Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ



ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐՀունվարից մեկնարկել է «Նոր էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը, որի նպատակը 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած 18-30 տարեկան երիտասարդներին աջակցելն է: Նախագծի անդամները կիրականացնեն մասնագիտական կողմնորոշման, ուսուցման և զարգացման ծրագրեր, որոնք կօգնեն երիտասարդներին վերաիմաստավորելու սեփական ներուժն ու հնարավորությունները։

Նախաձեռնության շնորհիվ 1000 երիտասարդի հնարավորություն է ընձեռվելու  նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերել եւ աշխատաշուկա մուտք գործել։

«Նոր էջ» նախագիծը նախաձեռնել եւ մշակել է «Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիան» «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ։

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐՄարտի 10-ին «Կոնգրես» հյուրանոցում անցկացվեց «Նոր էջ» ծրագրի փակագծերի բացում» միջոցառումը, որին ներկա էին   բիզնես ընկերությունների ներկայացուցիչներ, կազմակերպիչներ, մարդկային ռեսուրսների ոլորտի տարբեր մասնագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ելույթով հանդես եկավ «Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի» նախագահ եւ «Նոր էջ» ծրագրի նախաձեռնող Արփի Կարապետյանը, որն իր խոսքում նշեց, որ թեեւ նախագծում նշված է, որ պետք է մասնակցեն 1000 երիտասարդ, բայց այդ թիվն արդեն հատել է հազարի սահմանը, եւ դիմողների թիվը օր օրի ավելանում է:

«Շատ կարևոր է, որ այդ թվին զուգահեռ աճի նաև իրենց միացող գործատուների թիվը»,- նշեց բանախոսը:

Նախագծին մասնակցելու հայտերը լրացվում են առցանց: Մասնակիցներն անցնելու են հարցազրույց, ինչը կպարզի նրանց հետաքրքրությունների շրջանակը եւ կարողությունները։

Արփի Կարապետյանը նշեց, որ պատերազմի մասնակից շատ երիտասարդներ մասնագիտական կողմնորոշում դեռեւս չունեն, քանի որ դպրոցն ավարտելուց հետո բանակ են զորակոչվել, իսկ զորացրվելուց հետո դժվարանում են մասնագիտության կողմնորոշման հարցում: Շատերը տիրապետում են որեւէ արհեստի, բայց հայտնի իրադարձություններից հետո դժվարանում են կողմնորոշվել…

Պիտի հասկանանք, թե ինչ են ուզում պատերազմից վերադարձած մեր հերոսները եւ փորձենք ուղղորդել նրանց»,- նշեց Արփի  Կարապետյանը։

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐՆախաձեռնության կազմակերպիչն իր խոսքում նաև նշեց, որ իրենք ոչ թե աշխատանք են տալու երիտասարդներին, այլեւ փոխանցելու են հմտություններ եւ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում, իսկ մնացածն աշխատող-գործատու հարաբերությունների դաշտում է լուծվելու։ «Գործընթացն ավելի  հեշտացնելու համար հարցում ենք անում գործատուներին, ճշտելու՝ ինչ հաստիքներ կան, որոնք կարող են տրամադրել, եւ պետք է նշել նաեւ՝ ինչ հմտություններ են պետք այդ հաստիքի համար։ Այնուհետև մեր ունեցած տեղեկատվությունը   քարտեզագրվում է. մի կողմից ունենք զինվորներ, որոնց ցանկությունները, հմտություններն ենք չափաբերում, մյուս կողմից ունենք գործատու, որն ասում է՝ ես այս մասնագետի կարիքն ունեմ: Արդյունքում ծնվում են զարգացման ծրագրերը»,- ասաց Արփի Կարապետյանը։

Նախագծի իրականացնողներից մեկը՝ Արթուր Ազիզյանը, նշեց, որ սա լայնածավալ աշխատանքի ընդամենը մի մասն է, և ամբողջ գործընթացը լրջորեն մտածվել, նախագծվել և իրականացվում է տարբեր ոլորտների հմուտ մասնագետների կողմից:

Նախագիծը դեռեւս առաջնային փուլում է, մշակվել է գործիքակազմը, մինչեւ ապրիլի կեսը ամբողջ տեղեկատվությունը կհավաքագրվի՝ մարզիչներ, կազմակերպիչներ, վարպետներ, այնուհետև կլինի վերլուծություն՝ ում ինչ է պետք:  Հաջորդիվ ուսուցման փուլն է։

«Նախագծին միացել են 105 գործատուներ, սակայն նշաձողը 500-ն է։ Նամակներ ուղղել ենք 1000-ից ավելի գործատուների։ Նրանց ուղարկված հարցաթերթիկներում նշվելու է նաեւ՝ արդյոք կարո՞ղ են աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, եւ ի՞նչ պայմաններով»,- ելույթի վերջում նշեց տիկին Կարապետյանը:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #10 (1381) 17 ՄԱՐՏԻ 2021 - 23 ՄԱՐՏԻ 2021, Բանակ և հասարակություն


18/03/2021