Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-114



ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-114

Կապուտաչյա հայրենիք

 

/հատված/

 

…Օ՜, իմ հեռո՜ւ, կապուտաչյա՛ սիրուհի,

Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ…

Օրերում այս տառապանքի ու մահի

Վառել է իմ սիրտը հեռու մի կրակ։

Օրը կգա։ Ու հեռավոր դաշտերից

Մեր հնձվորները, հոգնաբեկ, կգան տուն։

Կբոլորեն սեղանի շուրջը նորից

Ու կլինի հազա՜ր ծիծաղ ու խնդում։

Ու խնջույքում, աներևույթ դու կգաս,

Սիրտս կզգա քո թովչությունը մոտիկ.

Եվ չես լինի դու արնավառ մի երազ,

Ու կխնդան քո զավակներն անոթի…

Կտեսնեն քեզ հանկարծ լուսե՜ ու պայծառ

Ու կլինես դու հարազատ ու անուշ։

Մութը կանցնի ու մառախուղը անծայր

Հուշ կդառնա, հնամենի մի զրույց…

 

1915 թ.

 

 

Վահագն

 

Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար…

Հ. Հովհաննիսյան

 

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,

Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա,

Որ ծիծաղում ու քրքջում են նրանք

Արնաքամ ընկած դիակիդ վրա:

Թե մի՞ֆ էիր դու… Եկան, երգեցին

Մի հին իրիկուն գուսանները ծեր,

Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՛ն,

Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:

Եվ հավատացինք, հարբած ու գինով,

Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –

Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով

Մեր երկիրը հին դարձրին փոշի…

Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,

Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –

Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան

Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

 

1916 թ.

 

Մահվան տեսիլ

 

Որպես լքված թավջութակի ձգված մի լար`

Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.

Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.-

Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։

Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես

Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի –

Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ

Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։

Կանգնել են, լուռ իրար կքած, փայտեր երկու,

Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,

Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում

Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:

Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,

Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,

Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան

Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:

Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,

Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,

Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ –

Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:

Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան –

Ու լուսավոր առավոտները իմ հոգու

Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ,

Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու։

Գուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար

Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,

Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար

Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…

 

Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,

Իմ երգիչի երազներով ու հրերով,

Անհրապույր իմ օրերի երգով մթար

Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-

Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,

Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-

Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ

Ու օրորվեմ` եղերական ու անբասիր…

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.

Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,

Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։

Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի

Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

 

1920 թ.

 

 

Նաիրի երկրից

 

/հատված/

 

…Ու կանգնել եմ ես՝

Լեռների վրա իմ ավեր երկրի,

Կանգնել եմ հաստատ ու երգ եմ ասում…

 

Ե՛ս – ե՛ս եմ նորից.-

Դարերից եկած անհո՜ւն մի պոետ-

Եղիշե Չարենց-

Նաիրի երկի՛ր, քո երգիչը վառ,

Օրհներգուն պայծառ

Ու զավակը մեծ…

 

Ե՛ս – ե՛ս եմ նորից.-

Ոսկի երակը հնամյա ցեղիս,

Իմ ջլաբազուկ, հաղթ ժողովրդի

Օղակը վերջին,

Տվել եմ սիրտս գալիք օրերի

Երկաթե երգին,

Կապել եմ կյանքս Գալիքի հետ վառ-

Եվ կրում եմ իմ մեծ, հսկա սրտում-

Մի երկաթակուռ, նո՜ր, հզո՜ր աշխարհ…

 

1920 թ.

Խորագիր՝ #10 (1381) 17 ՄԱՐՏԻ 2021 - 23 ՄԱՐՏԻ 2021, Հոգևոր-մշակութային


18/03/2021