Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԱՐՑԱԽ



ՄԵՆՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԱՐՑԱԽՆարինեն ու Սերգեյն արդեն 4 ամիս է, ինչ ձեռք ձեռքի տված դուրս են գալիս բժշկական համալսարանից և միասին ուղևորվում Սերգեյենց տուն։ Զույգն արդեն նշանադրվել է, հարսանիքն էլ սարերի հետևում չէ: Նարինե Արզումանյանը Երևանի պետական բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող է, ծնունդով Արցախի Մարտունի քաղաքից: Դպրոցն այնտեղ է ավարտել եւ բժիշկ դառնալու երազանքն իրականացնելու համար տեղափոխվել է Երևան:

Ապագա սրտաբանը մեծացել է ռազմական բժշկի ընտանիքում և մանկությունն անցկացրել է պատերազմող Արցախում, ծանոթ է ռազմական իրավիճակին, կրակոցներին, որոնք պարբերաբար հնչել են արցախա-ադրբեջանական սահմանին: Սակայն ամեն ինչ տակնուվրա եղավ, երբ սեպտեմբերի 27-ին լսեց նոր պատերազմի լուրը։

Արցախ վերադառնալու միտքը նրան հանգիստ չէր տալիս և հաջորդ առավոտյան մեկնեց հարազատ Մարտունի: Երիտասարդ բժշկուհին նախ տեղի հիվանդանոցում, հետո Ստեփանակերտում օգնում էր հիվանդներին, շտապօգնության մեքենայով վիրավոր զինծառայողներին ուղեկցում Երևան։

-Ապշած էի երիտասարդ զինվորների քաջությունից, համառությունից, ցավերին դիմանալու կամքից  և ուժից: Այլ բան է կարդալ գրքերում, այլ բան է, երբ քո աչքերով ես տեսնում  այդ ամենը, երբ արնաքամ են լինում, երբ իրենց կյանքին ուղղակի վտանգ է սպառնում, բայց ձգտում են օր առաջ գնալ մարտադաշտ,- ասում է Նարինե Արզումանյանը:

Նույն հպարտության զգացողությունն է ունեցել նաև ապագա ուրոլոգ Սերգեյ Արամյանը։ Սերգեյը նույնպես սեպտեմբերի 27-ին կամավորագրվել և ընկերոջ հետ մեկնել է Արցախ:

-Զինվորներից մեկի ոտքերում 4-5 բեկոր, բայց ասում է՝ մի բան արեք, փաթաթեք, գնամ ընկերներիս մոտ: Ընկերներս կռվում են, ոնց կարող եմ ես մնալ այստեղ,- հիշում է Սերգեյ Արամյանը:

Առաջին օրը Ստեփանակերտում աշխատելուց հետո տեղափոխվում են Մարտունու հիվանդանոց:

Եվ հենց այստեղ էլ կայանում է Սերգեյի և Նարինեի ճակատագրական հանդիպումը։

-Սեպտեմբերի 29-ին էլի վիրավորների բերեցին, ես ու ընկերս տեղափոխեցինք հիվանդանոց, որտեղ էլ Նարինեին տեսա: Դուրս եկա ու ընկերոջս ասացի, որ ես էլի հետ եմ գալու հիվանդանոց… Նարինեին տեսնելու համար ամեն օր մի պատճառ գտնում էի,- անկեղծանում է Սերգեյը:

Այդ օրվանից Նարինեն ու Սերգեյն անբաժան են, ասում են, որ միասին ապրած դժվարությունները ստիպեցին իրար ավելի լավ ճանաչել, ցավի ու հույսի մեջ անմիջապես մտերմանալ և ի վերջո սիրել ու սիրվել։ Պատերազմն իր ամբողջ ողբերգականությամբ բազմապատկել էր հույզերն ու պայքարի կամքը, զինվորներից իրենց փոխանցվող ցավն ու այն դարմանելու ներքին ուժը։

-Պատերազմի օրերին ավելի սիրեցի ու գնահատեցի իմ մասնագիտությունը: Հասկացա, որ տասնութ տարեկան, նոր կյանք մտնող տղաների կյանքը նաև ինձնից է կախված,- ասում է Սերգեյը:

-Ողղակի համոզվեցի, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել ու այսուհետ միայն ավելի մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեմ մասնագիտությանս ու ավելի շատ կսովորեմ,- ապագա ամուսնու խոսքն է շարունակում Նարինեն

-Մասնագիտության մեջ առավել կատարելագործվելուց հետո անպայման վերադառնալու ենք մեր ծննդավայր և մեր գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու ենք Արցախ աշխարհին, հավաստիացրին Սերգեյն ու Նարինեն:

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուս.՝ ՖԵԼԻՔՍ ՇԱԽՏՈՅԱՆ

Խորագիր՝ #10 (1381) 17 ՄԱՐՏԻ 2021 - 23 ՄԱՐՏԻ 2021, Բանակ և հասարակություն


18/03/2021