Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԾՆՈՒՆԴ ԷՐ ՓԱՌԱՀԵՂ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ



ԾՆՈՒՆԴ ԷՐ ՓԱՌԱՀԵՂ ՈՒ ԳԵՂԵՑԻԿ29 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 28-ին, ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։

29 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 28-ին, կազմավորվեց ՀՀ զինված ուժերի անդրանիկ ստորաբաժանումը։

Հայոց բանակի ծնունդը գրանցվեց պաշտոնապես…

Եվ ծնունդ էր դա փառահեղ ու գեղեցիկ եւ այնքան նման դյուցազնական հերոս Վահագնի ծնունդին, միայն թե՝ «ընդ եղեգան փողից» չէր, որ «բոց ու ծուխ ելաներ», այլ միանգամայն իրական  ինքնաձիգի ու հրանոթի փողից, ձեռամբ նորօրյա Վահագնների, Տիգրան Մեծերի, որ Վարդան էին ու Գարեգին, Գեւորգ ու Թաթուլ, Դավիթ, Հովհաննես, Պետրոս, Մովսես ու էլի՛, էլի՛ անուններ, որոնք, Վարդանանց պատմությունն անող Եղիշեի խոսքով` «Միեւնույն հոժար սիրտն ունեին եւ առհասարակ միեւնույն զենքով էին զինվորված»:

«Միեւնույն զենքով», որը սերն էր առ հայրենիք ու ազատություն, եւ ցասումն էր անարդարության դեմ, եւ արդար վրեժի զգացումն էր թափված արյան, զրկանքների ու նվաստացումների համար։ Եվ՝ «միեւնույն հոժար սրտով», որովհետեւ կռիվը բոլորինն էր, եւ բոլորը հոժարակամ էին գնացել կռվի դաշտ եւ միակամ էին ու միասնական։ Կամավորականներ էին, ազատամարտիկներ, երկրապահներ, եւ Սպարապետը հետո կասի. «Երկրապահի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ նա իր մարմնով, իր արյամբ ծածկեց հանրապետության սահմանները եւ իր արյունով հնարավորություն տվեց, որ երկրում բանակ ստեղծվի»։

ԾՆՈՒՆԴ ԷՐ ՓԱՌԱՀԵՂ ՈՒ ԳԵՂԵՑԻԿՍտեղծվեց, եւ Արցախյան ազատամարտը դարձավ նրա ձեւավորման քուրան։ Դժվարին եւ միաժամանակ հերոսական երկունքը  մոտենում էր զարկ առ զարկ, գրոհ առ գրոհ, հաղթանակ առ հաղթանակ։ Արձանագրված է, եւ մենք կարող ենք ստույգ վերականգնել պատմական պահը. 1992 թ. մայիսի 8-ին էր, երեկոյան, հայոց բանակի մեծ ծննդի վավերացումից ուղիղ 20 օր առաջ, հայկական ինքնապաշտպանական ուժերի մարտական տարերքը ծավալվում էր  «իններորդ ալիքի» ուժով, եւ Սպարապետը  հայտարարեց. «Այն, ինչ կատարվում է Արցախում, հրաշք է»:

Հայոց բանակի ծնունդը եղավ պատերազմի փորձությունների եւ պետական շինարարության առաջին ծանր, պատասխանատու քայլերի մեջ միաժամանակ։ Պետություն եւ բանակ. ազգային մեծ երազանքի իրականացումն էր դա, որ ուժերի գերլարում էր պահանջում, հավաքական կամք, միասնական ոգի։ Զրկելով իրեն՝ ազգն իր բանակին, ինչպես ծնողը՝ հարազատ զավակին, տալիս էր իր վերջին հնարավորությունը, ամենը, ինչ ուներ եւ կարող էր  տալ։ Եվ դարձավ այդ բանակը հպարտության ու ոգեւորության աղբյուր։

Մեծն Թումանյանը … Ամենայն հայոց բանաստեղծն էր՝ ամենայն հայոց ճակատագրով իմաստնացած, իր ժողովրդի գոյատեւման դարավոր խորհուրդն իր մեջ առած, միս ու արյուն դարձրած հավաքական մի ոգի, եւ ի՜նչ մեծ երազանք էր փայփայում հզոր պետություն եւ հզոր բանակ ունենալու մասին։ Մի բանաստեղծություն ունի՝ «Հայկական բանակը», թվագրված է 1920, փետրվարի 19-ը, Թիֆլիս։ Ըստ չհաստատված լուրերի՝ նույն ժամանակ էլ տպագրվել է «Բանակի օր» մեկօրյա թերթում, որը մեզ չի հասել, բայց մեզ է հասել բանաստեղծության ինքնագիրը եւ տասնամյակներ անց տպագրվել «Հայրենիքի ձայն» թերթի 1989 թ. նոյեմբերի 1-ի համարում։

Ազգային զարթոնքի շրջանն էր, եւ Թումանյանի բանաստեղծությունը պետք եղավ։ Պետք է նաեւ այսօր՝ հասկանալու, թե իր ժողովրդի համար ճակատագրական ժամանակներում հայ մարդն ինչպիսին է կամեցել տեսնել հայկական բանակը։ Բանաստեղծությունը հզոր, անսասան բանակ ունենալու նրա մեծ երազանքի արտահայտությունն է.

– Ո՞վ է կանգնած լեռների հետ

Էն հզորը անսասան,

Ծածանում է գլխին վետ-վետ

Իր դրոշը սրբազան։

Հարց է տալիս Թումանյանը եւ  ինքն էլ պատասխանում.

Էն Սասունցի Դավիթն է հին,

Մըսրա շղթան խորտակել,

Թուր-Կեծակին իրեն ձեռին՝

Լույս աշխարհ է դուրս եկել։

Այսպես ամբողջ բանաստեղծությունը, որ այն ժամանակներում, այո՛, Թումանյանի մեծ երազանքի արտահայտությունն էր, հաղթական բանակ ունենալու իղձը, որ իր ժողովուրդը տասնամյակներ անց դարձնելու էր իրականություն։

Հայկական բանակը ծնվեց հաղթանակից։ Այդ հաղթանակը կռեցին եւ կոփեցին նրանք, ովքեր ընկան քաջի մահով, ու նրանք, ովքեր, երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի խոսքով, «մահը խափանեցին հաղթությամբ»։ Պարզ, հասարակ տղաներ էին նրանք, ե՛ւ աղջիկներ, ե՛ւ կանայք, ե՛ւ արդեն տարիքավոր այրեր, սովորելու էին, ընտանիք էին կազմելու, տուն ու թոռ էին պահելու, բայց գնացին կռվելու, որովհետեւ հայրենական հող ու ազգային արժանապատվություն ունեին պաշտպանելու, հիշատակներ ունեին պահպանելու, եւ հայրենիքի կանչը նրանց համար որպես պատգամ հնչեց։ Քաջազուն նախնիներից եկող, դարերով անցած եւ երբեք չմարած պատգամը՝ ի զեն, եթե հողդ վտանգված է։ Քո սրբազան հողը…

Հայկական բանակը ծնվեց՝  պաշտպանելու արյամբ ու մաքառումներով սրբագործված այդ հողը։ «Սահմանք քաջաց՝ զէնն իւրեանց»:

Հայոց բանակն այսօր 29 տարեկան է:  Բանակն օրորոց չունեցավ՝ խրամատում ծնվեց, գրոհների մեջ, սահմանների պաշտպանության դիրքում, զենքը ձեռքին։

«Լեռների չգրված օրենքների առաջին կետում նշված է՝ եղիր քո օջախի, քո տան, քո երկրի պաշտպանը։ Քո կյանքը թանկ է, բայց ավելի թանկ չէ հայրենիքի պատվից», Զորավար Համազասպ Բաբաջանյանի խոսքն է։

Հայոց բանակը մեր ժողովրդի կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է, նրա հպարտության առարկան, անվտանգության երաշխիքը։ Երբ ստեղծվում էր նրա անդրանիկ  ստորաբաժանումը՝ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե հայրենասեր տղաներից բաղկացած ստորաբաժանումը ինչպես է դառնալու ժամանակակից բանակ:

Հայոց բանակը մեր անկախ պետականության խորհրդանիշներից մեկն է, պետության եւ ժողովրդի ջանքերի անդուլ համատեղման, համաձուլման փայլուն արդյունքը։

 

ՆՈՐԱՅՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #10 (1381) 17 ՄԱՐՏԻ 2021 - 23 ՄԱՐՏԻ 2021, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


18/03/2021