ այլ փորձագետ՝ Յուջին Ռոգանը, որը ներկայացնում է Օքսֆորդի համալսարանը, կարծիք է հայտնել, որ Արևմուտքի երկրները կորցնում են իրենց ազդեցությունը Մերձավոր Արևելքում, և նրանց հետագա դերն այդ տարածաշրջանում կախված է այն բանից, թե որքանով կկարողանան հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ճգնաժամը։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը լրտեսների թիրախում է

Մարտի 30-ին Թուրքիայի անվտանգության և հետախուզության ծառայությունների համատեղ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 26 մարդ, որոնք կասկածվում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում լրտեսությամբ (գաղտնի տվյալների վաճառքով) զբաղվելու գործում։ Ձերբակալությունը կատարվել է 5 տարբեր գավառներում։ Կառավարությունը ձերբակալվածներին մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող մահմեդական հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած «գաղտնի ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ։

Սա Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում «վհուկների որսի» առաջին դեպքը չէ. հունվարին ձերբակալվել էր 6 մարդ, իսկ 2018 թ. դեկտեմբերին՝ մի քանի տասնյակ։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ-երը կանցկացնեն հերթական համատեղ զորավարժությունը

Ապրիլի 6-8-ը Ադրբեջանի և Թուրքիայի կապի զորքերի ստորաբաժանումները կանցկացնեն համատեղ մարտավարամասնագիտական զորավարժություն։ Կապավորները դուրս կգան տարաշարժերի (մանևրի) շրջան, որտեղ կկազմակերպեն միասնական կապի համակարգ՝ օգտագործելով կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի արդիական միջոցներ։ Զորավարժության խնդիրներից են զորքերի փոխգործության կազմակերպումը և կառավարման դաշտային կետերի ծավալումը։

Տեղեկատվական պատերազմ Ադրբեջանի և Գերմանիայի միջև

Գերմանիայի ԶԼՄ-ներում վերջերս խիստ քննադատության է ենթարկվում Ադրբեջանը՝ կապված մարդու, մասնավորապես՝ կանանց իրավունքների ոտնահարման հետ։ Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեի կարծիքով՝ Ադրբեջանի դեմ տեղեկատվական այդ պատերազմի պատճառը հակաթուրքական տրամադրություններն են, որոնք ծագել են Գերմանիայում Արցախյան երկրորդ պատերազմից հետո։

Քաղաքական մեկնաբան Էմիլ Մուստաֆաևի կարծիքով՝ Բաքվի և Բեռլինի հարաբերությունները «միշտ էլ հեռու են եղել իդեալականից», իսկ այն, ինչ տեղի է ունենում հիմա՝ «Վկայում է հակամարտության նոր, չափազանց լուրջ փուլի մասին»։

 

ԻՐԱՆ

Ի պատասխան պատժամիջոցների՝ Իրանը շարունակում է իր միջուկային ծրագրի իրագործումը

Ատոմային էներգիայի գծով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մարտի 31-ի զեկույցի համաձայն՝ Իրանը Նաթանզում գտնվող ստորգետնյա գործարանում գործարկել է ուրանի հարստացման համար նախատեսված նոր սերնդի ցենտրիֆուգների նոր խմբաքանակ (կասկադ)։ Եվս երկու կասկադ տեղադրվել են, բայց դեռ չեն գործարկվել։

Ավելի վաղ՝ 2020 թ. վերջին, Իրանում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ Իրանը պարտավոր է շարունակել իր միջուկային ծրագրի իրագործումը, եթե նրան արգելում են ազատորեն նավթ վաճառել կամ կատարել ֆինանսական օպերացիաներ։ Մինչդեռ սույն թվականի մարտի 10-ին ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը հաստատել է, որ ԱՄՆ-ը չի վերացնելու Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

 

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանում կառուցվում է ռազմավարական նշանակության ճանապարհ Ադրբեջանի և Թուրքիայի միջև

Վրաստանում ակտիվորեն կառուցվում է Ռիկոտի լեռնանցքով անցնող ճանապարհը, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թ.։ 51.6 կմ երկարությամբ ճանապարհի վրա կառուցվելու է 96 կամուրջ և 53 թունել։ Նախագծի արժեքն է շուրջ 1 մլրդ դոլար։

Աշխատանքների ավարտից հետո էապես կկրճատվի Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Կարմիր կամրջից մինչև Աջարիայից Թուրքիային սահմանակից Սարպի ճանապարհը. եթե այժմ այդ ուղևորությունը տևում է 8 ժամ, ապա նոր մայրուղով կտևի 4-4.5 ժամ։

Ռիկոտի լեռնանցքով անցնող ճանապարհը մասն է Արևելք-Արևմուտք կամ «E-60» Եվրոպական տարանցիկ ավտոմայրուղու, որն սկսվում է Բրեստում (Ֆրանսիա) և ավարտվում Իրկեշտամում (Ղրղըզստան)։ Վրաստանում այն սկսվում է Ադրբեջանի հետ սահմանից և ավարտվում Սև ծովի ափին, Փոթի նավահանգստի մոտ։ Միջանցքի երկարությունը Վրաստանի տարածքում կազմում է 392 կմ։

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #13 (1384) 7.04.2021 - 13.04.2021, Ռազմաքաղաքական


08/04/2021